Սերժ Սարգսյանը հունվարի 19-ին ներկայացրեց Հայաստանի նոր նախագահի թեկնածուին, որպեսզի շեղի հանրությանը թանկացումների դեմ ԵԼՔ դաշինքի նախաձեռնած երթից: Մոտավորապես այդպիսի մեկնաբանություն էր արել դաշինքի առաջնորդներից մեկը, երթից մի քանի ժամ առաջ, խոսելով նախագահի նոր թեկնածուի ներկայացման մասին:
Թե ու՞մ կարողացավ շեղել այդ «հնարքով» Սերժ Սարգսյանը ԵԼՔ-ի երթից, երբ դաշինքը մշտապես խոսել է նաեւ իր ընտրազանգվածի ինտելեկտուալ լինելու մասին, բնականաբար դժվար է ասել: Բայց Արմեն Սարգսյանի թեկնածության ներկայացման «ստվերում» մնաց ոչ միայն ԵԼՔ-ի երթի այսպես ասած տեղեկատվական մասը, այլ նաեւ դրանից առաջ տեղի ունեցած մի ոչ պակաս, իսկ գուցե ավելի ուշագրավ իրադարձություն՝ էներգետիկայի նախարարի հրաժարականը:
Ունե՞ր Սերժ Սարգսյանն այդ հրաժարականը ստվերելու նպատակ, թե ոչ, դարձյալ դժվար է ասել, սակայն հունվարի 18-ին տեղի ունեցած հրաժարականը մնաց աննկատ:
Մինչդեռ խոսքը մի ոլորտի մասին է, որը ոչ միայն ռազմավարական նշանակություն ունի ցանկացած պետության, առավել եւս Հայաստանի համար, այլ ունի նաեւ էական նշանակություն ազգային անվտանգության համալիր շրջանակով: Միեւնույն ժամանակ, հրաժարականը տեղի ունեցավ մի ժամանակահատվածում, երբ օրինակ խորհրդարան էր ներկայացվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ գործակցությամբ մշակված էներգետիկ շուկայի ազատականացման հայեցակարգը: Դրանից բացի, Աշոտ Մանուկյանը դիտարկվում էր Կարեն Կարապետյանի թիմի անդամ, համենայն դեպս մեկն էր այն «տեխնոկրատներից», որոնք նրա վարչապետ նշանակվելուց հետո տարբեր մասնավոր ընկերությունների մենեջերական կարգավիճակից անցան նախարարի քաղաքական կարգավիճակի:
Ավելին, հետագայում էլ Կարեն Կարապետյանի հետ գրեցին ՀՀԿ-ին անդամակցելու դիմում:
Անկասկած է, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի հրաժարականը իր մեջ պարունակում է բազմաշերտ պոտենցիալ: Թե հատկապես ինչ պատճառ կամ շարժառիթ է գերակշռել դրանում, առայժմ կարծես թե այնքան էլ նշմարվող չէ: Ի դեպ հետաքրքիր է նաեւ, որ նախարարը հրաժարական է տալիս նախագահի թեկնածուի մատուցման շեմին: Ուղիղ կապ այդ ամենի մեջ չկա, սակայն եթե իրավիճակը դիտարկվում է իշխանական վերադասավորումների լայն համատեքստում, ապա նկատելի է, որ Արմեն Սարգսյանի կալիբրը մրցակցային կալիբր է Կարեն Կարապետյանի համար, բոլոր իմաստներով:
Ստացվում է, որ Արմեն Սարգսյանի «մուտքին» նախորդում է Կարեն Կարապետյանի «մուտքով» կառավարություն մտած նախարարի, նրա թիմակից համարվող գործչի հրաժարականը:
Առայժմ կարծես թե բավական պասիվ է նաեւ նոր նախարարի թեկնածության շուրջ մամուլի «արտահոսքերի» ընթացքը: Կարծես թե հիմնականում շոշափվել է վարչապետի փեսայի՝ փոխնախարար Հայկ Հարությունյանի անունը, որն ինքը հերքել է, թե կփոխարինի նախարարին:
Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ներառում է ոլորտներ, որոնք հայաստանյան տնտեսության հիմքն են, քանի որ էներգետիկ ենթակառուցվածքներից բացի, նախարարությունը նաեւ ներառում է հանքարդյունաբերության ոլորտը:
Ի դեպ, այստեղ հետաքրքիր է այն, որ այս ոլորտում առնվազն որոշ ժամանակահատված առաջ գործուն հետաքրքրություն ու մասնակցություն ուներ Արմեն Սարգսյանը, որը Ամուլսարի հանքի ծրագրի ներդրողներից մեկն էր: Սարգսյանը հետագայում դուրս եկավ այդ ծրագրից:
Հայաստանի էներգետիկայում գլոբալ առումով կա մի խնդիր՝ էներգետիկ անկախության խնդիրը: Ընդ որում, դրա վերաբերյալ որոշակի ուշագրավ մտքեր էին հնչել նաեւ վարչապետ Կարապետյանի տարեվերջյան հարցազրույցում, որին ներկա էին նաեւ մի քանի նախարար, այդ թվում Աշոտ Մանուկյանը:
Նա ի դեպ խոսել էր այն մասին, որ Տեսլա ընկերության հետ բանակցություն է վարվում Հայաստանում արեւային էներգիայի կուտակիչ կայան կառուցելու մասին, ինչը առանցքային խթան կարող էր լինել արեւային էներգետիկայի զարգացման գործում: Հնչել էր հարց, թե արդյոք այդ ամենը չի հակասում Գազպրոմի շահին: Վարչապետ Կարապետյանն էլ պատասխանել էր, թե շուկա է, մրցակցություն, եւ «գազավիկները» պետք է մտածեն իրենց վաղվա օրվա մասին:
Արդյոք «գազավիկները» մտածեցին վաղվա օրվա մասին այնպես, որ իր վաղվա օրվա մասին մտածելու կարիք ունեցավ էներգետիկայի նախարարը: Եվ արդյոք դա կարող էր ի թիվս ավելի վերեւում շոշափված տարատեսակ տնտեսա-քաղաքական ներքին ու արտաքին շարժառիթների, ներառել նաեւ այն, որ նախարարի հրաժարականը ինչ որ իմաստով կարող էր լինել Գազպրոմի դժգոհությունը Կարեն Կարապետյանից, ակնարկով, որ Հայաստանում ոչ թե Գազպրոմը պետք է մտածի իր վաղվա օրվա մասին, այլ Կարեն Կարապետյանը՝ եթե համարձակվի այդպիսի խորհուրդներ տալ «գազավիկներին», նրանց շահերը պաշտպանելու փոխարեն:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
http://www.lragir.am/index/arm/0/comments/view/168794
- Anasayfa
- »
- Ermenistan
- »
- Մի ուշագրավ հրաժարական, որ ծածկեց Արմեն Սարգսյանը
Մի ուշագրավ հրաժարական, որ ծածկեց Արմեն Սարգսյանը
237 0

Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.