Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը։
– Պարոն Բաբայան, Միջազգային ճգնաժամային խումբը զեկույց է հրապարակել «Ղարաբաղյան պատերազմից հետո խաղաղության հեռանկարների բարելավում» խորագրով։ Ի թիվս այլ հարցերի՝ զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին և նշվում, որ տրամաբանական է այն դեռևս չլուծված թողնելը։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։
– Միջազգային ճգնաժամային խումբը պարբերաբար զեկույցներ է հրապարակում։ Կան զեկույցներ, որոնք միակողմանի էին, դրանց մասին շատ ենք խոսել։ Եղել են նաև զեկույցներ, որոնք ինչ-որ կերպ արտացոլել են իրավիճակը, չնայած էլի այդ ամենի մեջ կար սուբյեկտիվ մոտեցում։ Խնդիրն այն է, թե ինչքան է այդ սուբյեկտիվության աստիճանը։ Բայց ընդհանուր առմամբ, երբ մենք խոսում ենք կարգավիճակի մասին, դժվար թե կարգավիճակի հետ կապված էական փոփոխություններ տեղի ունենան, քանի որ կարգավիճակը ո՛չ բարոյական և ոչ էլ իրավական կատեգորիա է։ Կարգավիճակը, առավել ևս՝ այդ կարգավիճակի ճանաչումը աշխարհաքաղաքական կատեգորիա է, և այստեղ որևէ մեկը հաշվի չի առնում՝ մենք ճի՞շտ ենք, թե՞ սխալ, ունե՞նք պատմական նախադրյալներ, թե՞ ոչ։ Դժբախտաբար, ժամանակակից աշխարհը այս կատեգորիաները հաշվի չի առնում։ Երևի շատ հին ժամանակներում հաշվի են առել, բայց առաջնայինը աշխարհաքաղաքական շահերն են։
Այս պահի դրությամբ Արցախը կմնա որպես ինքնակառավարվող երկիր։ Ճանաչման հասնելու հարցում չեմ կարծում, թե մենք կտեսնենք շուտափույթ արդյունքներ, որովհետև սա աշխարհաքաղաքական խնդիր է։ Մանավանդ հիմա շատ ավելի կարևոր է այստեղ փխրուն կայունությունն ու խաղաղությունը պահպանելը։ Գնալով այդ խաղաղությունն ավելի կայուն է լինելու, որովհետև այստեղ արդեն ռուս խաղաղապահներն են՝ գերտերություն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկը։ Պատերազմի վերսկսումը Ադրբեջանի կողմից կնշանակի հարված հասցնել նաև Ռուսաստանին։
– Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Մինսկի խմբի հետագա գործունեությանը և նշվում, որ պարզ չէ Մինսկի խմբի ապագան։ Դուք կարծում եք այդ ֆորմատը դեռ կվերականգնվի՞, կա՞ դրա անհրաժեշտությունը։
– Ֆորմատը, կարծում եմ, կպահպանվի։ Որևէ մեկը չի ասել, որ անհրաժեշտ է վերացնել այդ ֆորմատը։ Պուտինի և Մակրոնի վերջին հեռախոսազրույցը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ֆորմատն ինչ-որ ձևով կպահպանվի։ Այլ խնդիր է, որ միգուցե այս ձևաչափը չի լինի միակը, որովհետև այդ ձևաչափը եղել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ձևաչափը և հարթակը։ Այս պահի դրությամբ այդ կարգավորումը նոր փուլ է մտել, Ռուսաստանն է իրականացնում խաղաղապահ առաքելությունը, կայունության ու անվտանգության ապահովումը։ Բայց բացի դրանից՝ լուրջ տրանսֆորմացիաներ են տեղի ունեցել տարածաշրջանում, ու չի բացառվում, որ այդ ձևաչափին զուգահեռ ստեղծվեն արդեն տարածաշրջանում խաղաղության ու կայունության նոր ձևաչափեր։ Դա կլինի ռուս-թուրքական հարթակ, ռուս-իրանական, ռուս-թուրքական-իրանական հարթակ, տարածաշրջանային երկրների ու Ռուսաստանի մասնակցությամբ հարթակներ։ Զուգահեռ կստեղծվեն նման ձևաչափեր ու հարթակներ։ Միգուցե պահպանվի Մինսկի խմբի ձևաչափը որպես երկխոսության հարթակ՝ Արևմուտք-Ռուսաստան, այս տարածաշրջանում երկխոսությունն ու հավասարակշռությունը պահպանող հարթակներից մեկը։
– Մենք կարո՞ղ ենք թույլ տալ, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը ռուս-թուրքական ձևաչափում լուծվի։
– Այստեղ կա Մինսկի խումբ ու Մինսկի խմբի եռանախագահություն։ Թուրքիան Մինսկի խմբի մեջ է մտնում, մենք միշտ ասել ենք, որ Թուրքիան չի կարող լինել եռանախագահ, քանի որ կողմնակալ երկիր է։ Բայց խնդիրն այն է, որ մենք պետք է իրատես լինենք ու չկտրվենք իրականությունից։ Դա փոքր երկրների համար ամենասարսափելի բանն է։ Այն, որ ուզենք թե չուզենք՝ Թուրքիան ունենալու է ազդեցություն, այդ թվում նաև՝ մեր կարգավիճակի ճանաչման գործընթացում, պարզ է։ Բնական է, որ Թուրքիան ամեն ինչ անելու է, որ Արցախը ճանաչված չլինի, ինչպես Ցեղասպանության ճանաչման հարցը։ Բայց եթե Թուրքիան այդպիսի քաղաքականություն է վարում, չի նշանակում, որ Արցախը դատապարտված է։ Մենք էլ պետք է համապատասխան այլ քայլեր անենք։ Դրա համար հայրենասիրություն, պրոֆեսիոնալիզմ ու ճկունություն է պետք։ Պետք է նաև հասկանանք, որ անկախության ճանաչումը չպետք է ինքնանպատակ լինի, անվտանգության հաշվին։ Հատկապես այս պայմաններում, երբ Արցախը մասնատված է, և երբ նախկին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից մնացել է միայն 18 տոկոս տարածք, պարզ է, որ մենք պետք է ամենամեծ շեշտը դնենք անվտանգության վրա։
Այդ ճանաչումը չպետք է լինի շոյող։ Որպես քաղաքական գործչի, որպես գիտնականի, որպես մարդու՝ իմ անձնական կարծիքն այն է, որ մենք պետք է հազար անգամ չափենք, նոր քայլ անենք։ Հիմա ամենակարևորը անվտանգությունն է։ Իհարկե, Ռուսաստանն այստեղ է, ապահովում է անվտանգությունը, բայց դրա հետ մեկտեղ Արցախը պետք է վերակենդանանա, պետք է երկիրը վերակենդանացման բաժանմունքից դուրս գա։ Մենք ճանաչման խաղերի մեջ չպետք է մտնենք։ Կան տարբեր երկրներ, որոնք խոսում են ճանաչման մասին, բայց ինչո՞ւ հիմա։ Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր ճանաչել են՝ ԱՄՆ նահանգներին, Ֆրանսիայի Սենատին, տարբեր համայնքներին, բայց դա ավելի շուտ բարոյական աջակցություն է։ Մենք ռեսուրս չունենք մտնելու աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Պետք է վերականգնենք Արցախը, հետո նոր տեսնենք՝ ինչ է լինելու։ Եթե այն ժամանակ չենք կարողացել հասնել, հիմա ո՞նց ենք հասնելու։