Խնդիրների լուծման բանալին եռակողմ հայտարարությունների բովանդակությունն է, Մոսկվայում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպման մեկնարկին ասել է ՌԴ արտգործնախարար Լավրովը: Արարատ Միրզոյանն իր բացման խոսքում նշել է, որ չկա եռակողմ հայտարարության մի կետ, որ Բաքուն չի խախտել: Լավրովի և Միրզոյանի հայտարարություններից ստացվող տպավորությունն այն է, որ Մոսկվան ու Երևանը տարբեր գնահատական ունեն եռակողմ հայտարարությունների բովանդակության կատարման առնչությամբ: Լավրովը հայտարարել է, որ «ինչպես և գրված է եռակողմ հայտարարություններում, պատրաստ ենք ամեն կերպ աջակցել տրանսպորտային, հեռահաղորդակցային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն ու սահմանագծմանը, խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցմանը»:
Ուշադրության է արժանի, որ ՌԴ արտգործնախարարը չի խոսում Լաչինի միջանցքի արգելափակման, Արցախում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակի կառավարման և անվտանգության սպառնալիքների չեզոքացման, պարզապես սպանությունների մասին, որ իրականացնում են ադրբեջանցիները: Նա մեջբերում է տրանսպորտային հաղորդուղիների, սահմանազատման հարցերը, ինչի տողատակում գուցե այն է, որ Լավրովը այդ ուղղությամբ Երևանի քայլերով է պայմանավորում կամ տեսնում մնացյալ ուղղություններով Բաքվի գործողությունների «կառավարումը»: Այդ համատեքստում էլ Արարատ Միրզոյանն է նկատում, որ չկա գրեթե կետ, որ չի խախտել Բաքուն, հետևաբար «հիմնավոր» չէ Երևանին որևէ դիտողություն ներկայացնելը, եթե անգամ կան որոշ կետեր, որոնց առնչությամբ Երևանը չի շտապում անել քայլեր, որոնք ենթադրվում են: Մեծ հաշվով, սա կարող է նշանակել, որ արտգործնախարարների մոսկովյան հանդիպումը ի ցույց է դնում եռակողմ հայտարարությունների բովանդակային ճգնաժամը: Եվ դա թերևս զարմանալի կամ անսպասելի էլ չէ, նկատի ունենալով այն, որ դրանց ընդունման պահից ի վեր աշխարհը ենթարկվել ու շարունակում է ենթարկվել հիմնարար փոփոխությունների:
Եռակողմ այսպես ասած վերջին հայտարարությունը եղել է 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում, որ նախորդ՝ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների շարունակությունն էր: 2022 թվականի փետրվարի 22-24-ին աշխարհը մտել է մի նոր շրջափուլ, որում գործնականում ամեն օր փլվում է դրանից առաջ եղած մի ինչ որ բան: Եվ «տրամաբանական» է, որ փլուզումները հասնելու են կամ հասնելու էին նաև այդ եռակողմ հայտարարություններին: Այս հանգամանքը պարզ է թերևս բոլորի, այդ թվում առաջին հերթին Մոսկվայի համար: Պարզապես, Ռուսաստանն այժմ չունի դրան փոխարինող որևէ այլ պլան կամ ծրագիր և Ռուսաստանի «պլան մինիմումը» թերևս ռեգիոնալ կայունության պահպանումն է ու եռակողմ հայտարարություններին հղումները ներկայումս միտված են ոչ թե բուն այդ բովանդակությունը կյանքի կոչելուն, այլ նվազագույն խնդիրը լուծելուն: Կստացվի, թե ոչ, այլ հարց է: Ընդ որում, Հայաստանի համար կարևոր է, որ դա ստացվի, որովհետև հակառակ պարագայում նշանակելու է, որ եռակողմ հայտարարությունների փլուզումով փլուզվում է Կովկասի կայունության այն թեկուզ փուխր փաստաթղթային հիմքը, որ գոյություն ուներ 44-օրյա պատերազմի հրադադարից հետո: Ըստ ամենայնի այդ գիտակցմամբ է նաև, որ Արարատ Միրզոյանը Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը՝ ՌԴ հետ հարաբերությունը խորացնելու համար:
Հատկանշական է նաև Լավրովի հայտարարությունը, որ հնչեց արդեն հանդիպումից հետո: Նրա խոսքով, Արարատ Միրզոյանի հետ խոսել են ոչ թե փոխադարձ դիտողությունների տրամաբանությամբ, այլ ազնվորեն քննարկել են այն օբյեկտիվ իրավիճակը, որ առկա է եւ որը չի համապատասխանում եռակողմ հայտարարությունների բովանդակությանը, ու քննարկել են քայլեր, որ հնարավոր է անել իրավիճակը եռակողմի հուն վերադարձնելու համար: Լավրովը հայտարարել է, թե իրեն թվում է, որ այսօր եկել են որոշակի համաձայնոության: Այդուհանդերձ, թերևս խոսել բուն եռակողմ բովանդակության վերադարձի եւ իրագործման մասին, կլինի «գետնից կտրված», և «վերադարձ հուն» դիտարկելիս ըստ ամենայնի պետք է նկատի ունենալ իրավիճակի կառավարելիության հանգամանքը, որի տակ սակայն կշարունակի լինել թերևս բավականին փխրուն բովանդակություն: