Հայաստանի տնտեսությունն, այո՝ ունի խոշոր բիզնեսի կարիք: Իրապես խոշոր բիզնեսի, այլ ոչ թե պարզապես՝ Հայաստանի «չափանիշներով» խոշոր բիզնեսի: Բայց դրա համար պետք է ոչ թե բարձրացնել մանր ու միջինի բեռը, այլ հիմնարար աշխատանք կատարել արտաքին խոշոր ներդրումային ծրագրեր ներգրավելու համար:
Տարիներ շարունակ հրապարակվում է 1000 խոշոր հարկատուների ցուցակը: Սա նույնիսկ ծիծաղելի է՝ Հայաստանում 1000 խոշոր հարկատու: Ծիծաղելի է, որովհետեւ այդ բնորոշումը տրվում է Հայաստանի չափանիշներով, մինչդեռ մենք մեր տնտեսության մասշտաբը պետք է համեմատենք ոչ թե ինքներս մեր հետ, այլ՝ մեր մարտահրավերների: Օրինակ՝ Ադրբեջանի, եւ այնտեղ իրականացվող տնտեսական, ներդրումային նախագծերի: Որովհետեւ Ադրբեջանը մեզ համար մարտահրավեր է:
Մեր 1000 խոշոր հարկատուների ցանկում այդ իմաստով կա թերեւս մեր մարտահրավերների հետ համեմատելի, իրապես խոշոր հազիվ մեկ-երկու տասնյակի հասնող ընկերություն:
Բնական է, որ նավթագազային ռեսուրս ունեցող Ադրբեջանի հետ բացարձակ համեմատութուն լինել չի կարող, ի վերջո նավթագազային սեկտորը տալիս է խոշոր գեներատիվ հնարավորություններ: Բայց, մեր համեմատական կողմնորոշիչը պետք է լինի հենց դա, հետեւաբար մեր գերխնդիրը պետք է լինի առավելագույնն անել Հայաստանում խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնելու, դրա համար արտաքին խոշոր գործընկերներ ներգրավելու համար: Չենք ունենա բացարձակ նույն արդյունքը, բայց միանգամայն հնարավոր է ունենալ համեմատելի արդյունք:
Մինչդեռ, Հայաստանում օրինակ իրականացվում է Ազգային ավիափոխադրող ստեղծելու ծրագիր, ոլորտում բավականին հեղինակավոր արտաքին ներդրողի՝ Շարժայի էմիրության Էյր Արաբիա ավիաընկերության հետ, բայց արտաքին ներդրողը դժգոհ է մնում պայմանավորվածությունների կատարման ընթացքից, ինչի հետեւանքը լինում է այն, որ ներդրումային ծրագիրը պարզապես ձախողվում է, իսկ Հայաստանը զրկվում միջազգային բարձր ստանդարտով աշխատող Ազգային ավիափոխադրող ընկերություն ունենալու, ըստ այդմ նաեւ՝ պետական արժեքավոր բրենդ ունենալու հնարավորություն:
Իսկ ի՞նչ վիճակում է Աբու Դաբիի էմիրության մեկ այլ խոշոր ներդրողի՝ Մասդարի հետ արեւային խոշոր կայան կառուցելու ծրագիրը: Ընթացքի մե՞ջ է, ո՞ր փուլում է: Ինչ որ քիչ ձայն կա այդ առնչությամբ: Հունիսի դրությամբ կար մի ռեպորտաժ, որ արեւային կայանի կառուցումը նույնիսկ չի էլ մեկնարկել, հետքն իսկ չկա: Այն դեպքում, երբ շահագործման ժամկետ էր նշվում 2025 թվականը, իսկ շինարարության մեկնարկի՝ 2023 թվականը:
Հայաստանի պետական մրցունակությունն ու կենսունակությունը պայմանավորված է լինելու մեր տնտեսության մեջ խոշոր տրամաչափով խաղացողների ներկայությամբ: Այո, չափազանց կարեւոր է նաեւ մանր ու միջին բիզնեսի, ըստ այդմ՝ միջին խավի ձեւավորումը: Բայց, դա տրամաչափը հենց համարժեք տրամաչափի էլ խնդիրներ է լուծում պետության համար, պետական դիմադրունակության ու կենսունակության համար: Եթե մենք, որպես պետություն ուզում ենք լուծել մեր առաջ եղած խոշոր խնդիրները, մենք պետք է կարողանանք ներգրավել խոշոր ներդրումներ, իրականացնել խոշոր նախագծեր, կարողանալ լինել արտաքին խոշոր ներդրողների համար վստահելի գործընկեր:
Կրկնեմ, ներդրումներ, ոչ թե վարկային միջոցներ:
Պատճառաբանությունը, թե ներդրողները չեն գա ռիսկային գոտի, մի կողմից լինելով իրավացի, մյուս կողմից այդուհանդերձ չափազանցություն են: Այո, Հայաստանը ներդրումային ջերմոց չէ, բայց այդպիսին չի լինի երբեք, եթե մենք իհարկե ուզում ենք, որ լինի սեփական քաղաքական ինքնությամբ եւ սուբյեկտությամբ պետություն: Հետեւաբար, այդ պետությունից պահանջվում է գտնել ներդրողների հետ հարաբերվելու, նրանց մոտ վստահության ու գրավչության սեփական բանաձեւը գտնելու կարողություն:
Այլ ոչ թե պարզապես դա անելու անկարողությունը ծածկելու համար հանրությանը ներշնչել դատապարտվածության զգացում: