KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Հակամարտություն Լեռնային Ղարաբաղում՝ ժամանակակից պատերազմի միջոցների տոնավաճառ. Sankei Shimbun (Ճապոնիա)

Հակամարտություն Լեռնային Ղարաբաղում՝ ժամանակակից պատերազմի միջոցների տոնավաճառ. Sankei Shimbun (Ճապոնիա)

Kafkassam Editör Kafkassam Editör - - 11 dk okuma süresi
498 0

Ճապոնացի հեղինակին՝ Յուիտի Օնոդային (Yuichi Onoda) ապշեցրել է Ադրբեջանի հաջող մարտավարությունը, որը, ըստ նրա, ցույց տվեց աշխարհին, թե ինչպիսին կարող են լինել ապագայի պատերազմները: Ինչպես նշում է հեղինակը, Ադրբեջանի անօդաչուների դեմ անարդյունավետ գտնվեցին անգամ ռուսական С-300-ները, որոնք Հայաստանն օգտագործում էր նրանց դեմ մարտերում, և Ռուսաստանը շփոթահար էր այդ զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) ոչնչացումից:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի՝ ԽՍՀՄ նախկին հարավկովկասյան հանրապետությունների միջև բյուրեղացրեց երկրների միջև ժամանակակից պատերազմի ձևը. կիրառվում են զանազան ռազմական անօդաչուներ, ինչպես նաև քարոզչություն IT տեխնոլոգիաների օգտագործմամբ:

Զարմացնում է հատկապես Ադրբեջանի՝ անօդաչուների օգտագործման հմուտ մարտավարությունը: Նա կարճ ժամանակում չեզոքացրեց Հայաստանի պաշտպանական ցանցը: Փորձագետների կարծիքով՝ այդ հակամարտության շնորհիվ աշխարհն իմացավ, թե ինչպիսին են լինելու ապագա լոկալ բախումները:

Անօդաչուներ՝ խայծեր հին ինքնաթիռներով

Առճակատման ընթացքում, որը սկսվել է սեպտեմբերի 27-ին, զոհվել են ավելի քան 900 զինվոր և քաղաքացիական անձինք երկու կողմերից: Հոկտեմբերի 22-ին նախագահ Պուտինը, որ ջանում է միջնորդի դեր խաղալ խաղաղ կարգավորման հարցում, կարծիք հայտնեց, որ մարտերի զոհ է դարձել մոտ 5 հազար մարդ:

Կողմերը շարունակում են մեղադրել միմյանց՝ հայտարարելով, որ մարտերի պատասխանատվությունը հակառակորդինն է: Մինչդեռ փորձագետների շրջանում շրջանառվում է այն կարծիքը, որ պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը՝ ձգտելով «ազատագրել» ինքնավար մարզը, որը գտնվում է Հայաստանի հսկողության տակ և միջազգային հանրությունը հայկական է համարում:

Վերջին տարիներին Ադրբեջանը մեծացրել է իր ռազմական հզորությունը: Ավելին, հակամարտությունից մի քանի օր առաջ զորքերը շարժեց դեպի ինքնավար մարզի հետ սահմանը: Թուրքիայի օգնությունը, որը Ադրբեջանի քվազիդաշնակից է, նույնպես հրել է Ադրբեջանին վճռական գործողությունների:

Պատերազմի սկզբից ի վեր Ադրբեջանը վարել է հետևյալ մարտավարությունը.

Նա հին խորհրդային АН-2 ինքնաթիռները վերածել է անօդաչուների, ուղղել է դրանք Ղարաբաղի վրա՝ ստիպելով Հայաստանին գործի դնել ՀՕՊ-ի համակարգը և այդպիսով տեղորոշել է այդ համակարգերը: Միաժամանակ հետախուզական անօդաչուները ճշտել են հայկական զորքերի տեղակայման կետերը:
Հրետանու, «զեմլյա-զեմլյա» հրթիռների, իսրայելական Harpy կամիկաձե անօդաչուների օգնությամբ, որոնք հայտնաբերում էին թշնամական ռադիոլոկացիոն կայանները, ինչպես նաև թուրքական հարվածային Bayraktar TB2 անօդաչուների շնորհիվ ոչնչացվել են փոքր հեռահարության «զեմլյա-վոզդուխ» հրթիռները, որոնք սպառնում էին անօդաչուներին, զենիթային զենքերը և տանկերը, որոնք սպառնում էին ցամաքային զորքերին:
Դրանից հետո տարածաշրջան են ուղղվել հետևակ ուժերը, որոնք գրավել են հակառակորդի հենակետերը:
Հայաստանը նույնպես փոքր անօդաչուներ ունի, բայց դրանք քիչ են և նախատեսված են հետախուզության համար: Ուստի դրանք ոչինչ չեն կարողացել Ադրբեջանին դիմակայելու համար:

Հրադադարի պայմանավորվածությունը ձեռք բերվեց Ադրբեջքանի կողմից ինքնավար մարզը և հարակից հենակետերը գրավելուց հետո: Այդուհանդերձ տարերային բախումներ էին տեղի ունենում նաև հրադադարի պայմանավորվածությունից հետո: Իրավիճակը չափազանց անկայուն է:

Ես կարծում եմ, որ ապագա բանակցությունների ընթացքում քննարկվելու է այն տարածքների դրությունը, որոնք Ադրբեջանն առել է իր հսկողության տակ:

Նոր հետազոտություններ անօդաչուների կիրառման ոլորտում

Մեկնաբանելով ադրբեջանցիների՝ անօդաչուների օգտագործման մարտավարությունը՝ ռազմական փորձագետ Յու. Կոիձումին (Yu Koizumi) նշում է. «Կիրառելով խայծ անօդաչուները՝ Ադրբեջանը կատարելագործեց թշնամական ՀՕՊ-ի դիրքերի հայտնաբերման ավանդական մարտավարությունը»:

Այսինքն՝ ռազմական գործի ոլորտում մասնագետների համար սա նորություն չէ:

Կոիձումին ընդգծել է նաև. «Ադրբեջանական անօդաչուների հաջողության պատճառը Հայաստանի՝ անօդաչու թռչող սարքերին հակազդելու թույլ հնարավորությունն է, ինչպես նաև տանկերի ու զենիթային դիրքերի վատ քողարկումը»:

ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի դեպքում, որոնք ուսումնասիրում են անօդաչուների դեմ միջոցները, Ադրբեջանի մարտավարությունը նման արդյունք չի տա:

Կոիձումիի խոսքով՝ ԱՄՆ-ն և Չինաստանը շատ ավելի առաջադեմ տեխնոլոգիաներ են մշակում. բարձր արագության անտեսանելի անօդաչուներ, որոնք չեն հայտնաբերում ռադարները, ինչպես նաև «պարսերի մարտավարությունը», որով բազմաթիվ մանր անօդաչուները գործում են համաձայնեցված:

«Հավանականություն կա նաև, որ ապագա պատերազմների դեպքում մեծ տերությունների միջև անմիջական բախումներ չեն լինի: Ինչպես ցույց են տվել Սիրիայի և Լիբիայի դեպքերը, նրանք իրար վրա ճնշում կգործադրեն ավելի շուտ պրոքսի միջնորդների միջոցով: Սովորական կդառնա այսպես կոչված «միջնորդավորված պատերազմը»,- նշում է Կոիձումին:

Քանի որ լոկալ կոնֆլիկտները, որոնց ընթացքում կռվում են փոքր երկրները մեծ տերությունների սահմանափակ միջամտությամբ, ժամանակակից պատերազմի դասական օրինակներից են, մեծ է հավանականությունը, որ անօդաչուների կիրառման մարտավարությունը, ինչպես ադրբեջանականը, հետագայում էլ բարձր արդյունավետություն կունենա:

Ռուսական ՀՕՊ համակարգերի անկարողությունը

Բացի այդ, հակամարտության ժամանակ ի հայտ եկավ անօդաչուների դեմ ռուսական ՀՕՊ С-300 ռուսական համակարգերի ցածր արդյունավետությունը, որոնցից ունի Ռուսաստանի ռազմական դաշնակից Հայաստանը:

С-300-ի որոշ հրթիռակոծումներ հաջող են եղել, սակայն անօդաչուները ոչնչացրել են մեծ թվով С-300-ներ: Ինչպես երևում է, ռուսական ԶԼՄ-ները ցնցված էին ՀՕՊ համակարգերի ոչնչացումից, որոնցով այնքան հպարտանում էր Ռուսաստանը:

Հոկտեմբերի 17-ին «Մոսկովսկի կոմսոմոլեցը» հոդված հրապարակեց, որում հեղինակը չի թաքցնում զարմանքը. «Անակնկալ դարձավ նոր հակառակորդի (անօդաչուների) դեմ Հայաստանի ՀՕՊ-ի գրեթե լրիվ անկարողությունը»:

Բերվում է նաև ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Միխայլովսկու կարծիքը. « С-300 համալիրի ռադարները հայտնաբերում են ներքին այրման շարժիչներով թիրախները՝ ինքնաթիռ, ուղղաթիռ, մեծ անօդաչու: Ցածր թռչող կամիկաձե անօդաչուները դրանց թիրախը չեն: Դրա համար պատասխանատու պետք է լինեին մոտ գործողության ՀՕՊ-երը, որոնք ոչնչացվել էին նախապես»: Ինչպես և Կոիձումին, Միխայլովսկին նշում է անօդաչու թռչող սարքերի նկատմամբ ՀՕՊ համակարգերի խոցելիությունը, ինչպես նաև Ադրբեջանի հմուտ մարտավարությունը:

Ինչպես ցույց տվեց ղարաբաղյան հակամարտությունը, հետագա բախումների ընթացքում, մի կողմից, կմեծանա անօդաչուների կարևորությունը օդում առավելության ապահովման տեսանկյունից, մյուս կողմից՝ կնվազի խոշոր կառավարվող թռչող սարքերի օգտագործումը, որոնք հայտնաբերվում են գոյություն ունեցող ՀՕՊ համակարգերով:

Ես կասկած չունեմ, որ Ռուսաստանը, ջանքեր չխնայելով С-400-ները՝ С-300-ների հետնորդները արտահանելու համար, ցավ է ապրել С-300-ների թույլ կողմերի երևան գալու համար:

Քարոզչությունը սոցիալական ցանցերում

Այս հակամարտության առանձնահատկություններից է նաև այն, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ջանասիրաբար թշնամական սպառազինությանը և ստորաբաժանումներին հարվածներ հասցնելու վերաբերյալ լուսանկարներ և տեսագրություններ էին հրապարակում համացանցում՝ ցուցադրելով աշխարհին իրենց հաջողություները:

Վերջին տարիներին՝ Սիրիայում և Լիբիայում տեղի ունեցող բախումների ժամանակ, կառավարության զորքերի դեմ կռվող զինված խմբավորումները համացանցում հրապարակում էին մարտերի տեսագրություններ, որպեսզի ցույց տային իրենց նվաճումները կամ միջազգային հանրությանը թեքեին իրենց կողմը: «Իսլամական պետություն կազմակերպությունը», որ փորձում էր Իրաքում և Սիրիայում կեղծ պետություն ստեղծել, նույնպես իր արմատական գաղափարների գրավչությունը մեծացրեց դաժան տեսահոլովակներ տարածելով:

Այս անգամ էլ Հայաստանը և Ադրբեջանը տեղեկատվական պատերազմ ծավալեցին IT տարածությունում:

Հենց որ սկսվեց հակամարտությունը, երկու երկրների պաշտպանության նախարարությունները սկսեցին թվիթերում և վեբկայքերում մեծ քանակությամբ թշնամական զենիթային դիրքերի և տանկերի ոչնչացման տեսանյութեր տեղադրել, ինչպես նաև տեսագրություններ, որոնցում պատմում էին հակառակարոդի գրոհների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների մասին: Երկու կողմերն էլ կարծում էին, որ այդպես կցուցադրեն իրենց հաջողությունները, կբարձրացնեն իրենց զինվորների ոգին, ինչպես նաև ցույց կտան հակառակորդի անմարդկային էությունը:

Այդ տեսահոլովակները կարելի էր նայել աշխարհի ցանկացած անկյունում: Այդպես ահա տեղի էր ունենում չհաստատված տեղեկությունների անսահմանափակ տարածում:

Մեկնաբանելով այդ հակամարտության առանձնահատկություններից մեկը՝ Կոիձումին նշում է. «Երկու երկրների պաշտպանության նախարարությունները թվիթերում հրապարակել են իրենց նվաճումները, որոնք էապես չափազանցված էին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերում հայտարարեց համընդհանուր զորահավաքի և ռազմական դրության մասին, և ես այնպիսի զգացողություն ունեցա, որ տեղեկատվական պատերազմի հիմնական մարտադաշտը հենց այդ ցանցն է»:

Պատերազմի ընթացքում նաև բազմիցս հերքվել են հաջողությունները, որոնք տարածում էր հակառակորդը: Բացի այդ, արդի տեխնոլոգիաները կեղծ տեսարաններ մոտաժելու հնարավորություն են տալիս և այնպիսի քանակությամբ, որ հասկանալի չէ, թե ինչն է ճշմարտություն, ինչը՝ սուտ:

Կարծում եմ, որ հետագա հնարավոր հակամարտություններում համացանցը, որպես քարոզչության միջոց, էլ ավելի եռանդով կօգտագործվի: Պատերազմը Ադրբեջանի և Հայաստանի միջև, որի ընթացքում լիովին օգտագործվել են անօդաչուները և տեղեկատվական տեխնոլոգիաները, ցուցադրեց ժամանակակից ճակատամարտի պատկերը:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir