KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. «Լավ կլիներ, որ Տեր-Պետրոսյանի առաջարկը՝ ԼՂ հարցը քննարկման թեմա դարձնել, ընդունվեր»

«Լավ կլիներ, որ Տեր-Պետրոսյանի առաջարկը՝ ԼՂ հարցը քննարկման թեմա դարձնել, ընդունվեր»

Kafkassam Editör Kafkassam Editör - - 15 dk okuma süresi
359 0

Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը

– Պարոն Սարգսյան, ապրիլի 2-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքները հրապարակվել են, խորհրդարան են անցնում 4 ուժեր։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրողությունը։

– Զարմանալի ոչ մի բան չկա, պրոցեսի մեջ արդեն իսկ պարզ երևում էր՝ ինչ է կատարվում։ Եղավ այն, ինչ պետք է լիներ։ Զարմանալի կլիներ, եթե ուրիշ բան լիներ։ Փաստորեն՝ գործող համակարգի բացերը նոր կանոններով, նոր ձևով փորձել են պահպանել և ուժեղացնել։ Այսինքն՝ 2 կուսակցությունով գործող համակարգը գրավեց պառլամենտը, մեկը կոչվեց ընդդիմություն, մեկն էլ կլինի մեծամասնություն։ Մնացածն էական չէ այդտեղ։ Դա երևում էր, երբ ընդունվեց Ընտրական օրենսգիրքը, երբ նախընտրական պրոցեսն էր կատարվում։ Ավելին՝ հաջողացրեցին այնպես անել, որ հետընտրական խնդիրներ չլինեն։ Սա եզակի դեպք է, որ անգամ բողոքարկող չկա։

– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ բողոքարկող չեղավ։ Չէ՞ որ բոլորը խոսում էին կեղծիքներից, ընտրակաշառքի համատարած բաժանումից, և այլն։

– Այն տրամաբանությունը, որով անցկացվեցին այս ընտրությունները, նոր Օրենսգիրքն իր մեջ պարունակում էր այդ մեխանիզմները, որոնք տեղ չեն թողնում բողոքարկելու։ Ոչ ոք չի ասում, որ քվեները չեն համապատասխանում։ Հայաստանում ընտրություններ չեն, և բոլորը գիտեին, որ դա ընտրություն չէ, կեղծվում են ինչ-որ եղանակով։ Այս անգամ դա ստացվեց լրիվ ուրիշ եղանակով, և ընդհանրապես տեղ չի մնում բողոքարկման, այսինքն՝ շատ հմուտ ձևով նոր մոտեցում ցուցաբերվեց։ Կարելի է ասել՝ ճորտատիրական ինչ-որ մեխանիզմ ստեղծվեց, պարտադրանքի մեթոդոլոգիա, որն ամրացվում էր գումարներով։

– Նախընտրական շրջանում հետընտրական զարգացումների մասին խոսում էր ՕՐՕ դաշինքը, որի ներկայացուցիչները երեկ հայտարարել են, որ պետք է շարունակեն պայքարը՝ արտախորհրդարանական, փողոցում, նաև այլ ինստիտուտներում։ Ձեր կարծիքով՝ այսօր Հայաստանում որքանո՞վ է արդյունավետ փողոցային պայքարը։

– Ո՞ւր է փողոցային պայքար, որ լինի՝ կտեսնենք։ Օրինակ՝ 2007թ. բավականին նման իրավիճակ էր, երբ բոլոր գործող կուսակցությունները պրակտիկորեն դուրս էին մնացել խորհրդարանից, բայց այն ժամանակ մենք տեսանք, որ բավականին ակտիվ փողոցային բողոքարկումներ եղան, հազարավոր մարդիկ ելել էին բողոքի, բայց հիմա դա չկա։ Գրեթե նույնն է վիճակը, բայց բողոքարկում գոյություն չունի։

– Խորհրդարան չանցավ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը, որ նախընտրական շրջանում խաղաղության թեզն էր առաջ քաշել, որը, ինչպես ասում էին որոշ վերլուծաբաններ, ձեռնտու է Սերժ Սարգսյանին։ Ինչո՞ւ քաղաքացիների կողմից այդ թեզը չընկալվեց։

– Այդ գաղափարով ընտրությունների դուրս գալն ընդհանրապես խնդրահարույց էր։ Չգիտեմ՝ իրենք ոնց են դա գնահատում՝ ձայներ չստացավ խաղաղության կոնցե՞պտը, թե՞ ձայներ չի ստացել այդ ուժը։ Դրանք տարբեր բաներ են։ Պետք է փորձեն իրենք հասկանալ և ճիշտ գնահատել իրադրությունը։ Ինչ վերաբերում է, թե ինչ հարաբերություններ էին ուզում ստեղծել իշխող կուսակցության հետ, ես չգիտեմ։ Դա ընդամենը խոսակցություն է, որ կարող է՝ եղել է, կարող է՝ չի եղել։

Դա էական էլ չէ, որովհետև խաղաղության խնդրում մի քիչ հավասարեցվում էին ՀՀԿ-ի և ՀԱԿ-ի դերերը, քանի որ երկուսն էլ խաղաղություն էին քարոզում։ Այդ առումով էլ կարելի է եզրակացություն անել, որ խաղաղության կոնցեպտը հաղթել է, քանի որ մեկը ոչ միայն անցել է, այլև մեծամասնություն է։ Այդ պատճառով ես խնդիրը դրա մեջ չեմ տեսնում, թե ինչքանով էր նպատակահարմար։ Դրա պատասխանը կարող են տալ իրենք՝ ինչի՞ վրա էին հույս դրել, ի՞նչ նպատակ էին հետապնդում։

– Նոր համակարգի պայմաններում, առավել ևս՝ 2018թ. հետո, նախագահը չի լինելու երկրի «գլուխը», և ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է խորհրդարանի վրա, այդ թվում՝ Ղարաբաղի հետ կապված իրավիճակի։ Իսկ վերջին շրջանում խոսվում էր, որ միջազգային հանրության կողմից ճնշում կա Ղարաբաղի հարցում առաջընթաց արձանագրելու համար։ Այս իրադրությունում ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

– Մենք տեսանք, թե ինչպես էր գրեթե միաձայն գործում դեռևս գոյություն ունեցող խորհրդարանը՝ վավերացնելով ռեժիմի կողմից իջեցված ցանկացած որոշում, օրինակ՝ ԵԱՏՄ-ի, գազային համաձայնագրի դեպքում, և այլն։ Եվ այդ մեխանիզմը հիմա ոչ միայն պահպանվել է, այլև ավելի է ուժեղացել։ Եվ նշանակություն չունի, թե որտեղից է իջեցվելու հրահանգը։

Ասում ենք՝ ամեն ինչ պառլամենտի ձեռքին է լինելու, բայց պառլամենտն ինքը ոչ մի բան է։ Այդ ուժերի ծրագրերում ոչ մի պատկերացում երկրի խնդիրների մասին և լուծման առաջարկներ չկան։ Ուրեմն կրկին ինչ-որ տեղից պատրաստի որոշումներ գալու են ԱԺ և հանգիստ քվեարկվելու են։ Այդ մեխանիզմը գոյություն ունի։ Թե ի՞նչ որոշումներ կլինեն, դա կյանքն է ցույց տալիս։ Իհարկե, Ղարաբաղյան խնդրի հետ կապված մտահոգությունը հանրության մեջ մեծ է, որովհետև գիտեն, որ որևէ մեկը չկա, որ որոշումը պառլամենտում քննարկի ու մի բան առաջարկի։

Այսինքն՝ մտահոգությունն այն է, որ, եթե ինչ-որ մեկը մի բան պարտադրի, այդ մարդիկ ինչպե՞ս կպահեն իրենց։ Կարծում եմ՝ ինչ էլ պարտադրեն, շատ հանգիստ կպահեն, ամեն ինչն էլ շատ հանգիստ անցնելու է։ Բայց թե ինչ կպարտադրեն, դեռ պարզ չէ, պետք է հետևել միջազգային պրոցեսների զարգացմանը։

– ՀՀ առաջին նախագահին շատ քարկոծեցին, և խաղաղության թեզը չհասկացվեց «հողեր հանձնելու» դրույթի պատճառով։ Կա՞ որևէ տարբերակ, երբ առանց հող հանձնելու հնարավոր կլինի Ղարաբաղյան խնդրի լուծումը։ Եթե՝ ոչ, հնարավո՞ր է, որ խորհրդարանը՝ հավաքական պատասխանատվությամբ, երբ որևէ կոնկրետ անձի մեղադրել չի լինի, ի վերջո, ստորագրի նման փաստաթուղթ։

– Գոյություն ունի Մադրիդյան փաստաթուղթ, որի մասին խոսել է Տեր-Պետրոսյանը, և ասել է, որ միջազգային հանրության առաջարկն է դա, որոշողը նրանք են, և դա պետք է ընդունվի։ Այդ փաստաթղթում, ի տարբերություն շատ ուրիշ առաջարկների, որոնք եղել են ժամանակին, պարզ ու հստակ՝ որպես կենտրոնական կետ, նշված է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Այսինքն՝ Ադրբեջանից պահանջ գոյություն ունի։ Մնացած բոլոր խնդիրները կապված են այս պահանջի հետ։

Բազմաթիվ անգամ համանախագահներն ասել են այդ մասին, վերջին անգամ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն է ասել, որ խնդիրը կարգավիճակն է, մնացած խնդիրներն ածանցյալ են դրանից։ Բայց ասվեց, որ Ադրբեջանը երբեք դա չի անի և երբեք չի ճանաչի Ղարաբաղի անկախությունը, որովհետև ինքնորոշման իրավունք ճանաչել՝ նշանակում է՝ ճանաչել այդ ժողովրդի անկախության իրավունքը։

Դրանից ելնելով պետք է նայել այդ խնդրին։ Եթե ասվել է, որ Ադրբեջանը երբեք դա չի անի, նշանակում է, որ Մադրիդյան սկզբունքներով այս խնդիրը չի լուծվում, թեև մինչև հիմա ասվում էր, որ լուծում կա։ Դրա համար, երբ մենք խոսում ենք խնդրի լուծումից, պետք է պարզ, հստակ ասվի՝ ի՞նչ ենք հասկանում՝ լուծում ասելով, ինչպե՞ս կարող է լուծվել։ Նման թեմաները երբեք չեն խոսվում Հայաստանում, որովհետև անընդհատ լռում ենք ու սպասում, որ Մադրիդյան սկզբունքներով խնդիրը լուծվի։

Հիմա ասում են՝ այնտեղ լուծում չկա։ Ստեղծվել է իրավիճակ, երբ հանրությունը պետք է ասի՝ այս դեպքում պոտենցիալը ո՞րն է։ Ես միշտ ասել եմ՝ ցանկացած խնդիր աշխարհում լուծվում է այն ժամանակ, երբ ստատուս-քվոն փոխարինվում է իրավունքների ճանաչմամբ։ Եթե դուք իրավունքները չեք ճանաչում, խնդիրները չեն լուծվում։ Իսկ ինչպե՞ս է առաջացել ստատուս-քվոն։ Դրա մասին ոչ ք չի խոսում։ Ստատուս-քվո՝ նշանակում է, որ ԽՍՀՄ քայքայումից հետո ստեղծվել է մի տարածք՝ շատ կոնկրետ ժողովրդի վերահսկողության տակ՝ Հայաստանի պատրոնաժով, իսկ այդ տարածքի բոլոր իրավունքները ճանաչված են՝ ի օգուտ Ադրբեջանի։

Այսինքն՝ տարածքը գտնվում է այլ մարդկանց ձեռքին, միջազգայնորեն ճանաչված իրավունքները՝ այլ։ Սա է ստատուս-քվոն։ Հիմա ինչպե՞ս լուծել այդ խնդիրը։ Մադրիդյան սկզբունքները, ըստ էության, իրավունքների բաժանում է։ Տարբեր դեպքերում տարբեր մոտեցում է կիրառվել, օրինակ՝ Կոսովոյում խնդիրը լուծվել է, երբ միջազգային հանրությունն այդ տարածքը ճանաչել է՝ որպես այդ ժողովրդինը, և հարցը փակվել է։ Ղարաբաղի դեպքում ինչպե՞ս պետք է լինի։

Այսպես թե այնպես, իրավունքը պետք է ճանաչվի։ Հետաքրքիր է, որ ապրիլյան պատերազմից հետո ամբողջ աշխարհում տարբեր ատյաններում խոսում էին այդ մասին, որ պետք է ճանաչել ԼՂ անկախությունը, այսինքն՝ մարդիկ առաջարկում էին՝ որպես լուծում, որ պետք է ճանաչել։ Եվ հիմա այս ընտրությունների ժամանակ ստատուսի խնդիրը երկրորդական դարձվեց, որ ընդհանրապես պետք չէ ստատուսը պնդել, պետք է տարածքային բաղադրիչներով լուծել։

Տարածքային բաղադրիչները կենտրոն բերելը հիմք հանդիսացավ հողերը հանձնելու մասին այդքան խոսակցություններին, և խաղաղության կոնցեպտը միանգամից ընկալվեց՝ որպես հողեր տալ-չտալու հարց։ Բայց զուգահեռ աշխարհում հակառակ պրոցեսն է գնում, և դա պատահական չէ, որ խոշոր երկրների տարբեր նահանգներ ճանաչում են ԼՂ անկախությունը։ Մենք ենք այդ բառին անլուրջ վերաբերվում։ Գիտե՞ք, թե ճանաչումն ինչ է։ Եթե մենք խոսում ենք, պետք է հասկանանք մի բան՝ ով ունի ճանաչված սուվերեն իրավունք, նա էլ ունի օրինական ելք և զենք կիրառելու իրավունք։ Շատ պրակտիկ և կարևոր բան է։

Նայեք Ալիևի վերջին հայտարարությունները։ Նա խոսում է, որ ամբողջ աշխարհը ճանաչում է ԼՂ-ն՝ որպես Ադրբեջանի օրինական տարածք, և իրենք զենք կիրառելու օրինական իրավունք ունեն և կիրառելու են։ 20 տարուց ավելի այդ մարդիկ միայն այդ նախադասությունն են ասում։ Ճանաչել-չճանաչելը շատ լուրջ հարց է և, կարծում եմ՝ Հայաստանում դա քչերն են ընկալում։ Անգամ, եթե ՄԱԿ-ի մեկ անդամ պետություն ճանաչում է, Ադրբեջանի զենք կիրառելու իրավունքը կասկածի տակ է դրվում աշխարհում, որը չկա հիմա։

Դրա համար էլ Ադրբեջանն անընդհատ պնդում է դա, և ՄԱԿ-ի վերջին նստաշրջանում էլ հայտարարեցին, որ ՄԱԿ-ի կանոնադրությամբ իրավունք ունեն օրինական զենք կիրառել։ Սա այն հարցերն են, որ, եթե չեն քննարկվում, ապա ընդհանրապես խոսելը Ղարաբաղի հարցի մասին անիմաստ է։ Մնում է միայն այն, որ 25 տարի բազմաթիվ տարբեր քաղաքական ու հասարակական գործիչներ ասում են՝ եթե չի լուծվում, հանձնում ենք։ Բարդ խնդիր է։ Լավ կլիներ, իհարկե, որ Տեր-Պետրոսյանի առաջարկը՝ այս հարցը քննարկման թեմա դարձնել, ընդունվեր։

Դա շատ կարևոր է, որովհետև Ղարաբաղյան խնդիրը Հայաստանում երբևէ նորմալ դիսկուսիայի մեջ չի եղել։ Դա եղել է իշխանությունների մոնոպոլ իրավունքը։ Օրինակ՝ ԱԺ-ում մի քանի անգամ բարձրացվել է ճանաչման հարցը, բայց միանգամից պատգամավորների կեսը փախչում է, կեսը փակվում է։ Հարցն անգամ քննարկելու ցանկություն չունեն։ Իսկ մինչև դա չլինի, խնդրի մասին խոսելն անիմաստ է։

– Հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները՝ հնարավո՞ր է՝ ստեղծվի իրավիճակ, երբ միջազգային հանրությունը կողմերին լուծում պարտադրի։

– Դա անհնարին է, ոչ ոք չի պարտադրի, և իրենք էլ ոչ մի ցանկություն չունեն։ Ամեն ելույթի ժամանակ ՄԽ յուրաքանչյուր համանախագահ ասում է՝ որևէ մեկը որևէ բան չի պարտադրում։ Նման խնդիր չկա։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir