KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հասան Օքթայ: «Թուրք ազգայնականությունը մշակութային ազգայնականություն

Հասան Օքթայ: «Թուրք ազգայնականությունը մշակութային ազգայնականություն

Hasan Oktay Hasan Oktay - - 10 dk okuma süresi
531 0

Թուրքական kafkassam-merkez.com լրատվական, վերլուծական բազմալեզու կայքի տնօրեն, թուրքական Ազգային շարժում կուսակցության անդամ, թուրք մտավորական, պատմական գիտությունների դոկտոր Հասան Օքթայը վերջերս հերթական անգամ Հայաստան էր այցելել: Հնգօրյա այցի ընթացքում նա հանդիպել է այս տարիներին ձեռք բերած իր հայ ընկերներին, եղել Գյումրիում, ինչպես նաև նկատել Երևանում տեղի ունեցած առաջընթացն ու զարգացումը: «Անկախի» լրագրողը ևս հնարավորություն է ունեցել հանդիպելու պրն Օքթայի հետ և զրուցելու հայ-թուրքական հարաբերությունների, կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, ժողովրդավարության և ազգայնականության համադրության և այլ հետաքրքիր հարցերի շուրջ:

– Պրն Օքթայ, Դուք բազմիցս եղել եք Հայաստանում, կպատմե՞ք Ձեր առաջին այցի և տպավորությունների մասին:

– Երբ 2004 թ. որոշեցի առաջին անգամ Հայաստան գալ, ընկերներս վատ ընդունեցին այդ գաղափարը և բացասական վերաբերմունք դրսևորեցին: Սակայն ինձ համար Հայաստանը շատ հետաքրքիր երկիր էր, և ես անպայման պետք է տեսնեի այն: Որպես պատմության մասնագետ` ես զբաղվել եմ 1749-1828 թթ. Կովկասում ռուս-իրանա-օսմանյան մրցակցության թեմայով, իսկ այն ժամանակ տնօրինում էի Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնին կից Հայաստանյան ուսումնասիրությունների ինստիտուտը, և անընդունելի էր այն հանգամանքը, որ Հայաստանում երբեք չէի եղել: Տասն օր մնալով Հայաստանում՝ կարևոր հանդիպումներ ունեցա, եղա Էջմիածնում, Սարդարապատում, ինձ շատ ջերմ ու լավ ընդունեցին: Այդ ժամանակից սկսվեց մի բարեկամություն, որը շարունակվում է մինչ օրս: Հասկացա, որ Թուրքիայում Հայաստանի և հայերի նկատմամբ տիրող բացասական վերաբերմունքն ու նախապաշարմունքները սխալ են: Այդ այցից հետո բազմիցս եղել եմ Հայաստանում և միշտ դրական փոփոխություններ եմ տեսել: Սակայն կարծում եմ, որ վերջին տասը տարիների ընթացում Հայաստանը կարող էր շատ ավելի զարգանալ և այն մակարդակին չէ, որին կարող էր լինել:

– Արդյոք Ձեր ընկերների և շրջապատի մտածելակերպը որոշակիորեն փոխվե՞ց Ձեր այցից հետո:

– Թուրքիայում շատ եմ պատմել Հայաստանում անցկացրած օրերի, տպավորությունների մասին, ոմանք փոխել են իրենց կարծիքը, մյուսները՝ շարունակել արդեն ձևավորված տեսակետը: 2007 թ. Անկարայում կլոր սեղան կազմակերպեցինք, որին ներկա էին նաև հյուրեր Հայաստանից: Մոտ հինգ ժամ տևած քննարկումներից հետո ներկաներից շատերի մեջ մի շարք կարծրատիպեր կոտրվեցին:

– Ի՞նչ դեր ունեն հայ և թուրք հասարակությունները երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում:

– Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում քաղաքացիական հասարակության դերը շատ մեծ է, քանի որ կարողանում է ազդել պետության վրա և կարծիք փոխել: Եթե երկու երկրների հասարակական կազմակերպություններն ավելի շատ համագործակցեն, իրար ճանաչեն, ապա նրանց մտքերը կտարածվեն հասարակության մեջ և կհասնեն նաև իշխանություններին: Միջազգային շատ ուժեր, իմանալով քաղաքացիական հասարակության ներուժը, փորձում են նրանց օգտագործել իրենց նպատակների համար: Սակայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար պետք է համագործակցել հասարակական մակարդակում և թույլ չտալ, որ որևէ երրորդ երկիր խառնվի այդ գործընթացին:

– Իսկ ի՞նչ կարող են անել երիտասարդներն այս հարցում:

– Երիտասարդները ավելի բաց են շփման համար, իրար հեշտ են հասկանում և ազդում կարծիքի փոփոխության վրա: Ուստի կարծում եմ, որ պետք է մշտապես հնարավորություններ ստեղծել, որպեսզի երկու երկրների երիտասարդներն ավելի շատ հանդիպեն և շփվեն:

– Ձեր կարծիքով ինչպիսի՞ ընթացք կունենան հայ-թուրքական հարաբերությունները:

– Ներկայումս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կանգ է առել, սա սառած մի գործընթաց է: Ես այն նմանեցնում են սառած ուտելիքի, որը պետք է նախ հանել սառնարանից, հալեցնել, ապա նոր եփել: Ահա երկկողմ հարաբերությունները պետք է ապրեն այդ հալոցքի շրջանը: Դրա համար նպատակահարմար է օգտագործել հասարակական ոլորտը: Առաջիկա տասը տարում պետք է շարունակել հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ հանդիպումները հասարակական կամակերպությունների միջև, ինչը կհեշտացնի մտքերի փոխանակումը, քանի որ այն, ինչ գրում է մամուլը, իրականությունը չի արտացոլում, չի ներկայացնում այն, ինչ սովորական մարդիկ են մտածում: Կարծում եմ, որ երկկողմ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է սկսել հենց հասարակ մարդկային հարաբերությունների հաստատմամբ:

– Վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում ամենից շատ քննարկվող հարցը Երևան-Վան չվերթի շուրջ ծավալված խնդիրն է: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքն այս հարցի վերաբերյալ:

– Ես կարծում եմ, որ չվերթի չեղյալ հայտարարման հարցում թուրքական կողմի վրա հստակ էր Ադրբեջանի ճնշումը: Սակայն սխալ էր տեղի տալ այդ ճնշումներին և ենթարկվել ադրբեջանական կողմի ցանկությանը: Եթե Ադրբեջանը կարողանում է խառնվել նման հարցին և հասնել իր ուզածին, ապա հետագայում ևս Հայաստանի հետ կապված ցանկացած հարցում կփորձի նույնն անել:

– Դուք «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ եք, 2002 թ. նույնիսկ պատգամավորի թեկնածու եք եղել: Ինչպե՞ս է հնարավոր միևնույն ժամանակ լինել և՛ ազգայնական, և՛ ժողովրդավար, լիբերալ հայացքների տեր:

– Թուրքիայում ժողովրդավարությունը մեծ ձեռքբերում ունի, և դա մարդկանց ազատ մտածելակերպն է: Ես` որպես ազգայնական, ուզում եմ, որ ժողովրդավարությունը Թուրքիայում ավելի խորը հիմքեր ունենա, և մեր կուսակցությունն աշխատում է այդ ուղղությամբ: Թուրքիան տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի համար դեպի Արևմուտք տանող դուռ է հանդիսանում: Թուրքիան կարող է ժողովրդավարության օրինակ լինել տարածաշրջանի համար: Թուրքական ազգայնականությունը հաճախ սխալ է ընկալվում, այն նմանեցվում է ֆաշիզմին: Սակայն դա այդպես չէ, թուրքական ազգայնականությունը մշակութային ազգայնականություն է: Այն Թուրքիայի բոլոր քաղաքացիների համատեղ ապրելու մշակույթն է: Այդ պատճառով էլ ես և՛ ազգայնական եմ, և՛ ժողովրդավար, քանզի այդ երկու գաղափարները միմյանց ոչ թե հակասում են, այլ լրացնում:

– Իսկ ի՞նչ կասեք ժողովրդավարության մասին Հայաստանում:

– Ես կարծում եմ, որ Թուրքիան ավելի ժողովրդավար է, քան Հայաստանը, քանի որ մեր երկրում այն հաստատվել է 1946 թվականից ի վեր, իսկ Հայաստանում` վերջին 20 տարիների ընթացքում, այդ պատճառով էլ Թուրքիան ավելի ժողովրդավար անցյալ ունի: Թուրքիան աշխարհիկ երկիր է, երբեմն իշխանության են գալիս դեմոկրատները, երբեմն` ավելի կրոնամետ կառավարություն կամ ձախ սոցիալիստները: Այժմ իշխանության գլխին կրոնամետ կառավարություն է, սակայն մենք չենք կարող ասել, որ Թուրքիան կրոնամետ երկիր է: Այնուհանդերձ Թուրքիան աշխարհիկ և ժողովրդավարական պետություն է:

– Դուք ներկա եք գտնվել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Օպերայի հրապարակում անցկացրած հավաքներից մեկին և տեսել եք հայաստանյան ընդդիմությունն այսօր: Ի՞նչ կարծիք կազմեցիք Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին:

– Ընդդիմության գոյության փաստն ինքնին դրական երևույթ է, դա ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը Հայաստանում առաջընթաց է ապրում: Կարծում եմ՝ ընդդիմությունը բավական ուժեղ է և շատ կողմնակիցներ ունի, ուստի լավ հնարավորություններ կարող է ունենալ հաջորդ ընտրություններում առաջատար լինելու համար:

– Դուք գլխավորապես զբաղվում եք կովկասյան տարածաշրջանով: Ինչպիսի՞ն է վիճակն այսօր Կովկասում:

– Բոլորը սպասում էին, որ արաբական գարնան նման մի ալիք էլ կներթափանցի այս տարածաշրջան, սակայն դա սխալ մոտեցում է: Եթե Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան լավ հարաբերություններ ունենան ու համագործակցեն, ապա Կովկասն ապրելու համար շատ լավ տեղ կդառնա:

http://archive2.ankakh.com/?p=5155

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir