Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ հուլիսյան բախումներից հետո թե Հայաստանը, թե Ադրբեջանը շահագրգռված են, որ իրավիճակը հանդարտվի, և վերսկսվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերը, որոնց էլ որպես կանոն հաջորդում է արտգործնախարարների հանդիպումը։
«Մեր գիծը հենվում է 18 տարիների ընթացքում ձևավորված համալիր փաստաթղթերի վրա, կան այսպես կոչված` «Մադրիդյան սկզբունքներ, և կան փաստաթղթերի թարմացված տարբերակներ: Մենք հիմա տեսնում ենք, թե ինչպես այսպես կոչված` լճացման պայմաններում լսվում են ձայներ, որ պետք է հրաժարվել այդ փաստաթղթերից և սկսել մաքուր էջից, կամ էլ ինչ-որ «Պլան Բ»-ի գործողության մեջ դնելու մասին են խոսում: Մենք կարծում ենք, որ դա մեծ սխալ է, վստահ ենք, որ վերջին տարիներին արվածը պետք է մնա որպես մեր հետագա աշխատանքների հիմք: Ես չեմ բարձրաձայնի, թե նախնական ինչ համաձայնություններ կան, դա կոնֆիդենցիալ է, բայց կարող եմ ձեզ վստահեցնել, որ այնտեղ կան հանգուցալուծումներ, որոնք արդարություն կապահովեն թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմի համար», ասել է նա:
Լավրովի խոսքում առկա է հավասար հեռավորությունը հակամարտության կողմերից, թեթեւ կշտամբանքով, որ ցանկանում են հրաժարվել առկա փաստաթղթերից կամ ունեն պլան Բ։ Լավրովը Տավուշի մարտերից հետո երկրորդ անգամ է արտահայտվում այդ իրավիճակի մասին, առաջին անգամ՝ Բաքվի նոր արտգործնախարարի հետ հանդիպման նախօրեին, որտեղ սակայն նա լարվածության համար հիմնականում մեղադրեց հայկական կողմին․ հայերը որոշել էին վերականգնել իրենց հին պահակետը, դա առաջացրել էր Ադրբեջանի չափից ավելի անհանգստությունը, ինչին էլ հայերը անհամաչափ արձագանք էին տվել, մոտավորապես ասել էր նա։
Դա նվեր էր Բաքվի նոր արտգործնախարարին, որը սակայն իր առաջին այցը կատարել էր Անկարա եւ այնտեղ ստացել իր «մկրտությունը»։ Հետտավուշյան քաղաքական սրացման հեղինակը Թուրքիան էր, որն իրավիճակն օգտագործեց Ռուսաստանի դեմ դեմարշի եւ Բաքվում իր ազդեցությունը մեծացնելու համար, անվերապահ աջակցություն հայտնելով նրան։ Ռուսաստանի հավասար հեռավորության քաղաքականությունն անխուսափելի ճաքեր է տալիս ապրիլյան պատերազմից հետո, եւ հետաքրքիր է, որ մոսկովյան տարբեր շրջանակներում դրա համար մեղադրում են հայերին։ Հայերը երեւի շահեր չպետք է ունենան, ըստ այդ տրամաբանության։
Լավրովը ապրիլյանից Տավուշի մարտեր ժամանակաշրջանում զրկվեց իր երկու ձեռքերից, որոնց միջոցով ապահովում էր այդ քաղաքականությունը՝ նախ հեռացվեց Նալբանդյանը, ապա՝ Մամեդյարովը։ Լավրովի հետտավուշյան հայտարարությունները վկայում են, որ նոր իրավիճակին համարժեք քաղաքականության ձգտում ու պատկերացումներ չկան, եւ այդ իրավիճակում ցանկություն է հայտնվում իրավիճակը վերադարձնել նախկին «փաստաթղթերի ու հանգուցալուծումների» տրամաբանությանը։
Հավասար հեռավորության քաղաքականությունը Ռուսաստանին կանգնեցրել է լուրջ խնդիրների առաջ, ոչ միայն Կովկասում։ Հայաստանը 30 տարի սպասարկել է այդ քաղաքականությունը, շատ դրվագներում՝ իր շահերի հաշվին, այդպիսով կատարելով իր դաշնակցային պարտավորությունները։ Հայ-ռուսական հարաբերությունների այդ երեք տասնամյակն ավարտվում է։