Tahran – Moskova ilişkisinin geleceği

Rusya, Suriye’ye İskender füzelerini yerleştirdi Mi

Gürcistan’ın NATO’ya neden ihtiyacı var?

İmamoğlu var, amma çözüm yox” – İstanbul müəmması davam edir

«Ինձ պետության շահն է անհանգստացնում, անձերն անցողիկ են»

Ermenistan 12 Şubat 2019
21

Հարցազրույց հասարակական, քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանի հետ – ՀՅԴ Հայաստանի ԳՄ մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնախումբը հայտարարություն է տարածել կառավարության կառուցվածքում մշակույթի նախարարության` իբրեւ առանձին պետական լիազոր մարմնի եւ ինստիտուտի անհրաժեշտության մասին: Ի՞նչ հիմքով է նման հայտարարություն արվել: – Մոտ երկու ամիս առաջ շրջանառվեց Կառավարության կառուցվածքի վերաբերյալ մի նախագիծ, որը նախատեսում էր երկու՝ մշակույթի եւ կրթության նախարարությունների միավորումը։ Ճիշտ է՝ նախագիծը հետո անհետացավ, չտեղադրվեց պաշտոնական տեղեկատվության հարթակներում, ինչը հաստատված ընթացակարգերի պահանջն է, սակայն գաղափարը համառորեն շարունակեց շրջանառվել զանգվածային լրատվամիջոցներում։ Ի վերջո, ՀՀ վարչապետը live-ում ներկայացրեց երկու կառույցները միավորելու իր մտադրությունը։ Մշակույթի, սպորտի եւ կրթության նախարարությունների հնարավոր կամ արդեն ուրվագծվող միացումն անհանգստացնող է, եթե ոչ՝ անհասկանալի։ Անհասկանալի, որովհետեւ «օպտիմալացման անհրաժեշտություն» լայն հասկացությունից անդին այլ հիմնավորում չի ներկայացվել. օրինակ՝ թե ոլորտում կառավարման ինչ մոդելներ են որդեգրվելու, ինչ առաջնահերթություններ են սահմանվելու, թե մշակութային ինչ քաղաքականության, ինչ ռազմավարության վրա է հենվելու օպտիմալացումը, կամ՝ Հայաստանի քաղաքական ներկայում եւ հեռանկարում ինչ տեղ է վերապահված նրան։ Ի դեպ, այս հարցերի պատասխանները չեք գտնի նաեւ Կառավարության 2019-2023թթ. ծրագրում։ – Ինչո՞ւ եք կարծում, որ մշակույթին բացառիկ դերակատարություն է վերապահված ազգային անվտանգության եւ երկրի սոցիալ-քաղաքական փոփոխությունների ներկայիս համատեքստում։ – Հազարամյակներ շարունակ, անգամ պետականության կորստի պայմաններում, մեր ինքնության ողնաշարը կենսունակ է մնացել մեր՝ լայն ընդգրկումով մշակույթի (ներառյալ լեզու, եկեղեցի) շնորհիվ։ Մեր հիմնական այցեքարտն ու մեր ամենամրցունակ ապրանքը մշակույթն է։ Մշակույթի մեջ աներեւակայելի պրագմատիզմ կա, այն արժեհամակարգ է ստեղծում, պետություն ու քաղաքացի է կերտում։ Մշակույթն է այն նախաստեղծ հենքը, որի վրա կարող ես իբրեւ պետություն քո տեղն ապահովել քաղաքակրթական հարափոփոխ դաշտում։ Հիմա՝ առավել. իշխանափոխությունից հեղափոխություն ճանապարհ կա անցնելու, եւ այն անկարելի է առանց ամուր, անխոցելի արժեքային համակարգի, առանց բոլոր տեսակի՝ ներքին եւ արտաքին մարտահրավերներին, քո ինքնության իմունիտետի դիմակայությամբ։ Փորձեք խնդրին նայել այս օրարին մեր ազգային ինստիտուտների (եկեղեցի, դպրոց, ընտանիք, ազգային խորհրդանիշներ) նկատմամբ ոտնձգությունների եւ սպառնալիքի համատեքստից։ Մշակութային դաշտում են գեներացվում մեր ազգային արժեքները, սա աներկբա է։ Հետեւաբար մշակույթի դերակատարության քաղաքական ընկալումը պիտի մեր կառավարիչների տեսլականի մաս կազմի։ Ցավոք, Կառավարության հնգամյա ծրագրի նախագծի Մշակույթ բաժնի շարադրանքից ակներեւ է, որ մեր պետականաշինության ու ազգային ինքնության, ազգային արժեհամակարգի ձեւավորման մեջ չի կարեւորվել եւ գիտակցվել մշակույթի քաղաքական դերակատարությունը։ Այս մտածումը անհեռանկար է… – Հաճախ շատ կարեւոր հարցերի մասին ՀՀ վարչապետն իրազեկում է իր «լայվերի» միջոցով, Ձեր կարծիքով՝ ո՞ր հարցերը չպետք է ունենան «լայվ»-ային ձեւաչափ։ – Լայվային ձեւաչափը գոյության իրավունք ունի։ Մասնակցային ժողովրդավարության գործիքակազմից է, զգացական ու քաղաքական, վարկանիշային մեծ ռեսուրս ունի։ Ինչ ասել, ինչ չասելը անհատական է՝ պայմանավորված մեր վարչապետի համոզումներից ու պատկերացումներից, դե նաեւ՝ պետության շահից։ Այնուամենայնիվ, լայվը չի կարող փոխարինել հաստատված պետական ընթացակարգերին, պաշտոնական ինստիտուտներին, որոնք ապահովում են պետության ողնաշարը, նրա մոդելավորված աշխատանքը։ – Ինչո՞ւ եք կարծում, որ ՀՀ մշակույթի ու կրթության եւ գիտության նախարարությունները միավորելու դեպքում այդ գերատեսչությունը ոչ արդյունավետ կաշխատի: – Նախ՝ անընդունելի եմ համարում մշակութային ահռելի ժառանգություն ունեցող, մշակույթն իբրեւ այցեքարտ, համաշխարհային քաղաքակրթությանը մեծ ներդրում ունեցող երկրում առանձնացված կառույց չունենալը։ Սա մեր մոդելը, մեր ճակատագիրը չի, այս մոտեցումը հղի է անդառնալի կորուստներով։ Մեր ապագայում էլ է մեծ տեղ վերապահված մշակույթին, եղածը պահել, զարգացնել, ներուժը չմսխել, Երեւանից դուրս հանել, աղքատություն կրճատել, հանցագործության դեմ պայքարել… մշակույթի ներուժը ահռելի է, հարկավոր է տեսնել կարողանալ… Կրթության ոլորտում նույնպես խնդիրներն ահռելի են. միաձուլումը արդյունավետ չի լինի երկուսի համար էլ։ Սա հանգամանալից մտածված ծրագիր չէ։ – Արդյոք կառավարության կառուցվածքային փոփոխությունները եւ օպտիմալացումն արդարացվա՞ծ են, եթե չեն հետեւել փորձագիտական եզրակացության, մասնագիտական քննարկումների, թե՞ միավորումն ուղղակի միջոց է կուսակցի համար սուպերնախարարություն ստեղծելու: – Հանրային քննարկումներ չեն եղել, չի ներկայացվել փորձագիտական եզրակացություն։ Նախարարությունների միավորումը հիմնավորվում է սոսկ օպտիմալացման անհրաժեշտությամբ, չկա ֆինանսական վերլուծություն։ Չեմ առարկի, մշակույթի ոլորտի օրենսդրական դաշտը կարգավորելու, նախարարությունում կամ նրան ենթակա ՊՈԱԿ-ներում, արդյունավետ կառավարման, գործող ընթացակարգերը բարեփոխելու անհրաժեշտություն կա, բայց լուծման ճանապարհը միավորելը չի։ Այս պատմության մեջ ինձ պետության շահն է անհանգստացնում, անձերն անցողիկ են։
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/02/11/1017961/?fbclid=IwAR34xaps1Nhd29BwTlQub9hmm6rGKdYfeyJo29rekCH9HL6g-WXaVJqxHb8

Yorumlar