KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հայաստանը մի քանի ամսից կհայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին

Հայաստանը մի քանի ամսից կհայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին

Kafkassam Editör Kafkassam Editör - - 7 dk okuma süresi
410 0

Ռուսաստանցի մի խումբ փորձագետներ բացասական են արտահայտվում օրերս Վրաստանում ՆԱՏՕ բավականին ներկայացուցչական զորավարժությանը Հայաստանի զինուժի մասնակցության մասին, դիտարկելով դա հակառուսականության համատեքստում: Այդ փորձագետներին արձագանքել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ասելով, թե Հայաստանն անկախ պետություն է, ունի իր շահերն ու սպասարկում է բացառապես դրանք:
Հայաստանի իշխանությունն անշուշտ ձեռնպահ կմնար ՆԱՏՕ զորավարժությանը մասնակցելուց, եթե համոզված չլիներ Ռուսաստանի իշխանության լոյալության հարցում: Օրինակ, 2009 թվականին Հայաստանը վերջին պահին հրաժարվեց Վրաստանում ՆԱՏՕ զորավարժությանը մասնակցելուց:
Ռուսաստանցի փորձագետների խմբին ըստ երեւույթին մտահոգում է ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի իշխանության մոտեցումը, թե ինչու՞ չկա դժգոհություն Հայաստանի մասնակցությունից: Բանն այն է, որ այդ դեպքում ռիսկի տակ է հայտնվում Հայաստանի «ռուսահպատակության» ապահովման վրա կառուցված կորպորատիվ շահերի մի ամբողջ համակարգ, եթե Ռուսաստանի իշխանությունը սկսում է մտածել իրավիճակին այլ կերպ նայելու մասին:
Ուշագրավ է այն, որ 2017-ի զորավարժության հանդեպ պաշտոնական Մոսկվան արտահայտվում էր բավականին զուսպ: Չի բացառվում, որ Մոսկվան պարզապես համակերպվում է Վրաստանում ՆԱՏՕ ինստիտուցիոնալ ներկայության խորացման հետ, լավ պատկերացնելով դա կասեցնելու իր հնարավորության սահմանափակությունը: Միեւնույն ժամանակ, այստեղ խնդիրը թերեւս ավելի խորն է եւ առնչվում է ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգության համակարգում Ռուսաստանի խնդիրների հետ, որոնք մերկացան ապրիլյան քառօրյա պատերազմում:
Դրա ընթացքում պարզ դարձավ, որ տարածաշրջանը կառավարելի պատերազմների, կառավարելի ռազմական բախումների միջոցով վերահսկելու հնարավորությունը դառնում է ավելի ու ավելի նվազ, եւ ամեն ինչ չէ, որ ընթանում է «սցենարով»: Մոսկվան տեսավ, որ Ադրբեջանը միլիարդավոր դոլարների սպառազինության մատակարարման միջոցով ոչ թե դարձել է իր համար ավելի կառավարելի, այլ հակառակը՝ գործնականում դառնում է անկառավարելի: Իսկ հաշվի առնելով նաեւ Թուրքիայի գործոնը, թերեւս անխուսափելի է դառնում այն, որ ժամանակի ընթացքում թելադրողը լինելու էր ոչ թե Ռուսաստանը, այլ թուրք-ադրբեջանական տանդեմը: Ռուսաստանը չունի դրան էապես հակադրվելու հնարավորություն, մի շարք քաղաքական հանգամանքների շնորհիվ, եթե առճակատման մեջ է նաեւ Արեւմուտքի, այդ թվում ՆԱՏՕ-ի հետ:
Այդ իրավիճակում, տարածաշրջանում ՆԱՏՕ ներկայության խորացումը Ռուսաստանի համար հնարավորություն է խուսափել անվտանգության առանցքի դերակատարման աղմկոտ տապալումից, չընդդիմանալով տարածաշրջանային անվտանգության գործում ՆԱՏՕ դերակատարման սահուն աճի գործընթացին:
Իսկ դա էլ անխուսափելի է դարձնում ՆԱՏՕ-Հայաստան հարաբերության խորացումը, քանի որ առանց Հայաստանի ընդհանրապես որեւէ դեպքում հնարավոր չէ տարածաշրջանային անվտանգության խնդրի արդյունավետ լուծում: Այդ անվտանգությունն ապահովում է հայկական զինուժը:
Վրաստանն այդ իմաստով ավելի ու ավելի դառնալու է ՆԱՏՕ-Հայաստան հարաբերության հարթակ, թերեւս նաեւ որպես փոխզիջում Ռուսաստանի լոյալության համատեքստում՝ երբ Մոսկվան երաշխիք է ստանում, որ Հայաստանը կշարունակի դիտվել որպես տարածաշրջանում անվտանգության ռուսական ներկայության դաշտ, եւ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունը միջնաժամկետ հեռանկարում չի հանդիսանա Ռուսաստանի ռազմավարական սպառնալիք:
Ի վերջո, ներկայում անհավանական, աներեւակայելի թվացող, բայց գուցե նույնիսկ ամիսների հեռավորություն է Հայաստանի հայտարարությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու կամ անդամակցության նպատակ սահմանելու մտադրության մասին:
Ընդամենը մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանը հեռուստահարցազրույցում հայտարարում էր, թե Հայաստանը չունի ՀԱՊԿ-ից ու ԵՏՄ-ից դուրս գալու եւ գնալու այլ տեղ, ասելով, թե ՆԱՏՕ-ում ոչ բոլորն են մեզ սպասում գրկաբաց:
Բայց, նույն Սերժ Սարգսյանը 2013 թվականի սեպտեմբերի 3-ից մի քանի ամիս առաջ՝ 2013 թվականի մարտի 18-ի հեռուստահարցազրույցում հայտարարում էր. «մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա այդպիսի բան: Որքա՞ն կարելի է կրկնել: Մենք հակառակը կարող ենք ասել՝ Մաքսային միության անդամները դեռևս ցանկություն չունեն որևէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն»:
Հինգ ամիս անց Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Եվրասիական միությանը:
Այնպես որ, ամենեւին զարմանալ պետք չէ, եթե հինգ ամիս անց Սերժ Սարգսյանը հայտարարի, որ Հայաստանը մտադիր է դառնալ ՆԱՏՕ անդամ:
Իհարկե դա կատակ է, հինգ ամիս անց չի լինի այդպիսի հայտարարություն: Գուցե նաեւ այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունը դա կհամարի սադրանք Ռուսաստանի դեմ եւ չի գնա այդպիսի քայլի: Բայց այդպիսի հայտարարություն չլինելու բուն եւ խորքային պատճառը թերեւս այն է, որ համաշխարհային ու տարածաշրջանային գործընթացներն ունեն այնպիսի դինամիկա եւ տրամաբանություն, որ գոնե կովկասյան տարածաշրջանում արդեն խնդիրը շատ ավելի վեր է, քան այս կամ այն կովկասյան պետության անդամությունը ՆԱՏՕ-ին կամ նույնիսկ ՀԱՊԿ-ին:
Տարածաշրջանն այդ իմաստով ամենեւին չի դիտարկվում եւ չի դիտարկվելու առանձին-առանձին: Կովկասի անվտանգության համակարգն ու խնդիրները միշտ լինելու են կապակցված եւ միասնական տրամաբանությամբ: Այդ տրամաբանությամբ, ՆԱՏՕ-ն Վրաստանով պարզապես մուտք է գործում տարածաշրջան, բայց անկասկած է, որ բուն գործընկերը հանդիսանալու է Հայաստանը, ու դրա համար անդամատոմսը ամենեւին չունի սզբունքային նշանակություն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
http://www.lragir.am/index/arm/0/comments/view/158841

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir