Ես իհարկե տեղյակ չեմ շատ բաներից, ի տարբերություն աշխարհաքաղաքական կենտրոնների ղեկավարների, հատուկ ծառայությունների ղեկավարների եւ գլխավոր շտաբների տարբեր աշխատասենյակներում ձայնագրման սարք ունեցող եւ բոլորի պլաններին քաջատեղյակ մեր հարյուրավոր կամ հազարավոր հայրենակիցների:
Այդ իսկ պատճառով հետաքրքրում է միամիտ մի հարց: Ի՞նչ կլիներ, եթե Հայաստանի արտգործնախարարը այսօր լիներ ներկա Լավրովի եւ Բայրամովի ասուլիսին, եւ որեւէ լրագրողի պայմանավորված հարցի համաձայն արտահայտեր հայկական կողմի հստակ, փաստարկված, հիմնավոր տեսակետը եւ դիրքորոշումը՝ ի պատասխան բայրամով-լավրովյան մանիպուլյացիաների:
Այն, ոչ պաշտոնական, բայց տարածվող միտքը, որ արտգործնախարարի Մոսկվա չմեկնելը միանգամայն ճիշտ էր, որովհետեւ այնտեղ անխուսափելի ենթարկվելու էր Լավրովի ու Բայրամովի համակցված ճնշմանը, ավելի շուտ ամուլ է, քան ամուր:
Հանդիպման չգնալը, կամ հանդիպման սենյակից «փախչելը»՝ շատ տարիներ առաջ հայկական դիվանագիտությունն ունեցել է նաեւ բարձր մակարդակի այդպիսի դրվագներ, որեւէ կերպ չեն լուծում որեւէ ճնշման հարց, որովհետեւ ճնշում ասվածը «սենյակում բռնելը» չէ: Եթե դիվանագիտական հանդիպմանը կա այնպիսի ճնշման սպասում, որ առաջանում է դրա համար հանդիպումից խուսանավելու կարիք, ապա այդ ճնշումը կգտնի մեզ վաղ թե ուշ՝ այլ տեսքով ու այլ «տեղում»:
Ես չեմ բացառում, որ Հայաստանի արտգործնախարարի չմեկնելը ոչ թե փախուստ է ճնշումից, այլ պարզապես քաղաքական դեմարշ, թեեւ ոչ այնքան ստացված, որովհետեւ այդ դեպքում պահանջում է պաշտոնական մակարդակում իսկապես ամուր քաղաքական տեքստ: Նաեւ այդ առումով է, որ գործնականում կարծում եմ շատ ավելի ճիշտ կլիներ ասուլիսային «դեմարշը»՝ հենց Լավրովի ու Բայրամովի ներկայությամբ:
Հակոբ Բադալյան