ABD yeni savunma sekreter vekili Mark Esper

Esper: F 35 tam kapasite kullanılamayacak

Изготовлен нижний полукорпус реактора для 1-ого энергоблока АЭС Аккую

Almanyanın yeni savunma bakanı Annegret Kramp-Karrenbauer

Հայաստանի տարածքով իրանական գազի՝ եվրոպական շուկաներ տարանցումը բացառվում է երկու պատճառով

Ermenistan, İran 5 Mart 2019
23

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը։

– Պարոն Պողոսյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է լինել իրանական գազի տարանցիկ երկիր։ Արդյոք մեր երկիրը քաղաքական և տնտեսական առումներով հնարավորություն ունի՞ դառնալու իրանական գազի տարանցիկ երկիր։

– Նշված խնդիրը կարելի է բաժանել երկու մասի. 1. Իրան-Հայաստան-Վրաստան եռակողմ համագործակցություն, 2. Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցում դեպի եվրոպական շուկա:

Առաջինի հետ կապված պետք է ֆիքսել, որ Հայաստանը չունի դեպի Վրաստան իրանական գազի ֆիզիկական տարանցում իրականացնելու տեխնիկական հնարավորություն: Միևնույն ժամանակ, Իրան-Հայաստան-Վրաստան եռակողմ ձևաչափում կարող է քննարկվել գազի փոխանակման սվոփային գործարքների իրականացման հնարավորությունը:

Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով իրանական գազի՝ եվրոպական շուկաներ տարանցմանը, ապա դա բացառվում է երկու պատճառով.

Վրաստանը չունի ենթակառուցվածքներ իր տարածքով գազը եվրոպական շուկաներ հասցնելու համար: Վերջին տասը տարվա ընթացքում քննարկումներ եղել են Սև ծովի հատակով Վրաստան-Ուկրաինա գազամուղի գործարկման կամ Վրաստանի սևծովյան նավահանգիստներում հեղուկացված գազի տերմինալների կառուցման վերաբերյալ: Սակայն քննարկումներից բացի՝ այս ուղղությամբ որևէ կոնկրետ քայլեր չեն իրականացվել, իրականացման հավանականությունը չափազանց փոքր է, իսկ որևէ գործընթացի մեկնարկի դեպքում անգամ նմանատիպ ենթակառուցվածքների շահագործումը մեծ ժամանակ է պահանջում, այնպես որ՝ դժվար թե առաջիկա տասնամյակում Վրաստանը նման հնարավորություն ունենա:

Իրանի միջուկային ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց և Վաշինգտոնի կողմից Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառման վերսկսումից հետո դժվար է պատկերացնել, որ եվրոպական նավթագազային քիչ թե շատ լուրջ որևէ ընկերություն համաձայնի նույնիսկ դիտարկել նմանատիպ ծրագրերին մասնակցության հնարավորությունը:

– Ի՞նչ օգուտներ կտա Հայաստանին իրանական գազի տարանցումը կազմակերպելու հանգամանքը։

– Ինչպես նշեցի, ֆիզիկական տարանցում իրականացնելու հնարավորություն Հայաստանը չունի, հետևաբար շատ բարդ է խոսել պոտենցիալ հնարավորությունների կամ վտանգների մասին:

– Հայաստանի գազային ենթակառուցվածքները պատկանում են ռուսական ընկերությանը։ ՌԴ-ն թույլ կտա՞, որ Հայաստանը իրանական գազի տարանցիկ երկիր դառնա, քաղաքական առումով վարչապետի հայտարարությունն ի՞նչ վտանգներ է պարունակում։

– Ռուսաստանը հստակ տիրապետում է իրանական գազը տարանցելու Հայաստանի չափազանց սահմանափակ հնարավորությունների վերաբերյալ տեղեկույթին, հետևաբար չեմ կարծում, որ իմաստ ունի քննարկել ՌԴ-ի հնարավոր դիրքորոշումը տարանցման իրականացման դեպքում:

– Վարչապետի այցից շաբաթներ առաջ Դուք ևս այցելել եք Իրան, հանդիպել քաղաքական և փորձագիտական շրջանակների հետ։ Հեղափոխությունից հետո հայ-իրանական հարաբերությունները զարգացնելու ի՞նչ հնարավորություններ են բացվել։

– Եթե քննարկում ենք Հայաստան-Իրան հարաբերություններում ռազմավարական մակարդակի նախաձեռնությունների հնարավորության հարցը, ապա իմ կարծիքով՝ պետք է դիտարկել «Պարսից ծոց-Սև ծով» մուլտիմոդալ տրանսպորտային միջանցքը Իրան-Չինաստան ծովային երթուղուն ինտեգրելու միջոցով Չինաստան-Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա տրանսպորտային երթուղու գործարկման հնարավորությունը՝ այն չինական կողմին ներկայացնելով որպես Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության յոթերորդ տնտեսական միջանցք:

Հարկ է նշել, որ փետրվարի սկզբին Իրանում տեղի ունեցած քննարկումների ժամանակ հարևան պետության գործընկերները բավականաչափ հետաքրքրված էին նշված հեռանկարով, և իրենք էին նշում Իրան-Հայաստան-Վրաստան եռակողմ ձևաչափի գործարկման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ Իրանը բազմակողմ ձևաչափերով համագործակցում է իր բոլոր հարևանների հետ, և այստեղ բացառություն է կազմում միայն Հայաստանը: Նշված գաղափարը ես ներկայացրել եմ նաև 2018 թ. հոկտեմբերին Պեկինում կազմակերպված «Պեկին-Սիանգշան» անվտանգային ութերորդ միջազգային համաժողովի ժամանակ, որին մասնակցում էին ավելի քան հիսուն պետությունների փոխվարչապետներ, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ: Կարող եմ փաստել, որ չինական կողմը ևս հետաքրքրված է այս գաղափարով:

Հարկ եմ համարում նշել, որ բառացիորեն մի քանի օր առաջ ամերիկյան հեղինակավոր վերլուծական հարթակներից մեկում հրապարակվել է այս խնդրին նվիրված իմ «Գոտի և ճանապարհ նախաձեռնության յոթերորդ միջանցքը. Չինաստան-Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա երթուղին Մեծ Եվրասիական գործընկերության համատեքստում» մշակումը (https://www.indrastra.com/2019/03/Seventh-Corridor-of-Belt-and-Road-Initiative-005-03-2019-0001.html):

Արտակ Եղիազարյան

Yorumlar