IŞİD ve PYD’ye kim destek veriyor

Rusya’dan müttefiklerine ‘reform’ çağrısı

ARNAVUTLUK YANIYOR

Marc Grosman Ulusalcılardan ve Diyanet İşleri Başkanından ne istiyor?

Մեծ իմիտացիա՝ արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ․ Մամեդյարովի ու Լավրովի վերջը

Azerbaycan, Ermenistan, Gündem, Rusya 24 Ocak 2020
33

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի (ԱԳ) նախարարները՝ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը, ամենայն հավանականությամբ մոտ օրերին կամ շաբաթներին հերթական հանդիպումը կանցկացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ քննարկելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետ կապված հարցերը։ Թե կոնկրետ ե՞րբ և որտե՞ղ տեղի կունենա Մնացականյան-Մամեդյարով հերթական հանդիպումը, առայժմ հայտնի չէ։ Համենայնդեպս, պաշտոնական հայտարարություն ո՛չ ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ), ո՛չ էլ Մինսկի խմբի համանախագահների կողմից դեռևս չի եղել։ Բայց փոխարենը Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովն է կրկին շտապել տեղեկություններ հաղորդել լրագրողներին առաջիկա հանդիպման մասին՝ ասելով, թե այն տեղի կունենա մինչև այս հունվարի վերջ ընկած ժամանակահատվածում։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն իր մեկնաբանությամբ ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է Մամեդյարովի խոսքերը, բայց ամեն դեպքում շեշտել է Ադրբեջանի ԱԳ նախարարի գործելաոճի անընդունելիությունն ու ընդգծել, որ ՀՀ ԱԳՆ-ը շարունակում է այս հարցում հավատարիմ մնալ իր որդեգրած սկզբունքին՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումների համաժամանակյա հանրայնացման պրակտիկային։ Ու քանի որ Էլմար Մամեդյարովը նախկինում էլ էր նման կերպ վարվել, փորձեցինք պարզել իր այդ պահվածքի շարժառիթները։ Պարզվում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի այս գործելաոճն ունի ներքաղաքական և անձնական լուրջ ենթատեքստեր։

Նախորդ հանդիպումների պրակտիկան

Առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ շտապում է սեպարատ կարգով տեղեկություններ հաղորդել հաջորդ հանդիպման մասին՝ իր ապակառուցողական վարքագծի համար քննադատության ենթարկվելով պաշտոնական Երևանի կողմից։ Այդպես եղավ, օրինակ, նախորդ տարվա ապրիլի 15-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպումից օրեր առաջ, երբ Մամեդյարովը, առանց հայկական կողմի հետ հարցը համաձայնեցնելու, հայտարարեց, որ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը կայանալու է Մոսկվայում, և հանդիպմանը մասնակցելու է նաև Ռուսաստանի արտգործնախարարը։ Մոսկվայի հանդիպումից հետո ևս Մամեդյարովը հանդես էր եկել ոչ պակաս ուշագրավ հայտարարություններով՝ նախ ասելով, թե Մոսկվայում քննարկվել են 2016 թ․ ռուսական առաջարկները, ապա հայտարարելով, թե հիմա էլ Միացյալ Նահանգներն է իրեն ու Հայաստանի ԱԳ նախարարին հրավիրել հանդիպման Վաշինգտոնում։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխան մեկնաբանությամբ քննադատել էր Ադրբեջանի արտգործնախարարին դիվանագիտական պրակտիկայում ընդունված կարգը խախտելու համար՝ ասելով, որ համանախագահ երկրներից մեկում կայանալիք հանդիպման մասին նախապես հայտարարելն անհարգալից վերաբերմունք է գործընթացի մասնակիցների և առաջին հերթին՝ տվյալ համանախագահի նկատմամբ: Իսկ չկայացած պայմանավորվածությունների ազդարար դառնալու ձգտումը չի նպաստում փոխվստահության հիման վրա նորմալ աշխատանքային մթնոլորտի ձևավորմանը։

Եվ, ինչպես տեսնում ենք, ադրբեջանցի բազմափորձ դիվանագետը շարունակում է նույն ոճով գործել։ Առաջին հայացքից Մամեդյարովի այս պահվածքը տարօրինակ է ու անհասկանալի, որովհետև երբ նա ամեն հնարավոր առիթ օգտագործում է բանակցային գործընթացի հետ կապված մանիպուլյացիաներ անելու համար, փորձում է նենգափոխել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բովանդակային հարցերը՝ միջնորդների այս կամ այն առաջարկը, նախագիծը հարմարեցնելով իր նախասիրություններին կամ ադրբեջանական կողմի շահերին, դրա շարժառիթը հասկանալի է։ Բայց ի՞նչ իմաստ ունի ԱԳ նախարարների գրեթե յուրաքանչյուր հանդիպման մասին բոլորից շուտ մանրամասներ հանրայնացնելու անզուսպ ձգտումը։ Ի՞նչ օգուտ կամ շահ կա դրանից։

Մամեդյարովի կեղծ իմիտացիան

Իրականում պատասխանը շատ պարզ է․ նման հայտարարություններով արտգործնախարար Էլմար Մամեդյարովը փորձում է պատրանք ստեղծել ադրբեջանական հասարակության աչքին, թե Ադրբեջանն է թելադրում բանակցությունների օրակարգը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ։ Հենց այս տրամաբանությամբ էլ Ադրբեջանի արտգործնախարարը, ամեն անգամ սեպարատ կարգով անելով նման հայտարարություններ, փորձում է իմիտացիա ստեղծել, թե իբր ադրբեջանական կողմն է որոշում՝ երբ և որտեղ պիտի տեղի ունենա հայ-ադրբեջանական բանակցությունների հաջորդ փուլը։

Այս իմիտացիան, որին հավատացողները, բնականաբար, շատ քիչ կլինեն, նաև անձնական կարևոր նշանակություն ունի արդեն 16 տարի որպես Ադրբեջանի ԱԳ նախարար պաշտոնավորող դիվանագետի համար, քանի որ մեծ է հավանականությունը, որ նա նախորդ տարվա վերջին Ապշերոնյան թերակղզում սկսված ներիշխանական վերադասավորումների պրոցեսի արդյունքում կորցնի արտգործնախարարի պաշտոնը։ Դրա համար էլ ամեն հանդիպումից առաջ փորձում է համոզել ներքին լսարանին, թե շուտով սկսվելու են «սուբստանտիվ» (առարկայական) բանակցություններ, սկսվելու է հիմնախնդրի փուլային կարգավորման գործընթացը, «հայերը զորքերը հանելու են», «հողերը վերադարձնելու են» և այլն, և այլն։ Ու արդեն քանի տարի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն այս կեղծիքով է կերակրում Ադրբեջանի քաղաքացիներին։

Հետքայլ «սուբստանտիվ բանակցություններից»

Այս համատեքստում կա մի կարևոր նրբերանգ, որը ևս խոսում է հաստատելու Էլմար Մամեդյարովի՝ նշված ուղղությամբ գործադրվող եռանդուն ջանքերի մասին։ Նախորդ տարվա վերջին Մամեդյարովը հարցազրույց էր տվել ադրբեջանական CBC հեռուստաընկերությանը, որի ընթացքում խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման ռուսական ենթադրյալ ծրագրի՝ «Լավրովյան նախագծի» մասին՝ ասելով, թե 2020 թ․ սկզբին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը սկսվելու են երկար սպասված «սուբստանտիվ» բանակցությունները։ Բայց նախորդ շաբաթ ադրբեջանցի լրագրողների հետ նրա ճեպազրույցից պարզ է դառնում, որ Մամեդյարովը, ըստ էության, հետքայլ է արել, քանի որ «սուբստանտիվ» բանակցությունների մասին որևէ բան չի ասել։ Միայն նշել է, որ առաջիկա հանդիպմանը քննարկվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը։

Հաջիևն ամրապնդում է իր դիրքերը

Իսկ այդ ընթացքում, երբ կլանային պատերազմը Բաքվում գնալով թեժանում է, Ադրբեջանի պետական համակարգում ու մասնավորապես՝ արտաքին քաղաքականության ոլորտում գնալով իր դիրքերն է ամրապնդում Ադրբեջանի ԱԳՆ-ի լրատվական ծառայության նախկին ղեկավար Հիքմեթ Հաջիևը, որն այժմ զբաղեցնում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավարի պաշտոնը։ Կարելի է թվարկել մի շարք փաստեր, որոնք հաստատում են այն տեսակետը, որ Հաջիևի ազդեցությունը Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ գնալով մեծանում է։

Հիշենք, որ նախորդ տարվա նոյեմբերին, երբ տեղի ունեցան հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերը, ադրբեջանական կողմից, ինչպես «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն էր գրել իր՝ «Առերեսում միֆերի հետ՝ 4 օր Ադրբեջանում» վերտառությամբ հոդվածում, ադրբեջանական կողմից այցը կազմակերպել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, այլ ոչ թե ԱԳՆ-ը։ Հայ լրագրողների ընդունելությունն ու այցելությունն էլ ամբողջությամբ կազմակերպել էր Ալիևի աշխատակազմը։ Իսկ այս շաբաթ Հաջիևն այցելել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, որտեղ մասնակցել է դաշնակից պետությունների հետ նիստին «29+1» ձևաչափով։ Մեր աղբյուրը նշում է, որ սովորաբար նման ձևաչափերով հանդիպումներին մասնակցում են արտգործնախարարները։ Եվ այս իմաստով Հաջիևի մասնակցությունը ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին ևս մի խոսուն փաստ է։

Երկու բախտակիցների՝ Մամեդյարովի և Լավրովի վերջը

Ինչով և ինչպե՞ս կավարտվի Էլմար Մամեդյարովի երկարամյա պրոֆեսիոնալ գործունեությունը՝ ցույց կտան հետագա ամիսների զարգացումները հարևան Ադրբեջանական Հանրապետություն։ Բայց ի՞նչն է ամենահետաքրքիրը։ Թե՛ Էլմար Մամեդյարովը և թե՛ իր ռուսաստանցի գործընկերը Սերգեյ Լավրովը, որոնց շատ փորձագետներ ոչ ֆորմալ դաշնակիցներ են համարում Մինսկի խմբի ներսում՝ «Լավրովի պլանի» գծով, կարող են «զոհ» գնալ հետխորհրդային այս երկու երկրներում սկսված ներքաղաքական լայնածավալ փոփոխություններին։ Երկուսն էլ, ի դեպ, ԱԳ նախարարի պաշտոնում են նշանակվել 2004 թվականին ու արդեն 16 տարի ղեկավարում են առանցքային այս գերատեսչություններն իրենց երկրներում։ Թե որքանո՞վ են Ադրբեջանում սկսված ներիշխանական խմորումները կապված Ռուսաստանում սկսված համանման գործընթացի՝ նախագահ Պուտինի նախաձեռնած սահմանադրական և քաղաքական փոփոխությունների հետ՝ դա, իհարկե, մի առանձին քննարկման թեմա է։ Բայց պարզ է, որ Մամեդյարովն ամեն ինչ անելու է եթե ոչ իր պաշտոնը պահելու, ապա գոնե անփառունակ հեռացումից խուսափելու համար։ Իսկ իր այդ ենթադրվող ջանքերն ուղղակի կապ են ունենալու ղարաբաղյան բանակցային գործընթացի հետ։

Եվ եթե հաշվի առնենք շրջանառվող այն վարկածը, որ ներիշխանական այս փոփոխություններից հետո Ադրբեջանի նախագահ է դառնալու գործող նախագահ Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան, որը Փաշաևների ազդեցիկ կլանի ներկայացուցիչն է, իսկ Մամեդյարովն էլ իշխանության մեջ բոլորովին այլ թևի ներկայացուցիչ է եղել ու շատ հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված իր հայտարարություններով բազմիցս ցույց է տվել իր քաղաքական հենարանի տարաձայնությունները Ալիև-Փաշաև տանդեմի հետ, ապա կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի գործող ԱԳ նախարարի շանսերն այդքան էլ մեծ չեն։

Իսկ ինչ վերաբերում է Մամեդյարովի բախտակից Լավրովին և Ռուսաստանի ներքին պրոցեսներին․․․ Դա, իհարկե, լրիվ այլ պատմություն է։
Արամ Սարգսյան

Yorumlar