KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Հարկավոր է համընդհանուր տուժողի՝ հայ հասարակության անունից դատապարտել ամբողջ մի հանցավոր համակարգ

Հարկավոր է համընդհանուր տուժողի՝ հայ հասարակության անունից դատապարտել ամբողջ մի հանցավոր համակարգ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 10 dk okuma süresi
374 0

Պարոն Նեդոլյան, ինչպե՞ս եք գնահատում Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադարձը: Նա ասել է, որ կարող է դառնալ լուրջ կոնսոլիդացիոն կենտրոն: Ինչպե՞ս եք գնահատում նրա՝ այդպիսի կենտրոն դառնալու հնարավորությունը:

Նախ՝ այստեղ կա կառուցվածքային-տեխնիկական հարց, եթե չեմ սխալվում, նա ուզում է հիմնել նոր կուսակցություն, որը զբաղեցնելու է ՀՀԿ-ի հանրային տարածքը: Բայց ՀՀԿ-ն ունի կայացվածության որոշ աստիճան, և չեմ կարծում, որ այժմ ամբողջովին փլվելու է ու զիջելու այդ նոր կուսակցությանը: Ուրեմն նույն, անվանենք դա ռևանշիստական, դաշտում արդեն լինելու են երկու կուսակցություն, որոնք կիսելու են այժմ արդեն շատ նեղացած, կրճատված ռևանշիզմի ու հնապաշտության դաշտը: Թուլանալու են երկուսն էլ, խանգարելու են միմյանց: Դրանից բացի, Քոչարյանը չունի ապագա առաջարկելու ներուժ, նա բավականաչափ ժամանակ ունեցել է անսահմանափակ իշխանություն, կատարել է այն ամենը, ինչ ուզել է և պատկերացրել, և այդ ամենը մենք այսօր կարող ենք գնահատել իբրև թույլ, վատ, անօգուտ, հնամաշ, պրիմիտիվ, կեղծ, և, ինչպես ի վերջո տեսանք, նաև շատ անկայուն:

«Քոչարյանական Հայաստանը» այլևս ապագայում չէ, անցյալում է, և այդ անցյալը շատ քչերի մոտ է ջերմ զգացում առաջացնում, թեև նմանները, իհարկե, կգտնվեն: Դե շատ լավ, ամենն ունի ապրելու ու քաղաքականությամբ զբաղվելու իրավունք, թող փորձեն ապրել բնականոն քաղաքական կյանքով: Բայց նոր Հայաստանում քաղաքական ուժի ազդեցությունն այլևս կախված է լինելու ընտրողներից, և շատ հետաքրքիր կլինի հետևել, թե ինչպես են այդ երկու՝ դասականն ու նոր ՀՀԿ-ները փորձելու գրավել ընտրողի համակրանքն առանց կաշառքի, ուժի, ոստիկանության ու քրեական աշխարհի, ընտրակեղծիքի և լրատվական մենաշնորհի, մտածել ու խոսել վատ կարողացող, հանրային, հրապարակային ու փողոցային քաղաքականության որևէ փորձ չունեցող լիդերներով։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու անհրաժեշտություն չունի և եթե մեկ տարին էլ անցած լիներ, իրենք անվստահության հարց չէին դնի: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ն դեմ է արտահերթ ընտրություններին և ամեն ինչ անելու է, որ խորհրդարանը չցրի: Իշխանությունն ինչպե՞ս պետք է արձագանքի:

Այո, կարծում եմ, ճիշտ եք, և լեգիտիմությունը կորցրած, նախորդ քաղաքական համակարգը մարմնավորող խորհրդարանը ամեն գնով ձգտելու է պահպանվել, թույլ չտալ, որ մոտակա ժամանակներում անցկացվեն վերջին քսան տարվա մեջ առաջին ազատ ընտրությունները, որ սկսի ձևավորվել կանոնավոր քաղաքական-կուսակցական համակարգ, ընդունվեն մի շարք հրատապ և անհրաժեշտ օրինագծեր, սկսեն անցկացվել արմատական բարեփոխումներ: Սաբոտաժի գլխավոր օղակը, իհարկե, խորհրդարանն է: Կարծում եմ՝ նոր իշխանությունը, ինչպես և մտադիր էր, պետք է անցկացնի հանրաքվե և իշխանության գերագույն կրողի՝ ժողովրդի կամքով ցրի հին խորհրդարանը, որ տեղ տա նորին: Թե ինչ իրավաբանական ձևակերպում պետք է ստանա հանրաքվեի հարցը, դժվարանում եմ ասել։ Գիտեմ միայն, որ այն պետք է լինի ամփոփ ու վերջնական, որ այլևս ոչ ոք չկարողանա ասել, որ հրապարակում հավաքված հարյուր հազարը դեռ ամբողջ ժողովուրդը չի: Եվ ինչքան շուտ արվի այդ հանրաքվեն, այդքան լավ:

Նիկոլ Փաշինյանը խոսեց անցումային արդարադատության մասին։ Ձեր կարծիքով՝ սա ինչի՞ն է ուղղված լինելու և ի՞նչ հանրային ակնկալիքներ կարելի է ունենալ այդ արդարադատությունից:

Սահմանադրական կարգի կործանման փաստը նախորդ իշխանությունների կողմից, որը վերջերս գտավ նաև իր իրավաբանական ձևակերպումը, կարծում եմ՝ նախատեսում է, պահանջում է, նշանակում է նաև օրինականության վերականգնմանն ուղղված հատուկ միջոցների կիրառում: Պատմական նախադեպերից կարող եմ հիշել, օրինակ, նյուրնբերգյան տրիբունալը, որը, մնալով իրավունքի դաշտում, լուծեց մի հարց, որի համար աշխարհում այն ժամանակ չկար ոչ օրենք, ոչ համապատասխան իրավասու մարմին: Հիմա մենք այսօր զգում ենք, տեսնում ենք, որ ՀՀԿ-ի իշխանության ժամակահատվածում կատարված հանցագործությունները կրում են տոտալ բնույթ, տարածվում են հանրային և սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտների վրա, և դրանք հետաքննել դասական մեկ հանցագործություն – մեկ տուժող – մեկ դատավարություն – մեկ ամբաստանյալ եղանակով շատ դժվար է, գուցեև անհնար: Հարկավոր է համընդհանուր տուժողի՝ հայ հասարակության անունից դատապարտել ամբողջ մի հանցավոր համակարգ և իրականացնել իրավունքի համընդհանուր վերականգնում, տալ կատարվածի քաղաքական, պատմական գնահատականը: Այդ դեպքում արդարացված եմ գտնում անցումային, այսինքն՝ արտակարգ արդարադատության դիմելը:

Իսկ եթե խոսքը գնում է ավելի պարզ բանի մասին՝ ստեղծել ավելի արդյունավետ իրավապահ համակարգ, քան այսօր եղածը, ապա կարծում եմ, որ դրա կարիքը չկա, ավելի վստահելի է բարեփոխել եղածը, անել այնպես, որ քրեական գործերը չքննվեն ամիսներով ու անգամ տարիներով, քննության մարմինները ու դատական համակարգը դառնա ճկուն ու արդյունավետ, խորհրդարանը օպերատիվ ընդունի անհրաժեշտ օրենքներ: Այնպես որ, կարծում եմ, կարելի է «փոխանակել» անցումային արդարադատության մարմիններ չստեղծելը ՀՀԿ-ի խորհրդարանը արագ լուծարելու համաձայնության հետ: Այնուամենայնիվ, գտնում եմ, ՀՀԿ-ի գործած մեղքերը ավելի մեղմ են, քան նացիստներինը, ու հատուկ տրիբունալի ստեղծումից կարելի է ձեռնպահ մնալ:

Ո՞րն է լինելու հեղափոխության հաջորդ փուլը, ի՞նչ է պետք անել ժողովրդի ոգևորությունը ինստիտուցիոնալիզացնելու համար:

Իրականացնել Նիկոլ Փաշինյանի նշած ապակենտրոնացումը, սահմանադրական կարգի վերականգնումը, քաղաքացիների հասարակության ձևավորումը: Քաղաքական ոլորտում, եթե նախկինում ամեն բան որոշվում էր Կենտկոմում, այնուհետ Մելիք-Ադամյանում, ապա ազատ ընտրությունների անցկացման պարագայում հարցերը կսկսեն լուծվել կուսակցություններում, նրանց ոլորտային հանձնաժողովներում, ընդհանուր նիստերում կամ համագումարներում, կարտահայտվեն ծրագրային փաստաթղթերում և նախընտրական ծրագրերում: Հետո, ըստ ստացած քվեի, խորհրդարանական բանավեճերում ու քվեարկություններում, նույնը տեղի կունենա և տեղական ինքնակառավարման մարմիններում: Թեև, օրինակ, ես հաճախ էի բողոքում կուսակցություններից ծրագրային փաստաթղթերը լավ չմշակելու կամ առհասարակ չունենալու, ներքին ընթացակարգերը չկիրառելու մեջ, բայց և հաշվի էի ընդունում իրենց արդարացումը, որ այդ ամենն անիմաստ է, քանի չկան ընտրություններ, համոզիչ քարոզչության, գաղափարների միջոցով իշխանության հասնելու հնարավորություն: Այժմ այդ հնարավորությունը կստեղծվի, և կուսակցությունները կսկսեն լուրջ մրցել ամեն մարդու համակիր դառնալու համար, կընդգրկեն մարդկանց համատեղ որոշում ընդունելու ընթացքին: Կամ մարդիկ իրենք կհավաքվեն ու կստեղծեն նոր կուսակցություններ, որպեսզի կանոնակարգված կերպով կարողանան մասնակցել կառավարմանը:

Կուսակցություններից բացի շատ կարևոր է, որ ինքնակազմակերպման ու ապակենտրոնացման ընթացքը տարածվի նաև տնտեսական ու առհասարակ մասնագիտական ոլորտների վրա: Սովետական ու հետսովետական սխեման էր՝ կա յուրաքանչյուր ոլորտի գլխավոր գերատեսչություն, բացահայտ, ինչպես Ակադեմիան գիտնականների համար, կամ ստվերային, ինչպես օլիգոպոլիան տնտեսությունում: Այժմ պետք է անցում կատարվի դեպի մի իրադրության, երբ այդ գլխավորը, իշխողը չկա, միգուցե կա միայն կոորդինացնողը, իսկ հիմնարար սուբյեկտները ամեն գործում, ամեն ոլորտում անհատներն են ու անհատների կամավոր միությունները՝ պրոֆեսիոնալ, ստեղծագործական, հսկողական, բարեգործական: Կարելի է անվերջ զարգացնել այդ թեման, կարծում եմ կարևորը, որ մենք տեսանք նոր իշխանության գործելաոճից, այն է՝ վստահել մարդուն և զերծ մնալ ամեն ինչի վրա իշխելուց՝ տեղ թողնելով մարդկանց, հասարակության ինքնակազմակերպմանը:

Դուք միշտ շեշտը դրել եք ծրագրի, տեքստի վրա: Հիմա Երևանի ավագանու ընտրություններն են, սակայն այդ ծրագրերը հետաքրքիր չեն հանրությանը:

Այո, չկա նախնական, ապագան նկարագրող տեքստ, ծրագիր, բայց այսուհետ անխուսափելի է դառնում գոնե հաշվետու տեքստը: Նախկին քաղաքապետերի, իշխանավորների համար անհրաժեշտություն չկար հաշվետու լինելու արածի կամ չարածի համար, որպեսզի ստանան ընտրողի քվեն հաջորդ ընտրություններում: Քվեն ստացվում էր այլ ձևով: Այժմ ամեն ընտրված կառավարչի համար առաջին իսկ օրվանից ստեղծվելու է իր գործողությունները բանական, կապակցված բացատրելու ու արդարացնելու անհրաժեշտությունը, ապագան պատկերելու կարիքը, որոնք և բերում են տեքստ: Կարծում եմ, որ հաջորդ ընտրությունները արդեն կլինեն ծրագրահեն, քաղաքական սուբյեկտների գործողությունները կդառնան պատասխանատու և հաշվարկելի:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir