Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր ասել է, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուսաստանյան խաղաղապահների գլխավոր եւ անհետաձգելի խնդիրներից մեկը մահացածների մարմինների եւ գերիների փոխանակումն է։
Այս մասին Լավրովը ասել է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի առցանց նիստին հաջորդած մամուլի ասուլիսում, նաեւ նշել, որ գործընթացի արդյունավետության համար անհրաժեշտ է, որ երկու կողմերի ռազմական ղեկավարներն ունենան անհայտ կորածների հստակ ցուցակ, որպեսզի հնարավոր լինի ավելի առարկայական զբաղվել խնդրով։
«Մահացածների թիվը փոքր չէ, մենք շահագրգռված ենք այս հումանիտար խնդրի հնարավորինս արագ լուծմամբ, ինչի համար մեր խաղաղապահները մի շարք հստակ քայլեր են արել։ Այս հարցի շուրջ ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի հետ հեռախոսազրույցների ընթացքում պարբերաբար խոսում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ նման շփումները վերջին շաբաթների, օրերի ընթացքում քիչ չեն եղել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Սերգեյ Լավրովը նշել է, որ ՌԴ խաղաղապահները անհետ կորած անձանց եւ զոհվածների մարմինների փոխանակման խնդիրներին մեծ ուշադրություն են դարձրել նաեւ այն իրավիճակում, երբ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն ԼՂ-ից դուրս է բերել իր աշխատակիցներին։
«Հաշվի առնելով տեղանքը, ռազմական գործողությունների ընթացքը, դրանց դադարից անմիջապես հետո հնարավոր չի եղել զբաղվել այդ հարցերով։ Վերջին շրջանում ԿԽՄԿ-ն, ինչպես պայմանավորվել էինք Կոմիտեի ղեկավարի հետ, աշխատակիցներին վերադարձրել է ԼՂ եւ ծրագրում է տարածաշրջանում մեծացնել իր ներկայությունը, այդ թվում՝ Բաքվում եւ Երեւանում։ Հուսանք, որ մասնագետների ներկայությունը կարագացնի աշխատանքների ընթացքը, խաղաղապահները եւս կօգնեն, սակայն փաստ է, որ կան օբյեկտիվ դժվարություններ, որոնք, հույս ունեմ, արագ կլուծվեն»,- ասել է Սերգեյ Լավրովը։