Հակոբ Բադալյան: Եկեղեցին պե՞տք է միջամտի քաղաքականությանը։
«Օդով լցված» արտահայտություններից մեկն էլ այն է, որ եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ:
«Օդով լցված», որովհետեւ անհնարին է ունենալ հազարամյա պատմական խորը հետագիծ, ընդգրկել միլիոնավոր հետեւորդների, պարունակել դավանա-քաղաքական ահռելի ժառանգություն թե պատմամշակութային, թե պատմա-քաղաքական իմաստով, ու «չզբաղվել» քաղաքականությամբ:
Հայ Առաքելական Եկեղեցին տեղով մեկ քաղաքականություն է, «ի բնե» քաղաքականություն է:
Պարզապես, նեղացված է «քաղաքականությամբ զբաղվել» արտահայտությունը, հասցված է կուսակցական կամ ակտիվիստական պայքարի մակարդակի:
Իհարկե, Հայ Առաքելական եկեղեցին չպետք է զբաղվի այդ մակարդակի գործունեությամբ: Ավելին, դա առաջին հերթին նվաստացուցիչ է հենց ՀԱԵ համար, իր տրամաչափի համար:
Բայց քաղաքականությամբ չզբաղվել՝ մեր եկեղեցին չի կարող: Որովհետեւ, արժեքները, քրիստոնեական ուսմունքը, դրա տեղայնացումը հայության ինքնության շրջանակում, այդ ամենը քաղաքականություն է՝ մեծ քաղաքականություն: Եվ եկեղեցին պետք է մնա հենց այդ մեծ քաղաքականության բարձունքում: Դրանով է նաեւ, որ նա չափազանց կարեւոր ինստիտուտ է նաեւ հայկական պետականության համար, որովհետեւ իր պատմա-քաղաքական խորությամբ ու ընդգրկումով, նա մեծ քաղաքականության հավելյալ ներուժով ու ռեսուրսով է օժտում հայկական պետականությունը:
Ընդ որում, քաղաքականությամբ զբաղվելու համար եկեղեցին չունի ինչ որ հատուկ գործողությունների կարիք: Անգամ՝ դրա մասին մտածելու կարիք: Պարզապես՝ ՀԱԵ-ն իր գոյության ժամանակային, տարածական, դավանաբանական մասշտաբով գոյությամբ արդեն իսկ քաղաքականություն է, ինչպես անխուսափելիորեն քաղաքականություն է այդ մասշտաբի ցանկացած այլ ինստիտուտ:
Քաղաքականությամբ չզբաղվելու համար այն պետք է դադարի գոյություն ունենալ, կամ՝ պետք է զբաղվի «մանրություններով»:
Հիմա, առկա է հենց այդ վտանգը՝ Հայ Առաքելական եկեղեցու մանրացում: Ընդ որում, այդ վտանգը առկա է թե քաղաքական իշխանության գրոհներում, թե եկեղեցին այդ գրոհներից պաշտպանելու քաղաքական ընդդիմության մեթոդում:
Եկեղեցին եւ դրա ընթացի համար պատասխանատու բարձրաստիճան հոգեւորականությունը գործնականում այս «աքցանում» է, որքան էլ թվա, թե մի կողմից գրոհն է, մյուսում՝ պաշտպանությունը: Բովանդակային առումով սա «աքցան» է, որի արանքում սեղմվելով չմանրանալու խնդիրը պետք է լուծի ՀԱԵ-ն:
Share this content:
Yorum gönder