Սեպտեմբերի 9-ին ՌԴ Մուլինո զորավարժարանում տեղի է ունեցել «Արևմուտք 2021» ռազմավարական զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնեց պաշտպանության նախարարությունը։
Վրանային ավանի շարահրապարակում բարձրացվել են մասնակից պետությունների ու զորավարժության դրոշները: ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը նշել է, որ համատեղ զորավարժությունները հնարավորություն կընձեռեն մշակել զորքերի պատրաստության համընդհանուր մոտեցումներ, կամրապնդեն ընկերությունն ու կձևավորեն մարտական եղբայրության նոր համատեղ ավանդույթներ: Բանակի գեներալը նաև շեշտել է, որ «Արևմուտք 2021» զորավարժությունները կրում են միմիայն պաշտպանողական բնույթ:
Ըստ ՊՆ հաղորդագրության՝ «Արևմուտք 2021»-ին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի զորախմբերը: ՌԴ և Բելառուսի տարածքում ընթացող զորավարժություններին ներգրավված են շուրջ 200 հազար զինծառայող, մոտ 80 ինքնաթիռ և ուղղաթիռ, մինչև 760 միավոր տարբեր տիպի զրահատեխնիկա, հրթիռային համակարգեր ու հրետանային միջոցներ, ինչպես նաև 15 նավ: Զորավարժության հիմնական գործողությունները տեղի կունենան սեպտեմբերի 10-16-ը:
Կան տեսակետներ, որ Հայաստանի մասնակցությունն այս զորավարժություններին լրջագույն հարված է հասցնում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նկատեց՝ առաջին տպավորությունը հենց դա կարող է լինել՝ շատ պարզ պատճառով․«Ռուսաստանի կողմից արևմուտքին ուժի ցուցադրման փորձ է։ Երկրորդը՝ իհարկե Բելառուսում հասարակական կարծիքը ճնշելու գործիք է, որն օգտագործում է և՛ Լուկաշենկոն և՛ Ռուսաստանը, որովհետև ըստ էության Բելառուսն արևմուտքից որևէ սպառնալիք չունի։ Երրորդը՝ դա պարզապես զորավարժանք է, որը Ռուսաստանին անհրաժեշտ է պատերազմական թատերաբեմը ռազմական առումով յուրացնելու տեսակետից։ Այդ իմաստով Հայաստանի մասնակցությունն այդ զորավարժություններին Հայաստանի շահերի հետ որևէ կապ չունի։ Հայաստանը Բելառուսում անելիք չունի և այդ խաղերը Հայաստանին հազար տարի պետք չեն։ Պարզապես դա պայմանավորված է այսօրվա հայ-ռուսական հարաբերություններով և ուրիշ ոչ մի բանով»,-ասաց նա։
Ըստ Մեհրաբյանի՝ Ռուսաստանը մի շարք երկրների մասնակցությամբ ուզում է իր այդ զորավարժություններին տալ միջազգային կարգավիճակ ու ցույց տալ, թե ինքը որքան շատ դաշնակիցներ ունի․ «Բայց այս ամենի տակը փտած է ու փուչ։ Ցավոք սրտի արևմուտքն էլ այսօր կոլեկտիվ կամք չի դրսևորում շատ հարցերի շուրջ, ինչն էլ Հայաստանին լայն ընտրության հնարավորություն չի թողնում»։
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ- Հայաստան հարաբերություններին, ապա ըստ մեր զրուցակից, ՆԱՏՕ-ն ամեն ինչ շատ լավ հասկանում է․ «Չեմ կարծում, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում չգիտես ինչ հեռանկարներ էին սպասվում և զորավարժություններին այդ մասնակցությունը ամեն ինչ կփչացնի։ Իհարկե դա այդպես չէ։ ՆԱՏՕ-ն 17 տարի է ստիպում է Վրաստանին դոփել իր շեմին ու որևէ քայլ չի անում։ Մենք տեսնում ենք, որ Ուկրաինայի հետ կապված ևս կա դանդաղկոտություն ու դա կապված է ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ երկրների դիրքորոշմամբ։ Այդ իմաստով չեմ կարծում, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների համատեքստում այդ մասնակցությունը դիտարկելու իմաստ կա։ Իհարկե սա նաև ցույց է տալիս, թե որքան ասիմետրիա կա Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Եվ այդ ասիմետրիան այսօր չէ, որ ստեղծվել է ու այնպես չէ, որ ստեղծվել է 44 օրյա պատերազմով, սակայն դրանով ամրապնդվել է»։
Դիտարկմանը, թե ինչու՞ են այս իշխանությունները շարունակում հայ-ռուսական հարաբերություններում իներցիոն քաղաքականությունը, Ռուբեն Մեհրաբյանն ասաց․ «Դա երկկողմանի երթևեկության փողոց է։ Մեր կողմում երթևեկություն կլինի, թե ոչ՝ այն կողմին առանձնապես չի էլ հետաքրքրում։ Ըստ էության հետխորհրդային տարածքը ՆԱՏՕ-ի ղեկավարությանը, այնտեղի որոշում ընդունողների շրջանակին՝ նրանց կողմից չի դիտարկվում որպես կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում ընդլայնվելու ուղղություն։ Իսկ մնացածը պարզ է՝ բարիդրացիական հարաբերությունների մակարդակում։ Ծրագիր կա, աշխատում է, թրեյնինգներ անցկացվում են։ Բայց ես համենայնդեպս չեմ տեսնում, որ այն կողմից ավելի շատ բան էին ուզում անել, իսկ մենք ասացինք՝ ոչ, մի՛ արեք»։
Մարիամ Գրիգորյան