KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Գուցե չարժե՞՝ թե դրամատիզացնել, թե հերոսապատել ՀԱՊԿ զորավարժության չեղարկումը

Հակոբ Բադալյան: Գուցե չարժե՞՝ թե դրամատիզացնել, թե հերոսապատել ՀԱՊԿ զորավարժության չեղարկումը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
246 0

Հայաստանն ու ՀԱՊԿ-ն ըստ իս շարունակում են այս պահին փոխադարձաբար ընդունելի խաղը՝ պատասխանատվությունը միմյանց վրա գլորելը: Խաղը կշարունակվի, ինչպես հայտարարեց Պեսկովը, Երեւանի որոշմանն արձագանքելով, որ Մոսկվան կշարունակի Երեւանի հետ «երկխոսությունը իրապես բարդ հարցերի շուրջ»:

Այն, ինչին ՀԱՊԿ ի վիճակի է գործնականում, արել է մեկ տարի առաջ այս օրերին Ղազախստանում: Հայ հանրությունը թերեւս մոռացել է, թե ինչ «տվայտանքների» մեջ էր՝ Հայաստանի նախագահող կարգավիճակի առնչությամբ, երբ Երեւանի օպերատիվ գործողության շնորհիվ Ռուսաստանը ՀԱՊԿ խաղաղապահների դրոշի ներքո մի քանի հազար մարդուժ տեղակայեց եւ առ այսօր պահում է Ղազախստանում:

Թվում է, թե Երեւանը արեց , բայց, երբ պետք էր իրեն՝ չստացավ համարժեք արձագանք: Առերեւույթ՝ այդպես է: Գործնականում սակայն այսօր կարծում եմ տեղի է ունենում ավելի խորքային խաղ, եւ զգալի իմաստով՝ նախորդ տարվա ղազախական խաղի լայն համատեքստի շարունակությունը:

Հարգելի ընկերներ, ՀԱՊԿ զորավարժություն կաներ Հայաստանում, թե չէր անի, դրանից ոչինչ չէր փոխվելու: Իմիջայլոց, նկատենք, այդ զորավարժության «լեգենդը» (սցենարը), լինելու էր խաղաղապահությունը:

Մենք լրջորեն մտածում ենք, առ այսօր լրջորեն մտածում ենք, որ թյուրքալեզու երկրների կազմակերպության անդամներ Ղազախստանը, Կիրգիզիան որեւէ կերպ Հայաստանին օժանդակելու են Թուրքիայի կամ Ադրբեջանի որեւէ ագրեսիա հակադարձելու՞ն, եթե անգամ ինչ որ կերպ դիտարկենք, որ Ռուսաստանն ինքը հանկարծ որոշում է հակադարձել: Եթե տեսականում դիտարկենք ագամ այդպիսի հնարավորություն՝ Հայաստանի դեմ որեւէ ագրեսիային Ռուսաստանի հակադարձման ցանկություն, ապա Ռուսաստանն ունի դրա համար երկկողմ գործիքակազմ, դրա համար նրան պետք չէ ՀԱՊԿ:

Ռուսաստանին ՀԱՊԿ այսօր էապես անհրաժեշտ է կենտրոնասիական ուղղությամբ, որտեղ ի դեպ ստանում է հարվածները՝ ՀԱՊԿ անդամներ Կիրգիզիայի եւ Տաջիկստաննի սահմանին պարբերական սրացում-բախումների տեսքով:

Այդ դեպքում հարց կտանք, թե ի՞նչ կապ ունի Հայաստան-ՀԱՊԿ ճգնաժամը, որի ներկայիս բավականին արտահայտված փուլը փաստացի մեկնարկել է Պուտինի «Աուրուսում»՝ Զվարթնոց օդանավակայանից Դվին հյուրանոց ճանապարհին Փաշինյանի հետ զրույցով:

Սուբյեկտիվ պատասխանս. Հայաստան-ՀԱՊԿ ճգնաժամի խորացումը կենտրոնասիական ուղղությամբ ՀԱՊԿ գծով Ռուսաստանին պարտադրվող «ճգնաժամի» պատասխանն է, այսպես ասեմ՝ հակակշռող-պատասխանը, կամ ինչպես հենց ռուսներն են ասում՝ клин клином вышибают:

Զորավարժության չեղարկումն ավելի ազդող ազդակ է 2023-ի վերընտրության մեծ գլխացավով ապրող Էրդողանին, քան կլիներ «խաղաղապահության» զորավարժությունը: Ազդակ, որ, կենտրոնասիական ուղղությամբ «ստատուս-քվո» փոխելու թյուրքական նախաձեռնողականությունը կարող է ավարտվել Կովկասում դերակատարների փոփոխությամբ: Իսկ ո՞վ գիտե, թե ինչով դատարկ չի մնա ՀԱՊԿ «սուրբ» տեղը:

Նշանակու՞մ է այդ սուբյեկտիվ գնահատականս, թե նվազում են անվտանգության ռիսկերը Հայաստանի ու Արցախի շուրջ: Իհարկե ոչ: Եվ դրանք մեզանից շարունակում են պահանջել դիվանագիտական գերջանք: Պարզապես, դրանց առումով նշանակություն չունի՝ ՀԱՊԿ զորավարժություն լինելու էր, թե՞ ոչ, եւ գերջանքը ներկայիս անկանխատեսելի ու անորոշ աշխարհում կարող է պահանջել ու ենթադրել թերեւս նաեւ հրապարակային հայտարարություններին ասիմետրիկ գործընթացներ:

Որեւէ հայրենական կամ արտասահմանյան ակումբի երկրպագուներին խնդրում եմ չվատնել էներգիա այս գրառման ներքո:
Հակոբ Բադալյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir