Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հեռակա երկխոսությունը վկայում է, թե որքան նվաստացուցիչ վիճակում է հայտնվել Հայաստանը պատերազմում կրած պարտությունից և իշխանության ղեկին կրկին Նիկոլ Փաշինյանին թողնելուց հետո։
Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Հայաստանը դրական քայլեր անի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Թուրքիան համարժեք արձագանք կտա։ «Թուրքիան երկկողմ և բազմակողմ դիվանագիտական բանակցություններ է վարել` տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար», – ասել էր Էրդողանը, հավելելով` ղարաբաղյան վերջին պատերազմից հետո այդ ուղղությամբ առաջընթացի համար նոր հնարավորություններ են ստեղծվել:
Օգոստոսի 27-ին ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ի պատասխան հայտարարեց, թե տարածաշրջանային խաղաղության առումով Թուրքիայի կողմից որոշակի դրական ազդակներ կան։
«Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,- ասել էր ՀՀ վարչապետը։
Երեկ էլ Չեռնոգորիայում Էրդողանը մեկնաբանել է Նիկոլ Փաինյանի հայտարարությունը։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ` բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա: Էրդողանը հույս է հայտնել, թե Հայաստանի նոր կառավարության գործունեությունն օգտակար կլինի տարածաշրջանի համար:
«Մեր տարածաշրջանում նոր, կառուցողական մոտեցումների կարիք կա: Չնայած կարծիքների և ակնկալիքների տարբերություններ կան, բայց վստահության հիման վրա բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու անկեղծ ջանքերի գործադրումը պատասխանատու մոտեցում կլինի` հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա», – ասել է Էրդողանը:
Ըստ էության, Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե պատրաստ են նոր հարաբերություններ սկսել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ընդունելու, Թուրքիայից երբևէ տարածքային հավակնություններ չունենալու, Ցեղասպանության ճանաչման հարցում հետքայլ անելու դիմաց։ Էրդողանի խոսքից պարզ է դառնում, որ Հայաստանին պարտադրում են մասնակցել վեցակողմ հարթակի ստեղծմանը։ Նշենք, որ Վրաստանը հրապարակավ հրաժարվել էր այդ հարթակին մասնակցելուց՝ պատճառաբանելով Ռուսաստանի հետ իր ունեցած խնդիրները, մինչդեռ Հայաստանը դեռ որևէ կերպ չի արձագանքել նման հարթակի ստեղծմանն իր մասնակցությունը բացառելու վերաբերյալ։ Թուրքիայից և Ադրբեջանից հավակնությունների հրաժարման մասին է նաև ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը, որտեղ բառ անգամ չկա պատերազմի հանցագործներին միջազգային դատարան հանձնելու և պատժելու մասին։ Հայաստանի իշխանությունները մինչև վերջ նվաստանում են թշնամու առաջ, և այդ նվաստացումը դեռ երկար է շարունակվելու, քանի դեռ իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է։
Կարեն Պապիկյան