KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Փաշինյանը որոշել է՝ երկուսը մեկում

Հակոբ Բադալյան: Փաշինյանը որոշել է՝ երկուսը մեկում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
27 0

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի խորհրդարանի ընտրություն: Ինչպես նախօրեին դիտարկել էի, Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, մտադիր է համատեղել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն և խորհրդարանի ընտրությունը: Երկուսը մեկում տարբերակով Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, կփորձի ստանալ առավելագույն էֆեկտ:

Նրա գլխավոր խնդիրը, իհարկե, լինելու է ոչ թե նոր Սահմանադրությունը, այլ խորհրդարանի ընտրությանը ցանկալի արդյունք ստանալը, որը թույլ կտա պահպանել իշխանությունը, ապահովել խորհրդարանի մեծամասնություն: Ներկայումս ինչպես վկայում են սոցհարցումները, Փաշինյանն ունի վարկանիշի լուրջ խնդիր: Նրա ակտիվ նախընտրական գործունեությունը միտված է հենց դրա չեզոքացմանը:

Փաշինյանը կարող է դիտարկել իշխանության պահպանման կոալիցիոն տարբերակ, սակայն, ըստ ամենայնի, խնդիրը նա դնելու է առավելագույն նշաձողով՝ ապահովել հնարավորինս սեփական ուժով հաղթանակ: Սահմանադրության պրոցեսը, ըստ ամենայնի, կծառայի այդ նպատակին: Իհարկե, սա չի նշանակում, որ այդ թեման Նիկոլ Փաշինյանը բերել է օրակարգ հենց այդ նպատակով: Նոր Սահմանադրության թեմատիկան ունի ներքին ու արտաքին մի շարք նպատակներ կամ նպատակային մի շարք շերտեր:

Ավելին՝ Սահմանադրության թեմայով Փաշինյանը, կարծես թե, փորձում է հերթական ընտրությանն ընդառաջ ապահովել նաև միջազգային որոշակի բարենպաստ միջավայր՝ հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղության գործընթացի համատեքստում, որը Հայաստանի շուրջ միջազգային մթնոլորտի ձևավորման, թերևս, առանցքային գործոնն է ներկայիս ժամանակահատվածում: Այդ կերպ Փաշինյանը հնարավոր է կչեզոքացնի նաև արտահերթ պրոցեսների ռիսկերը, կամ, համենայն դեպս, դրանց արտաքին՝ ուղղակի, թե անուղղակի հնարավոր ազդակները կամ խթանները:

Դրանց չեզոքացման կամ առկախման դեպքում Հայաստանի ներսում հազիվ թե կան արտահերթ գործընթացներ գեներացնելու ներուժ ունեցող հանգամանքներ, քանի որ ինչքան էլ մեծ է Նիկոլ Փաշինյանի հանդեպ անվստահության աստիճանը, համենայն դեպս, մեծ է մնում նաև նրա և հնարավոր մրցակիցների կամ հակառակորդների միջև այդ տարբերությունը:

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir