Trmzk.ru–ն ներկայացրել է կարճ աշխարհաքաղաքական գնահատական կապված Կապանում Իրանի հյուպատոսության բացման հետ:
Կապանում բացվել է Իրանի հյուպատոսությունը։ Բացման արարողությանը Իրանի գլխավոր հյուպատոսն ասել է, որ կապանցիներն անհանգստանալու ոչինչ չունեն։
«Կապանցիներին խորհուրդ եմ տալիս չանհանգստանալ, մենք այստեղ ենք հանուն հայ ժողովրդի»,- ասել է իրանցի դիվանագետը։ Հնարավորություն եղել է և կլինի այդ հայտարարությանը և ընդհանրապես Իրանի քաղաքականության հանգամանքներին անդրադառնալու համար: Հատկանշական է այն, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարություն է տարածել, որը փաստացի կարելի է համարել Թուրքիայի պատասխանը Իրանի «կապանյան» քայլին։ Ադրբեջանից վերադառնալու ճանապարհին, որտեղ նա մեկնել էր մասնակցելու Զանգելանի օդանավակայանի բացմանը, որը ժամանակավորապես գտնվում է Բաքվի վերահսկողության տակ և նպատակաուղղված է Իրանի հյուսիսային շրջանների թուրք-իսրայելական անեքսիայի երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը, Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան գլխավոր հյուպատոսություն կբացի Շուշիում, որը վերջին պատերազմի արդյունքում նույն Անկարայի ակտիվ աջակցությամբ է անցել Ադրբեջանի վերահսկողության տակ։
Էրդողանի հայտարարությունը վկայում են այն մասին, որ Թուրքիան գործնականում փորձում է ցույց տալ, որ Շուշին գտնվում է իր՝ թուրքական, վերահսկողության տակ, և ոչ թե Բաքվի։ Իհարկե, դա որպես պատասխան Իրանի «կապանյան» քայլին տեսնելը ավելի մեծ խնդրի միայն մեկ շերտ է։ Նման «պատասխան» ձևակերպելու Թուրքիայի ցանկությունը կարող է վկայել նաև այն մասին, որ Անկարան դիտարկում է Կապանում Իրանի հյուպատոսություն բացելու հարցը ոչ միայն իրանական կամ նույնիսկ հայ-իրանական, այլ նաև ռուս-իրանական համագործակցության կամ գուցե նույնիսկ դաշնակցային տրամաբանության համատեքստում։
Չպետք է բացառել, որ Սյունիքում Իրանի հյուպատոսության բացումը քայլ է, որը քննարկվել ու համաձայնեցվել է ոչ միայն Երևանում, այլ նաև Մոսկվայում։ Եվ այդ քայլը, անշուշտ, տեղավորվում է ռուս-իրանական գործընկերության համատեքստում, որը վերջերս լայն զարգացում ու խորը բնույթ է ստացել, և ԱՄՆ-ն արդեն մտահոգություն է հայտնել այդ կապակցությամբ։ Ավելին, մինչև տարեվերջ հավանական է համարվում Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ, ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրումը, որը կենթադրի բազմոլորտ համագործակցության արձանագրում 20 տարի ժամկետով։
Հենց այդ ֆոնին է հնչում Թուրքիայի մտադրությունը Շուշիի նկատմամբ այն ակնկալիքով, որ Իսրայելը, ԱՄՆ-ը, Պակիստանն ու Անգլիան կշտապեն պաշտպանել Էրդողանին։
Հավանաբար Թուրքիան նաև կփորձի համոզել Պուտինին հրաժարվել Հայաստանի և Իրանի պաշտպանությունից։
Աստված մեծ է, կապրենք ու կտեսնենք:
Կամո Խաչիկյանը