Սլովակիայի թեման գործնականում առավել խորն է, քան պարզապես վարչապետի դեմ մահափորձը:
Ի դեպ, այդ կապակցությամբ նախօրեին հոդված էի գրում այդ թեմայով, երբ հանկարծ հայտնի դարձավ, որ մահափորձ է կատարվել Ֆիցոյի դեմ:
Դեռեւս երկու-երեք շաբաթ առաջ, երբ Ֆիցոն այցելել էր Ադրբեջան, անդրադարձա թեմային, կարծիք հայտնելով, որ Հայաստանի համար արեւելաեվրոպական ուղղությունը պետք է լինի կարեւոր աշխատանքային ուղղություն: Այդ իմաստով, ես դեռեւս երկու տարի առաջ կարեւոր եմ համարել Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերության վերականգնման քայլը, որքան էլ դա պոպուլյար չէ սաֆարովյան գործարքի պատմության ֆոնին:
Արեւելաեվրոպական գոտին ունի թերեւս մի առանձնահատկություն, որը խորքային իմաստով ընդհանրական է մեր խնդիրների հետ: Այն է՝ չդառնալ Ռուսաստանի հետ Եվրաատլանտյան դիմակայության ճակատային գիծ, առաջնագիծ:
Եվ սա ըստ էության ռազմավարական հարցադրումն է այդ երկրների համար, որ նրանցից շատերի առաջնորդներն անում են հրապարակավ, այդ թվում նաեւ Սլովակիայի վարչապետը, որը մահափորձից հետո կոմայի մեջ է: Այդ ռազմավարական հարցադրումը էական նշանակություն է ունենալու նաեւ եվրոպակկան անվտանգության ապագայի համար:
Հայաստանում եվրոպական թեման առերեւույթ շրջանառության ռեժիմում զուտ կենացային կամ երկրպագուական ընկալումների մակարդակում է: Պետական քաղաքականության մակարդակում, ըստ իս, պահանջվում է հաշվի առնել ավելի խորքային իրողությունները: