KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հայաստանի չորրորդ նախագահի լիազորությունները

Հայաստանի չորրորդ նախագահի լիազորությունները

Kafkassam Editör Kafkassam Editör - - 6 dk okuma süresi
364 0

Ըստ նոր Սահմանադրության, 2018 թվականի ապրիլից Հայաստանի Հանրապետության ղեկավար կլինի վարչապետը:

Ի տարբերություն նախորդ Սահմանադրության՝ նոր նախագահի լիազորությունները կսահմանափակվեն եւ նա, ըստ էության, հիմնականում ներկայացուցչական դեր է կատարելու:

Մեդիամաքսը «Պարզաբանում» խորագրում ներկայացնում է, թե ինչ լիազորություններ կունենա նախագահը նոր Սահմանադրությամբ եւ ի՞նչ փոփոխություններ են կատարվել դրանցում:

1. Ի՞նչ կարգավիճակ ունի նախագահը:

Ըստ նոր Սահմանադրության՝ Հանրապետության նախագահը պետության գլուխն է, ով հետեւում է Սահմանադրության պահպանմանը եւ իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

Ի տարբերություն 2005թ.-ին ընդունված Սահմանադրության՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեության ապահովումն ու ՀՀ անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորումը նախագահի լիազորությունների մեջ շարադրված չեն:

2. Ո՞վ կարող է ընտրվել Հանրապետության նախագահ:

Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

2005թ.-ի Սահմանադրությամբ, մինչդեռ, նախագահ կարող էր ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

3. Ո՞վ եւ ինչպե՞ս է ընտրում Հանրապետության նախագահին:

Եթե նախորդ Սահմանադրությամբ նախագահն ընտրվում էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով, ապա այժմ նախագահին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդով:

Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:

Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով եւ իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ: Նոր Սահմանադրությամբ՝ նույն անձը այդ պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ թե առավելագույնը երկու, այլ միայն մեկ անգամ:

4. Որո՞նք են հանրապետության նախագահի լիազորությունները Ազգային ժողովի եւ Կառավարության բնագավառներում:

Հանրապետության նախագահի լիազորությունները Կառավարության եւ Ազգային ժողովի բնագավառներում զգալի փոխվել են:

Նոր սահմանադրությամբ՝ Հանրապետության նախագահը նշանակում է Ազգային ժողովի հերթական եւ արտահերթ ընտրությունները, ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի ընդունած օրենքները՝ քսանմեկօրյա ժամկետում:

Մինչդեռ նախկինում, օրինակ, նա իրավունք ուներ նաեւ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով արձակել Ազգային ժողովը եւ նշանակել արտահերթ ընտրություն:

Հանրապետության նախագահը, Սահմանադրությամբ սահմանված դեպքերում կարող է ընդունել Կառավարության հրաժարականը եւ վարչապետի առաջարկությամբ փոփոխություններ կատարել Կառավարության կազմում:

Նախորդ Սահմանադրությամբ վարչապետի նշանակման՝ նախագահի լիազորությունները սահմանվում էին այսպես. «ՀՀ նախագահը Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին»:

Ըստ նոր Սահմանադրության՝ «Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին»:

5. Ի՞նչ լիազորություններ ունի նախագահը արտաքին քաղաքականության բնագավառում:

Արտաքին քաղաքականության բնագավառում Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, Կառավարության առաջարկությամբ, կնքում է միջազգային պայմանագրեր, վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ հետ է կանչում օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը եւ հետկանչագրերը:

Կառավարության առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով՝ հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը:

Նախորդ Սահմանադրությամբ՝ նախագահը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը:

6. Զինված ուժերում նախագահի լիազորությունները որո՞նք են:

Նոր Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով նշանակում եւ ազատում է զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը, ինչպես նաեւ՝ վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ:

Նոր Սահմանադրությամբ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն այլեւս նախագահը չէ եւ պատերազմի դեպքում այդ լիազորությունները վարչապետին են պատկանում:

Նախորդ Սահմանադրությամբ նախագահը նաեւ ինքնուրույն համակարգում էր պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում եւ ազատում էր զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:

Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում, ըստ նախորդ Սահմանադրության, նախագահը հայտարարում էր ռազմական դրություն եւ կարող էր հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք, որոշում ընդունել զինված ուժերի օգտագործման մասին:

Պատերազմի ժամանակ Հանրապետության նախագահը կարող էր նշանակել եւ ազատել զինված ուժերի գլխավոր հրամանատարին։ Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, նախագահը կարող էր հայտարարել արտակարգ դրություն, իրականացնել իրավիճակից թելադրվող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմել ժողովրդին:

Պատրաստեց Մարի Թարյանը
http://www.mediamax.am/am/news/parzabanum/26842/

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir