Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը վերջին տարիներին նվազում է, և, եթե ներմուծման առումով շարժ կա, ապա արտահանում գրեթե չկա, այնքան որ չնչին են ծավալները: Այսպես, 2020- ին Հայաստանը Չինաստանից ներմուծել է մոտ 672,35 միլիոն դոլարի ապրանք, իսկ արտահահանել է ընդամենը 289,93 մլնի: Չինաստանի տեսակարար կշիռը Հայաստանի արտաքին առևտրում կազմում է 10,5 %՝ զիջելով միայն Ռուսաստանին (26,2 %)։
Արտահանման ծավալները փոքրանում են, ներմուծմանը՝ մեծանում: Այնտեղից բերում ենք բառացի ամեն ինչ՝ 1000- ից ավելի տեսականի, որի մեջ, ըստ մաքսային ծառայության տվյալների, մեծ թիվ են կազմում հեռախոսները:
Ինքներս Չինաստանին առայժմ հետաքրքրում ենք միայն հանքահումքով, մասնավորապես, պղնձով. Չինաստանն աշխարհում պղնձի խոշորագույն սպառողներից է:
Արտահանման մոտ 90 տոկոսը կազմում է պղնձի հումքը, որը գնալով նվազում է, մնացած 10 տոկոսի մեջ են մի քանի մարդատար մեքենա, որոշ բժշկական սարքեր, և ցանկը եզրափակվում է:
Չինացիները Հայաստանում շատ ներդրումներ ունեն՝ սկսած Հյուսիս- հարավ ճանապարհից մինչև ավտոբուսներ, շտապօգնության մեքենաներ, թաղամա Ամասիայում, պատվաստանյութեր: Այդ ամենը, սակայն, հումանիտար հարթակում են, բիզնես գործարքներ գրեթե չկան:
Ի՞նչն է պատճառը, որ արտահանման խնդիր ունեցող Հայաստանը չի կարողանում օգտագործել Չինաստանի նման հսկայական շուկան, ինչո՞ւ մենք պատշաճ չենք ներկայացնում մեր երկիրն ու արտադրանքը. բացթողումների ու անելիքների մասին զրուցել ենք Չինաստանում «Զիզի» կորպորացիայի հիմնադիր Էդգար Մարգարյանի և «Էքսպորտ Արմենիա» ասոցիացիայի համահիմնադիր Աննա Բեկլյարովայի հետ. գործի մարդիկ ամենադիպուկն են տեսնում իրավիճակը:
Ինչի՞ պահանջարկ կա
Ամենն, ինչ վերաբերում է սննդամթերքին, պահանջարկ ունի Չինաստանում, ասում է Էդգար Մարգարյանը, որի ընկերությունը բիզնես- ծառայություններ է մատուցում:
«Քաղցրավենիք, կոնֆետ, մեղր, մրգային չիփսեր, չոր սննդամթերք, գինի, ալկոհոլային այլ խմիչք. այս ամենի անսպառ պահանջարկը կա Չինաստանում, միայն պետք է հասցնել մատակարարումը»,- ներկայացնում է Էդգար Մարգարյանը:
– Հայ- չինական առևտուր՝ դուրս Մետաքսի ճանապարհից, հեռու մարկետինգից
Ըստ նրա՝ Հայաստանը չի կարողանում օգտագործել չինական շուկայի պոտենցիալը: Մեր տնտեսվարողները չեն արտադրում պահանջված ծավալի ապրանք:
Ի՞նչն այն չէ
Առաջին հերթին՝ մեր երկիրը Չինաստանին պատշաճ ներկայացնելը:
«Դիվանագիտական աշխատանքի պակաս կա, մենք մեզ չենք ներկայացնում Չինաստանին ինչպես հարկն է՝ մեր պատմությունը, մշակույթը, մեր երկրի հնարավորությունները. ինֆորմացիա չենք տալիս: Հայ- չինական առևտրային հարաբերությունները վատ են, որովհետև մեր երկիրը մարկետինգ արված չէ Չինաստանում»,- նշում է Էդգար Մարգարյանը:
Հաջորդը գործարարը մատնացույց է անում մեր արտադրողների՝ չինական կողմին պատրաստված չներկայանալը, սեփական արտադրանքը պահանջարկին համապատասխանեցրած չառաջարկելը:
«Չի կարելի ապրանքի շնորհանդես կազմակերպել՝ ուղարկելով ընդամենը մի վորդ-ֆայլով տեքստ և անգամ լուսանկար չտրամադրելով, չցուցադրելով, ինչպես հաճախ անում են: Միայն արտադրելով չէ, սկզբում պետք է ուսումնասիրել երկրի շուկան, մտածել իրացման մեխանիզմների մասին, նոր միայն սկսել արտադրել, այնինչ մեզ մոտ հակառակ տենդենցն է»,- պարզաբանում է նա:
Թվում է՝ նման խնդիր պետք է չլիներ, բայց փաստ է, որ մերոնք չեն ուսումնասիրում դրսի շուկան պահանջվածի պես:
Ինչքան էլ տհաճ թվա, հարևանից սովորել է պետք
Մեր հարևան Վրաստանը, ըստ գործարարի, շատ արագ հասկացել է չինացիների հետ առևտրի նրբություններն ու քայլեր ձեռնարկել իր տնտեսվարողների համար:
«Նախ՝ սկսել են շատ լավ ներկայացնել իրենց երկիրը Չինաստանում դիվանագիտական խողովակներով, հյուպատոսարան են բացել նաև չնական այլ խոշոր առևտրային քաղաքում: Իրենց գինիներն այնպիսի բրենդինգ են արել, որ լայն թափով իրացնում են այնտեղ՝ արտադրանքը շարունակ համապատասխանեցնելով նրանց պահանջներին: Մեր գինիները պակաս որակյալ չեն, եթե ոչ՝ ավելի լավը, սակայն չենք ստեղծում բարենպաստ միջավայր»,- ասում է Էդգար Մարգարյանը;
Ավելին, Վրաստանին հաջողվել է հասնել նրան, որ Չինաստանն արտահանման հարկերի արտոնություններ տրամադրի: Վրաստանն այսօր տարածաշրջանի ամենախոշոր արտահանողներից է:
Տուժել անհեռատես լինելու պատճառով
Շատ սովորական գործողություններ են պետք սեփական արտադրանքը ներկայացնելիս, ճիշտ պրեզենտացիա, Չինաստանին բնորոշ նրբանկատ մոտեցում, գործնական վերաբերմունք՝ համապատասխան տվյալ շուկայի առանձնահատկություններն, համոզված է Աննա Բեկլյարովան:
– Հայ- չինական առևտուր՝ դուրս Մետաքսի ճանապարհից, հեռու մարկետինգից
«Մեզ մոտ բիզնես- մտածելակերպ փոխելու հարց կա, սեփական արտադրանքը պետք է հարմարեցնել չինական շուկայի քիմքին: Չինացիները շատ մեծ ուշադրություն են դարձնում ապրանքի դիզայնին, փաթեթավորմանը, ուստի պետք է ադապտացվել նրանց, եթե ուզում ենք հայկական արտադրանքը սպառել: Պատահել է, որ ներկայացրել ենք ապրանքը չինական կողմին, բանակցել, պայմանավորվածություն ձեռք բերել, բայց, երբ հերթը հասել է դիզայնին, չգիտես՝ որ տրամաբանությամբ մեր տնտեսվարողը հրաժարվել է փոխել այն չինական շուկայի համար և, պատկերացնո՞ւմ եք, միլիոնների գործարքը չի կայացել միայն այն պատճառով, որ նա ասել է՝ ապրանքիս որակը բարձր է՝ բավական է, ես այս տեսքով եմ ուզում վաճառել և վերջ»,- պատմում է Աննա Բեկլյարովան՝ հիշեցնելով, որ նույնիսկ «Կոկա-կոլայի» պես հզոր ընկերությունը, Չինաստանի նախասիրություններն իմանալով, այնտեղ իր շշերն այլ տեսքով է ներկայացնում:
Նրա կարծիքով՝ հայաստանյան բիզնեսը իրական մարկետինգի լուրջ խնդիր ունի և, որքան էլ չցանկանանք խոստովանել, մեր արտադրանքը չենք ուզում հարմարեցնել արտաքին շուկայի պահանջներին, որի պատճառով էլ տուժում ենք:
«Չինաստանում չիրը վաճառվում է հատիկով՝ գեղեցիկ փաթեթավորված: Դրա համար այն պետք է լինի շատ որակյալ ու գրավիչ դիզայնով: Մեզ մոտ գրեթե անհնար է մի քանի տասնյակ չիր արտադրողի պատվիրել նույն ստանդարտով արտադրանք (խոշոր արտադրողներ չունենք). անառողջ ամբիցիաները խանգարում են: Այնինչ չինացիները սիրում են դրսի ապրանք գնել և նվիրել միմյանց: Հատկապես կորոնավիրուսային համաճարակի պայմաններում, երբ տևական փակ էին սահմանները, և այդ երկիրը ներմուծում չուներ, նրանք այժմ ավելի շատ են տեղ տալիս հետաքրքիր լուծումներով օտարերկրյա ապրանքին»,- ներկայացնում է հայրենական արտադրանքի՝ սահմաններից դուրս վաճառքով զբաղվող մասնագետը:
Աննա Բեկլյարովան նշում է, որ ինքնակրթվելու անհրաժեշտություն ունենք: Բացի այդ, շատ կարևոր է պետական մոտեցումը, որը գրեթե բացակայում է արտահանման դեպքում. ամեն ինչ ինքնահոսի է մատնված: Այնինչ օրվա հրամայական է արտահանման ռազմավարություն մշակելը:
Լոգիստիկ մանևրումներ, որոնք ազդում են գնի վրա
Լոգիստիկ խնդիրները Հայաստանից արտահանված ապրանքի ինքնարժեքն ակամա բարձրացնում են: Դեպի Չինաստան օդային ճանապարհը չափազանց թանկ է և ամենից ոչ ձեռնտուն: Ցամաքային և ծովային ճանապարհն էլ անցնում է Վրաստանով (գինի կամ կոնյակ արտահանելիս Իրանի տարածքով չենք կարող անցնել, նրանք արգելում են օգելից խմիչքի՝ անգամ տրանզիտն իրենց երկրով), ուստի մեզ պետք է հաշվի առնել բոլոր հանգամանքները:
Բեռնափոխադրումների հետ կապված խնդիր կա նաև մեքենաների առումով. թանկության պատճառով չենք կարող սառնարաններով բեռնատարներ ուղարկել Չինաստան, քանի որ դրանք այնտեղից դատարկ են վերադառնում, սառեցրած ապրանք չեն բարձում, իսկ դա ձեռնտու չէ:
Բայցևայնպես, բարձր ինքնարժեքով հանդերձ՝ մեր արտադրանքը կունենա պահանջ, եթե բարձր արժեքը նաև շատ բարձր որակ ունենա և մրցի ոչ թե գնային սիգմենտում, այլ տեսականիով՝ առաջարկի բարձրարժեք բազմազանությամբ:
… Որ աշխարհն անընդհատ «չանցնի մեր կողքով»
Մենք արդեն դուրս ենք մնացել Չինաստանն, ամբողջ Արևելքն Արևմուտքին կապող տնտեսական գերհզոր միջոց նոր Մետաքսի ճանապարհից: Ամեն ինչ կորած չէ, սական, եթե չընկղմվենք ինքնաբավության հորձանուտում ու մի փոքր շուրջներս նայենք: Հնարավոր է՝ ունենաք պատկերացրածից ավելի տնտեսական շահ, ամուր կապեր, վստահելի գործընկերներ: Չինաստանը լավ հնարավորություն է Հայաստանի համար, մենք կարող ենք զարգանալ այնտեղի շուկայում ներկայանալով: