KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Ինչ է կատարվում Լաչինի շուրջ

Հակոբ Բադալյան: Ինչ է կատարվում Լաչինի շուրջ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
259 0

Այն, որ Լաչինի միջանցքը Ռուսաստանը դիտարկել ու դիտարկելու է անհրաժեշտության դեպքում թուրքերի ու ադրբեջանցիների հետ սակարկության առարկա, ինձ համար ենթակա չէ կասկածի: Ռուսաստանն ունի գերխնդիր՝ թույլ չտալ Կովկասում նոր բռնկում, որը կարող է լինել իր համար վերջինը:

Ինչքան էլ հնչի տարօրինակ, նույն խնդիրն ունենք մենք, որովհետեւ նոր պատերազմը, որը ՌԴ համար կլինի վերջինը (իսկ հնարավոր է նաեւ՝ ոչ), մեզ համար ցավալիորեն վերջինը կարող է լինել ավելի մեծ հավանականությամբ (հայցում եմ ֆեյսբուքյան կամ քաղ-փորձագիտական գեներալիտետի ներողամտությունը այդ կարծիքիս համար):

Մեզ համար իրավիճակը բարդանում է նրանով, որ Ռուսաստանը դարձյալ մեր հաշվին է փորձելու «հետաձգել» իր համար «վերջինը» լինելու ռիսկ պարունակող մեծ պատերազմը, որի բուն մոտիվն իհարկե լինելու է Իրանը:

Այդ բարդ իրավիճակում Հայաստանում արդեն իսկ հնչում են սուր քննադատություններ Ռուսաստանի հասցեին՝ թե չփորձես «ծախել» կամ «հանձնել» կամ չգիտեմ ինչ անել Լաչինը: Կներեք, բայց սա ոչ միայն լուրջ չէ, այլ նույնիսկ չափազանց վտանգավոր: Այո, ամեն վատ բան կարող է «դուրս գրվել» Ռուսաստանի վրա՝ թե միանգամայն հիմնավոր ու արդարացի, թե նաեւ բավականին հմուտ քաղտեխնոլոգիական հաշվարկով: Ի վերջո ռուսները այս ռեգիոնում աշխարհաքաղաքական իմաստով հայտնվել են այն վիճակում, ինչ վիճակում «նախկին իշխանությունը» Հայաստանի ներքաղաքական առումով՝ այսինքն միանգամայն հարմար «դուրսգրման» օբյեկտ:

Եվ այդ վիճակում նրանք հայտնվել են իհարկե առաջին հերթին իրենց քաղաքականության հետեւանքով, բայց մեզ համար ի՞նչ տարբերություն: Մեզ համար կա մեկ խնդիր, անել առավելագույնը, հնարավորն ու անհնարինը, որպեսզի չստեղծվի ռուսների վրա մեր որեւէ կորուստ «դուրս գրելու» իրավիճակ:

Իսկ դրա համար, ըստ իս, դարձյալ կարեւոր եմ համարում բարձրացնել հարցը մյուս բոլոր «խաղաղարար միջնորդների» առաջ՝ ի՞նչ է Լաչինի միջանցքը ձեզ համար: Դուք պատրա՞ստ եք այդ հարցում կանխել ռուս-թուրքական որեւէ առեւտուր, թե՞ հակառակը՝ սպասում եք դրան, որ հետո հայ ժողովրդին ուղղակի, թե անուղղակի ասեք՝ տեսա՞ք, էլի ռուսները գցեցին ձեզ:

Մենք դա գիտենք՝ անկախ նոր «գցոցիների» ծավալից ու ժամանակից: Մենք, որպես պետություն ու հանրություն պետք է հարց դնենք «չգցողների» առաջ, ոչ թե մյուս կողմից էլ նրանց ալիբին ապահովենք այն մտայնությամբ, թե բա մենք ռուսներին ռադ չենք անում, ուրիշները մեզ ինչու՞ օգնեն: Կներեք, մեզանից հազարապատիկ ուժեղ են բոլոր առումներով, իրենք այս ռեգիոնից ռուսներին ռադ չեն անում, մե՞զ են դնում դա անելու պարտավորության առաջ՝ որպես օգնության պայմա՞ն:

Կրկնեմ, հատուկ շատերի համար: Սա Հայաստանի քաղաքակրթական ընտրության հարցը չէ: 2016-ից հետո, ու 2018-ից հետո առավել եւս բազմիցս ասել եմ՝ Հայաստանի քաղաքակրթական ընտրության հարցը այլեւս բացառապես մեր ներքին կյանքում է:

Սա Հայաստաննի ու Արցախի անվտանգության հարց է եւ այդ հարցը աշխարհաքաղաքական դիմակայության արանքում հերթական անգամ չճզմելու խնդիր:

Ու այդ խնդիրը այսօր պահանջում է պատասխանատվության առաջ դնել ԲՈԼՈՐին, որոնք այս ռեգիոնում կռիվ են տալիս իրենց ռազմավարական հաջողության համար:

Հակոբ Բադալյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir