KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Մարդ-բանակ. որն է հիմքը

Մարդ-բանակ. որն է հիմքը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 5 dk okuma süresi
391 0

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ավարտին են մոտենում ազգ-բանակ հայեցակարգի շրջանակում առաջ քաշված մի քանի ծրագրերի հանրային քննարկումները: Ծրագրերը առնչվում են զինվորական ծառայության այլընտրանքային մոդելների, որոնք գործնականում ենթադրում են վճարովի ծառայություն՝ թե զորակոչիկների, թե բուհերում ուսանողների համար: Իհարկե առանցքում զուտ վճարի պարագան չէ, այլ զինծառայության գրավչություն ենթադրող մի շարք այլ տարրեր:
Ծրագրերը թե պաշտպանության նախարարը, թե այլ խմբեր քննարկել եւ քննարկում են տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ, թե Երեւանում, թե մարզերում: Անկասկած քննարկման հարց է, թե որքանով է այդ ամենն ապահովում տարածականություն, այսպես ասած ներկայացուցչականություն, մտքերի եւ մոտեցումների բազմազանություն, թե որքանով են առաջարկները դարձել բանավեճի առարկա, որը կհարստացներ իսկապես կարեւոր առաջարկները:
Տվյալ պարագայում կա թերեւս առավել կարեւոր մի խնդիր, որ առնչվում է ոչ միայն զուտ առաջարկներին, որքան ազգ-բանակ հայեցակարգին ընդհանրապես: Դա հանրության համար հայեցակարգի գլխավոր, սկզբունքային ուղենիշների կամ այսպես ասած մեխի բացակայությունն է, կամ դրա անորոշությունը:
Ազգ-բանակ հայեցակարգի խորագիրն է՝ «կոչված եւ զորակոչված մեկ նպատակի», ինչը ենթադրում է, որ հայեցակարգի գլխավոր նպատակը փոքր երկրի սուղ ռեսուրսների առավել օպտիմալ եւ արդյունավետ կիրառումն է առաջին հերթին անվտանգության խնդիրները լուծելու համար:
Այդ հանգամանքը առաջացնում է հանրային արդարացի մտահոգություն, որ կա պետական կյանքի անհարկի գերռազմականացման մտահոգություն, որի հետեւանքը կլինի քաղաքացիական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման վտանգը:
Այստեղ կան սկզբունքային ճշգրտման անհրաժեշտություն ունեցող հարցեր: Պատերազմին զուգահեռ ձեւավորված եւ չավարտված պատերազմի պայմաններում ապրելու «դատապարտված» պետությունը օբյեկտիվորեն չի կարող զերծ լինել ռազմականացվածության որոշակի աստիճանից: Այդ հանգամանքն էլ բնականաբար պարունակում է օբյեկտիվ «արատավոր էֆեկտ»: Ընդ որում, դրա մի շոշափելի մաս հանրությունն ու պետությունն արդեն տեսել են, պատերազմի ավարտից անմիջապես հետո դրա «անունից» հանդես եկած մարդկանց մի ստվար խմբի այսպես ասած կապիտալիզացիայի տեսքով, երբ ձեւավորվեց ռազմաֆեոդալական մի շերտ եւ այն սկսեց օգտագործվել քաղաքական խնդիրների լուծման համար:
Պատերազմի թեժ փուլից հեռացմանը զուգահեռ, պետության ներսում տեղի ունեցան տնտեսա-քաղաքական գործընթացներ, որոնք ձեւավորեցին սեփականատիրական նոր խավ, որն ինչքան էլ իր բուն բնույթով ու որակով հեռու է արդիական պետականության պահանջից, բայց շոշափելիորեն ավելի առաջադեմ էր, քան ռազմաֆեոդալների խավը:
Սակայն, այդ շերտն ունակ չէր եւ ունակ չէ լուծել Հայաստանի համար ռազմա-քաղաքական գլխավոր խնդիրը՝ օբյեկտիվ ռազմականացվածության եւ անհրաժեշտ քաղաքացիականացվածության համադրումը:
Չավարտված պատերազմի պայմաններում Հայաստանի համար կարեւոր է ոչ միայն ռազմական հզորությունը, այլ նաեւ քաղաքացիական արդիականությունը, որպես քաղաքակրթական կռվան: Հայաստանի խնդիրը ռազմականացվածության եւ քաղաքացիականացվածության համադրման բանաձեւի որոնումն է: Ազգ-բանակ հայեցակարգը կարող է լինել միջոց, եթե մեխանիզմի կամ հայեցակարգի հիմքում պետական շահով պայմանավորված հեռանկարն է, ոչ թե ընդամենը իշխանության համակարգային անցման փուլում այս կամ այն խմբի կամ անձի շահերի սպասարկումը:
Այդ տեսանկյունից է անհրաժեշտ, որպեսզի բացի ազգ-բանակ հայեցակարգի բաղադրիչ հանդիսացող ոլորտային ծրագրային նախաձեռնություններից, հանրության համար որոշակի եւ հստակ լինի հայեցակարգի արժեհամակարգային հենքը, մեխը, որը միաժամանակ համարժեք լինի նաեւ Հայաստանի քաղաքակրթական քաղաքացիական ռեսուրսի շարունակաբար համալրման, արդիականացման ռազմավարական համարժեքությանը:
Այլ կերպ ասած, ռազմականացվածությունը պետք է լինի միջոց գլխավոր նպատակի՝ արդիական քաղաքակրթական, քաղաքացիական ռազմավարության պաշտպանության: Այդ մեխանիզմն է, որ տվել է զարգացման իրական հնարավորություն անվտանգության գլոբալ համակարգում ներկայիս առաջատարներին, որը պայմանական կարող ենք որակել մարդ-բանակ գաղափար:
Այսինքն, հիմքում մարդն է իբրեւ արժեք՝ իր կյանքի եւ ստեղծագործական ազատության իրավունքով: Այսինքն, բանակի խնդիրը մարդու խնդիրն է, բայց մարդու ցանկացած խնդիր էլ դառնում է բանակի, պաշտպանունակության խնդիր:
Դա է նաեւ ազգ-բանակը յուրաքանչյուր մարդու հասցնելու՝ լեգիտիմ մակարդակով հասցնելու գրավականն ու նախադրյալը, երբ յուրաքանչյուր քաղաքացի այդ հայեցակարգում կտեսնի իրեն՝ որպես շոշափվող արժեք:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir