Բրյուսելի հանդիպման առնչությամբ.
Ֆինանսական հատկացումների առնչությամբ թերեւս պարզ է՝ խոստանում են այնքան, որքան անհրաժեշտ է հանդիպման շուրջ առաջացած տեղեկատվական միջավայրի համեմատ շատ, թե քիչ համադրելի լինելու համար:
Հայտարարությունը, որ տարածել են հանդիպումից հետո, բավականին երկար է, բայց, ուշադիր կարդալու դեպքում ակնառու է դառնում, որ դրանում արտահայտված բուն մտքերը կարող էին տեղավորվել առնվազն դրա կեսի չափ տարածությունում:
Իսկ առանցքային միտքը, ըստ իս, եւ բրյուսելյան հանդիպման առնչությամբ մատուցվող բովանդակության էությունը, պարփակվում է հետեւյալ նախադասության մեջ. «Տնտեսական և ներդրումային պլանն ունի խաղաղության միջոցով տնտեսական առավելություններ ապահովելու ներուժ՝ ներառյալ տարածաշրջանային կապակցվածության հարցում, եթե և երբ թույլ տան պայմանները»: Եթե, եւ, երբ թույլ տան պայմանները:
Որոնք են պայմանները, շատ պարզ է՝ խաղաղություն Ադրբեջանի հետ՝ Ռուսաստանի եւ Իրանի մասնակցության առավելագույն չեզոքացմամբ:
Սա մի իրողություն է, որի հետ «խաղից» խուսափել Հայաստանն ըստ իս իհարկե չի կարող: Եվ գլխավոր հարցն այն է, թե Հայաստանը որքանով է կարող խաղալ այնպես, որ առավելագույնը քաղի այդ իրողության բերած այն մոտիվներից, որ Հայաստանի հետ հարաբերության հարցում արտահայտում են դիցուք ապրիլի 5-ի հանդիպմանը մասնակից կողմերը:
Քաղել առավելագույնը, միեւնույն ժամանակ խուսափելով այդ ամենի գին դարձնել Ադրբեջանի ռազմա-քաղաքական առավելապաշտությանն «ընդառաջ» գնալը:
Այն դեպքում, երբ գոնե առայժմ ակնառու է, որ այդ հարցում չի նշմարվում իրերի դրության փոփոխության որեւէ գործնական ծրագիր:
Ինչպես ապրիլի 5-ի հանդիպման երկու մասնակիցները՝ իհարկե իրենց շահերից ելնելով, որեւէ կերպ չեն ուզում Հայաստանի հետ հարաբերություն կառուցել Ադրբեջանի հետ առճակատման հաշվին, այդպես էլ Երեւանը երկու կարեւոր գործընկերների՝ Բրյուսելի եւ Վաշինգտոնի հետ հարաբերությունը պետք է չկառուցի որեւէ այլ ուղղությամբ հարաբերության հաշվեկշռի, կամ պարզապես՝ որեւէ այլ ուղղությամբ առճակատման հաշվին:
Այդ դեպքում միայն Հայաստանն ի վիճակի կլինի քաղել առավելագույնը: