KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Հարված Ռուսաստանին. նոր իրավիճակի արկերը

Հարված Ռուսաստանին. նոր իրավիճակի արկերը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 6 dk okuma süresi
337 0

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը, որ Սիրիայում ռուսական Հմեյմիմ ռազմակայանը ենթարկվել է արկակոծման: Դրա հետեւանքով զոհվել է երկու զինծառայող: ՌԴ ՊՆ-ն միաժամանակ հերքել է տեղեկությունը, թե ոչնչացվել է նաեւ 7 միավոր ավիատեխնիկա՝ ռմբակոծիչներ, կործանիչներ եւ տրանսպորտային օդանավ: Դրանց ոչնչացման մասին հայտնել էր ռուսական Կոմերսանտը, հղում անելով ռազմական-դիվանագիտական իր աղբյուրներին:
Արկակոծումը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին: Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ արկակոծումը այսպես կոչված ապառազմականացված գոտիներում հրադադարի խախտման հետեւանք է: Այդ գոտիները ձեւավորվեցին Աստանայի գործընթացի արդյունքում, որտեղ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան Սիրիայի կառավարական ուժերի եւ զինված ընդդիմության հետ համատեղ բանակցում էին Սիրիայում իրավիճակի կայունացման համար:
Դեկտեմբերի 31-ին տեղեկություն էր տարածվել նաեւ ռուսական ՄԻ24 ռազմական հարվածային ուղղաթիռի՝ Կրոկոդիլի կործանման մասին, որի հետեւանքով զոհվել էին անձնակազմի երկու անդամ: ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ աղետը տեղի է ունեցել ոչ թե խոցվելու, այլ տեխնիկական խնդրի հետեւանքով:
Սիրիայում ռուսական զինուժի հանդեպ այդ գործողությունները առանձնակի ուշադրություն են գրավում իրանյան ներքին իրադարձությունների համատեքստում, որտեղ տարեվերջին բռնկվեց զանգվածային բողոքի ակցիա եւ լարվածություն եւ ինչի համար Իրանի իշխանությունը մեղադրում է արտաքին ուժերի: Բանն այն է, որ Իրանում էլ իրադարձությունների այդօրինակ թեժացումը զուգահեռ էր տեղեկությանը, որ Վաշինգտոնում տեղի է ունեցել իսրայել-ամերիկյան համաձայնություն Մերձավոր Արեւելքում Իրանի ռազմական ներկայությունը զսպելու հարցում գործողությունների վերաբերյալ: Ըստ այդ տեղեկության, ստեղծվելու են չորս աշխատանքային խմբեր, որոնք կգործեն տարբեր ուղղություններով:
Մերձավոր Արեւելքում Իրանի ռազմական ներկայության ընդլայնման խնդիրը բարձրացնում է Իսրայելը, արդեն տեւական ժամանակ: Ուշագրավ է, որ այդ երկրի վարչապետը դեռեւս օգոստոսին այդ հարցը եւ Իրանին հակազդելու անհրաժեշտությունը բարձրաձայնեց Սոչիում Պուտինի հետ հանդիպմանը: Ռուսաստանի նախագահի նստավայրի պաշտոնական հաղորդագրության մեջ մանրամասն ներկայացված էր Նաթանյահուի խոսքը այդ կապակցությամբ, իսկ ահա Պուտինի պատասխանն ինչ էր, այդպես էլ մնաց փակ:
Համաձայնե՞լ էր Ռուսաստանն օգնել Իսրայելին Իրանին հակազդելու հարցում, թե՞ ոչ: Երկու ամիս անց եղավ Սիրիայի հարցում Պուտին-Թրամփ հայտարարությունը, Վիետնամում Ասիա-խաղաղօվկիանոսյան Վեհաժողովի շրջանակում, որտեղ կողմերը հայտարարում էին Սիրիայում իրավիճակը կայունացնելու համաձայնության մասին: Դրանից կարճ ժամանակ անց Պուտինը Սոչիում ընդունեց Ասադին եւ հայտրարեց, որ հաղթել են ԻԼԻՊ-ին, փրկել են Սիրիան եւ ավարտում են ռազմական առաքելությունը:
Ուշագրավ է, որ դրանից հետո Պուտինը Սոչիում ընունեց Թուրքիայի եւ Իրանի նախագահներին, այսպես ասած Աստանայի գործընթացի ֆորմատով: Նրանք բացատրությու՞ն էին պահանջում Թրամփի հետ համաձայնության համար, թե՞ Պուտինն էր հրավիրել տեղեկացնելու, որ ՙեկել է ռեվիզորը՚ :
Նոյեմբերի 22-ի հանդիպումից կարճ ժամանակ անց էլ Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանի զինված ուժերի հիմնական մասը դուրս է բերում Սիրիայից: Այդ գործընթացը սկսվեց հենց Պուտինի անմիջական ներկայությամբ, որը անսպասելի այցով ժամանել էր Սիրիա՝ ռուսական ռազմակայան: Ընդ որում, այդ այցի ընթացքում համացանցում ուշադրության էր արժանացել խիստ հետաքրքիր մի դրվագ, թե ինչպես է ռուսական ռազմակայանի զինվորականներից մեկը կանգնեցնում Սիրիայի նախագահ Ասադին, որը Պուտինի հետեւից գնում էր դեպի զորքը: Այդ դրվագը թերեւս խորհրդանշում էր, թե ով է Սիրիայի այսպես ասած իրական նախագահը այժմ, այն հատվածում, որը սիրիական կառավարական ուժերի ազդեցության ներքո է:
Սիրիայից Պուտինն անմիջապես մեկնեց Անկարա, Էրդողանի հետ նոր հանդիպման, որը փաստացի երրորդն էր մի քանի շաբաթի ընթացքում:
Ի՞նչ գործընթաց սկսվեց Թրամփ-Պուտին հայտարարությունից հետո, որին հաջորդեցին այդ դինամիկ զարգացումները Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռանկյունում: Արդյո՞ք դանք Ռուսաստանին այսպես ասած կվերադարձնեն Սիրիա, նոր ռազմարշավի տեսքով, որի համար առիթ կարող են ծառայել ռուսական ռազմակայաններին հարվածները, ինչպես դեկտեմբերի 31-ին: Ո՞վ է ցանկանում այդ վերադարձը, արդյո՞ք Անկարան ու Թեհրանը, փորձելով Պուտինին կտրել Թրամփի հետ համաձայնությունից եւ ըստ էության վերադարձնել Աստանայի ձեւաչափին, Իրա՞նն է շահագրգռված Ռուսաստանի վերադարձով՝ իր ներկայիս խնդիրների ֆոնին, թե՞ Իսրայելն է շահագրգռված Ռուսաստանին վերադարձնելու հարցում՝ Իրանին հակազդելու համար:
Այդ ամենն ուշագրավ են դեկտեմբերի 1-ին ՌԴ նախագահի խոսնակի հայտարարության ֆոնին, որ Պուտինն ու Նաթանյահուն պայմանավորվել են մոտակա ժամանակահատվածում հանդիպելու համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir