Տեսակետը, որ կշարադրեմ, թերեւս առավել «ընթեռնելի» կլինի քաղաքական ճամբարային մտածողությունից դուրս դիտարկում իրականացնող լսարանի համար:
Եթե Հայաստանը բռնատիրական պետություն չէ, իսկ Հայաստանն այդպիսին չի եղել, չէ, եւ չի էլ լինի՝ որովհետեւ պարզապես չունի այդպիսին լինելու ռեսուրս, ապա Հայաստանը պարտավոր է լինել ժողովրդավարական պետություն:
Ժողովրդավարական պետությունը յուրաքանչյուրը կարող է իհարկե պատկերացնել յուրովի, միաժամանակ՝ ըստ այսպես ասած դասական տեսության:
Ըստ իս, ժողովրդավարական համակարգի կամ ռեսուրսի մեխը՝ հակակշիռներն են, գործուն, ոչ թե տեսական հակակշիռները: Այսինքն, եթե օրինակ երկրում կա քաղաքական մեծամասնություն, եւ չկա այդ մեծամասնությանը մոտալուտ հեռանկարում գործուն մրցակցություն ներկայացնելու ունակ քաղաքական միավոր, ուրեմն չկա ժողովրդավարություն:
Եվ կապ չունի՝ ազատ ընտրություն կա, թե ոչ: Ընտրության մեխանիզմը «չեխական խրուստալ» չէ, որ դնես «սերվանտն» ու զմայլվես՝ զմայլելով հյուրերիդ: Ընտրության մեխանիզմը պետության ճկունության, կենսունակության գործիք է, հետեւաբար այն պետք է ոչ միայն գոյություն ունենա ինքնին, այլ՝ բովանդակությամբ: Եվ, թե Հայաստանի քաղաքացիները, թե Հայաստանի հետ հարաբերվող արտաքին դերակատարները պետք է տեսնեն, որ այդ մեխանիզմը գործուն է, ոչ թե բյուրեղապակյա:
Իհարկե, միշտ հնարավոր է քննարկել բովանդակության որակը: Եվ պետք է քննարկել, քննել, որովհետեւ դա է արդիականացման, բարելավման, աճի ճանապարհը: Բայց, ինքնին սուբյեկտային նվազագույն՝ անվանական, նոմինալ գոյությունը այն երաշխիքն է, որ կապահովի ժողովրդավարական համակարգի գործուն էֆեկտ:
Այդտեղ՝ գործուն դրսեւորման մեջ է ժողովրդավարության էֆեկտը, ոչ թե պարզապես հռչակագրային խոսքերի կամ դասական տեսությունների: Քաղաքականությունը բարդ համակարգ է, լոկ ձեռնարկային տեսություններով չափելու համար:
Ահա թե ինչու, ինքս ներկայումս տեղի ունեցողը դիտում եմ որպես Հայաստանի համար հնարավորություն: Ինչպես կօգտագործվի այդ հնարավորությունը, սա այլ հարց է, կարեւոր հարց, որը պետք է բարձրաձայնվի, քննարկվի, շոշափվի եւ այլն, բայց ոչ թե առկա գործընթացի սուբյեկտային գոյությունը մերժելու, այլ հակառակը՝ ճանաչելու պայմանով, քանի դեռ չկա այլը:
Ընդ որում, այդ տրամաբանությամբ անհրաժեշտություն եմ գնահատել ոչ միայն ներկայումս տեղի ունեցողը, այլ նաեւ 2022-ին ու 23-ին՝ խորհրդարանական ընդդիմությունների փորձերը: Ովքեր հետեւել են գրառումներիս եւ հարցազրույցներից, թերեւս կվկայեն: