Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը զարմացած է այն փաստից, որ շատերը Հայաստանում ոգևորվել են Նիկոլայ Բորդյուժայի դեկտեմբերի 30-ի հայտարարությունից, որը ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղարն արել էր Չինարի գյուղի պաշտպանական դիրքերի վրա ադրբեջանական զինուժի կատարած դիվերսիոն հարձակման կապակցությամբ: Բորդյուժան իր հայտարարության մեջ օգտագործել էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառակապակցությունը, որից հետո սկսվեցին քննարկումներն այն մասին, թե ՀԱՊԿ-ը փաստացի ճանաչել է ԼՂՀ-ն:
«ՀԱՊԿ քարտուղարությունը խիստ մտահոգությամբ է ընդունել տեղեկությունը Հայաստանի Հանրապետության Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած զինված միջադեպի առնչությամբ: ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այս գործողությունները դիտարկում ենք որպես սադրանք՝ մասնավորապես այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բավականին ծանր միջադեպի ֆոնին, որի ժամանակ կիրառվեց ծանր զրահատեխնիկա»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ:
Մինչդեռ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ Բորդյուժան իրականում այդ քայլով շեղել է բոլորի ուշադրությունը ՀԱՊԿ-ի անգործությունից՝ խնդիրը տանելով այլ դաշտ և Հայաստանի դեմ կատարված ուղղակի հարձակումը կապելով Ղարաբաղյան հակամարտության հետ, ինչից հետո իրենք արդեն կարող են հայտարարել, թե ՀԱՊԿ-ի խնդիրը չէ Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվելը:
– Պարոն Գրիգորյան, Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը այդպես էլ չստանձնեց Հայաստանի ներկայացուցիչը ռոտացիայի սկզբունքով: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները 2017թ. հունվարից կկատարի արդեն նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
– Հարցն, ըստ էության, երկու մասից է բաղկացած, առաջինը՝ ինչո՞ւ Հայաստանին թույլ չտվեցին ստանձնել այդ պաշտոնը, և երկրորդը՝ ինչո՞ւ նշանակվեց Բորդյուժայի տեղակալը: Տրամաբանական կլիներ, որ Բորդյուժայի լիազորությունները երկարաձգվեին մինչև ապրիլ ամիս, որպեսզի ապրիլին կայանալիք ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին նոր որոշում ընդունվեր: Ես կսկսեմ երկրորդ հարցից: Ի վերջո, նախորդ տարի Բորդյուժայի լիազորությունների ժամկետն ավարտվել էր, բայց որոշում ընդունվեց երկարացնել այն մեկ տարով: Որքան ես գիտեմ՝ Բորդյուժայի առնչությամբ լուրջ առարկություններ ուներ Ղազախստանը, որը դեմ էր, որ նա շարունակի պաշտոնավարել: Ինչպես հիշում եք, հոկտեմբերին Բորդյուժան հայտարարեց, թե իբր Ղազախստանի նախագահն էր դեմ ՀՀ ներկայացուցչի նշանակմանը: Որքան հասկանում եմ Ղազախստանի պաշտոնական դիրքորոշումը, ղազախները դեմ չէին, ճիշտ հակառակը՝ իրենք կողմնակից են, որ ռոտացիոն մեխանիզմը սկսի աշխատել, և քանի որ Բորդյուժան նման հայտարարություն արեց, որը համաձայնեցված չէր ղազախների հետ, նրանք դժգոհ էին և չէին ուզում, որ Բորդյուժան շարունակի պաշտոնավարել:
Երկրորդը՝ բազմիցս ասել եմ և ուզում եմ կրկնել՝ ժամանակը ցույց է տալիս, որ ՀԱՊԿ-ում Ադրբեջանի ազդեցությունը ավելի մեծ է, քան Հայաստանի ազդեցությունը: Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ չէ, բայց ազդեցությունը ավելի ուժեղ է, քանի որ վերջին տարիներին շատ լուրջ զարգացումներ եղան հետխորհրդային տարածքում, ու ՀԱՊԿ երկրների շահերն այսօր չեն համընկնում: Ի վերջո, մենք ՀԱՊԿ-ի անդամ պետություն ենք 1992-ից և չենք կարող ասել, որ նախկինում մեծ տարբերություններ կային երկրների մոտեցումներում: Զարգացումները այն եղան, որ նույն Ղազախստանը, Ղրղըզստանը և Բելառուսը սկսեցին ակտիվորեն աշխատել Ադրբեջանի, Թուրքիայի հետ, և դա ի վերջո բերեց նրան, որ այդ պետությունները, առաջին հերթին՝ Բելառուսը, չեն ուզում «վատամարդ լինել» Ադրբեջանի և Թուրքիայի առջև, մխրճվել Ղարաբաղի հարցի մեջ: Եվ սա արտահայտվեց գլխավոր քարտուղարի ընտրության հարցում: Ադրբեջանը միանշանակ դեմ է, որ ՀՀ-ի առաջադրած մարդը դառնա գլխավոր քարտուղար, և նշված պետությունները, հարգելով Ադրբեջանի դիրքորոշումը, փակում են ՀՀ ներկայացուցչի ճանապարհը: Դեկտեմբերի նիստում ակնհայտ էր, որ դա Բելառուսն է: Ի վերջո, Բելառուսը կարող էր մասնակցել նիստին, օրինակ, վարչապետի մակարդակով, բայց իրենք ընդհանրապես պատվիրակություն չուղարկեցին, և կարծում եմ՝ դա առաջին հերթին կապված էր Հայաստանի հետ:
Մյուս ակնհայտ գործոնն այն է, որ Հայաստանը իր կարծիքը չունի ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում. Հայաստանը մշտապես արտահայտում է Ռուսաստանի կարծիքը: Գոնե վերջին զարգացումները հանգեցրին նրան, որ Հայաստանի սուվերենության մակարդակը զգալիորեն իջավ: Դա նշանակում է, որ ԵՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում քվեարկությունների ժամանակ Ռուսաստանը ինքնաբերաբար ստացավ հավելյալ ձայն, և դա, բնականաբար, առաջացնում է մյուս երկրների դժգոհությունը: Ինչո՞ւ. այդ երկրները միշտ սակարկում էին: Ոչ միայն ՀԱՊԿ երկրների դիրքորոշումները տարբերվում են Հայաստանի մոտեցումներից, այլև Հայաստանը ՀԱՊԿ-ում ու ԵՏՄ-ում ինքնուրույն քայլեր չի անում: Հայաստանը, փաստորեն, ավտոմատ կերպով կրկնապատկում է Ռուսաստանի ձայնը, որովհետև Հայաստանը մշտապես կողմ է քվեարկում Ռուսաստանի առաջարկներին, և դա շատ թուլացրեց մյուս անդամ-պետությունների դիրքերը: Մյուս երկրները միշտ ինչ-որ հարցեր են բարձրացնում, շատ հարցերում չեն համաձայնում Մոսկվայի հետ: Դասական օրինակը Սանկտ Պետերբուրգում կայացած ԵՏՄ վերջին նիստն է, որտեղ պիտի ընդունվեր ԵՏՄ մաքսային օրենսգիրքը, բայց Բելառուսն ու Ղրղըզստանը հետաձգեցին: Պարզ է, որ ի վերջո կտան իրենց համաձայնությունը, բայց այժմ սակարկում են, որ «մի բան պոկեն» Ռուսաստանից: Քանի որ Հայաստանը նման կերպ չի գործում, ստացվում է՝ Հայաստանը չունի ինքնուրույն դիրք այդ հարցերում: Դա խորացնում է մյուս երկրների դժգոհությունը Հայաստանից:
– Ադրբեջանի վերջին դիվերսիոն հարձակումը Հայաստանի վրա որքանո՞վ էր կապված ՀԱՊԿ-ի ներքին զարգացումների հետ, և ի՞նչ քաղաքական նպատակներ էր հետապնդում Ադրբեջանը դրանով:
– Ադրբեջանը ապրիլին պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի ճակատում, ագրեսիան իրականացվում էր Ղարաբաղի դեմ: Ֆորմալ տեսանկյունից ՀԱՊԿ-ի մանդատի մեջ չի մտնում կոնֆլիկտներ լուծելը: Դա է պատճառը, որ ՀԱՊԿ-ը միշտ կարող է բացատրություն տալ՝ ինչու չի աջակցում Հայաստանին: ՀԱՊԿ-ը ստեղծված չի լուծելու Ղարաբաղի կոնֆլիկտը: Բայց Ադրբեջանը, համոզվելով, որ մեր դիրքերը թույլ են ՀԱՊԿ-ում, և որ ինքը կարողացավ արգելափակել ՀՀ թեկնածուին գլխավոր քարտուղարի պաշտոնում, հասկացավ, որ ՀԱՊԿ-ը մեզ չի օգնի նույնիսկ այն դեպքում, եթե իրենք հարվածեն ուղղակիորեն Հայաստանի տարածքին: Հենց դա է պատճառը, որ իրենք դիվերսիոն խումբ ուղարկեցին ոչ թե Ղարաբաղի, այլ ՀՀ-ի դեմ: ՀՀ ներկայացուցչի նշանակումը ավտոմատ կերպով պիտի լիներ՝ ռոտացիոն սկզբունքով: Մերոնք նույնիսկ դա չկարողացան անցկացնել, և ադրբեջանցիները հասկացան, որ մեր դիրքերը թույլ են, ուրեմն կարելի է ուղղակիորեն հարվածել ՀՀ-ին, և ոչ մի լուրջ արձագանք չի լինի: Եվ այդպես էլ եղավ:
Реклама 30
– Իսկ Բորդյուժայի արձագանքը որքանո՞վ էր համարժեք և ի՞նչ օգուտ տվեց մեզ:
– Բորդյուժայի հայտարարությունից շատ ոգևորված են, բայց ես ուզում եմ շեշտել, որ անհրաժեշտ է տարբերել Բորդյուժայի հայտարարությունը նախագահների խորհրդի հայտարարություններից: Ինձ համար ավելի կարևոր կլիներ, որ Բորդյուժան նախագահների անունից հայտարարություն աներ: Հիմա գլխավոր քարտուղարն ամեն ինչ բերեց դեպի Ղարաբաղյան հարց: Շատերը ոգևորվեցին, որ Բորդյուժան արտաբերել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բառակապակցությունը, բայց ոգևորվելը լուրջ սխալ է, քանի որ հարձակումը ՀՀ-ի դեմ էր: Բորդյուժան սկսեց բացատրել, թե այդ հարձակումը եղավ ՀՀ-ի դեմ, քանի որ Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված չէ: Ո՛չ, ես ասում եմ՝ ցանկացած հարձակում ՀՀ-ի վրա պիտի դիտվի ՀԱՊԿ-ի կողմից որպես ագրեսիա Հայաստանի, այլ ոչ թե Ղարաբաղի դեմ: Իր հայտարարությամբ նա խնդիրը տարավ ուրիշ դաշտ: Ես զարմացած եմ, որ ասում էին՝ էդ ի՜նչ լավ հայտարարություն էր: Հակառակը՝ շատ վատ հայտարարություն էր:
– Դա ի՞նչ էր, հայերին հաճոյանալու և ՀԱՊԿ-ի անգործությունից շեղելու փո՞րձ:
– Այո, միանշանակ: Քանի որ հարվածը հասցված էր ՀՀ-ին, ՀԱՊԿ-ի 4-րդ հոդվածը պիտի աշխատեր: Դա կոչվում է հավաքական անվտանգություն կամ պաշտպանություն, ինչպես ՆԱՏՕ-ում՝ 5-րդ հոդվածը: Չեմ ասում՝ զորք բերեին: Խոսքը դրա մասին չէ, բայց ՀԱՊԿ անդամ-պետությունների նախագահները պիտի հայտարարությամբ հանդես գային, և դա պետք է կազմակերպեր հենց գլխավոր քարտուղարը, բայց վերջինս գնաց հեշտ ճանապարհով՝ անելով ինչ-որ հայտարարություն, որտեղ հարվածը ՀՀ-ին կապեց Ղարաբաղյան հարցի հետ: Բորդյուժան խնդիրը բերեց էմոցիոնալ դաշտ՝ օգտագործելով «Нагорно-Карабахская Республика» բառը, մերոնք «կայֆի» մեջ են հիմա, մինչդեռ նա շատ վտանգավոր բան արեց մեզ համար՝ ուղիղ հարձակումը մեր տարածքի վրա կապեց Ղարաբաղի հետ:
– Իսկ դա զսպող որևէ ազդեցություն կունենա՞: Ադրբեջանը մյուս անգամ հարձակվելուց առաջ կմտածի՞ մի քանի անգամ, թե՞ ոչ:
– Ոչ, չի մտածի, քանի որ հենց այդ հայտարարության պատճառով միգուցե Բորդյուժային հանեցին: Եթե նույնիսկ դա դրական հայտարարություն է, Բորդյուժային թույլ չտվեցին պաշտոնավարել մինչև ապրիլ: Դա ցույց է տալիս, որ նույնիսկ այդ հայտարարությունը, կոպիտ ասած, չեղյալ համարվեց:
– Բայց պարզ է, չէ՞, որ Բորդյուժան հայտարարությունը պիտի համաձայնեցներ Կրեմլի հետ: Եթե իրոք այդպես է, ապա ի՞նչ էր ուզում ասել Ռուսաստանը այդ տեքստով:
– Կարծում եմ՝ Ռուսաստանը պարզապես մանիպուլյացիայի է ենթարկում Ղարաբաղի հարցը: Պարզ է, որ դա հենց Բորդյուժայի միտքը չէր, Ռուսաստանի միտքն էր՝ կապել այդ հարձակումը Ղարաբաղի հարցի հետ: Եվ եթե նկատել եք, արդեն դրանից հետո որոշ դիվանագետներ սկսեցին բացատրություններ տալ, որ ՀԱՊԿ-ը ստեղծված չի կոնֆլիկտներ լուծելու, այսինքն՝ Բորդյուժայի հայտարարությունը ազդեց իրենց վրա: Դա շատ վտանգավոր գիծ է մեզ համար: Հայաստանի դեմ հարվածը չպետք է կապվի Ղարաբաղյան հարցի հետ, դա ագրեսիա է Հայաստանի դեմ: