Temmuz’da S-400’ler Geliyor

BREXIT EUROSKEPTİKLERİ YILDIRABİLİR Mİ?

Mısır Suriye İhvan hareketi ne için oluştu

Şu an Türkiye ve İran ile diyalog zor ve faydasız

Ժողովրդավարության հաղթանակն ու Փաշինյանի ջախջախիչ պարտությունը

Ermenistan 11 Haziran 2019
12

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ծանր պարտություն կրեց: Առաջին հայացքից սա օրինաչափ և ժողովրդավարական հանրույթներին բնորոշ իրողություն է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նույն կարծիքին է՝ նշելով, թե Աբովյանի ընտրություններում հաղթել է ժողովրդավարությունը: Իսկապես այդպես է. հետհեղափոխական Հայաստանում կառավարող ուժը չպետք է գերակա դիրքեր ունենա՝ մնացյալ քաղաքական միավորներին թողնելով լուսանցքից այն կողմ:

Նորից շեշտադրենք, որ համանման եզրակացությունները հետևանք են միայն առաջին հայացքի: Բայց առավել խորքային ու հիմնային վերլուծության պարագայում պարզ է դառնում, որ խնդիրը միայն ժողովրդավարության մեջ չէ: Իրականում ՔՊ-ի ջախջախումը շատ ավելի լուրջ պատճառներ ունի:

Նշենք, որ ժողովրդավարության վերաբերյալ պատկերացումները մեր միջավայրում չափազանց պարզունակ են: Այսինքն՝ ժողովրդավարությունը սահմանափակվում է կարճաժամկետ գործընթացի և արձանագրված արդյունքների փխրուն շրջանակներում՝ հաշվի չառնելով գործընթացի համատեքստն ու բուն էությունը: Ասվածի տրամաբանությունից ելնելով` Աբովյանի ընտրություններն արտաքին տեսքից ժողովրդավարական էին, բայց գործընթացի համատեքստն ու էությունն առնվազն խնդրահարույց էին:

Թերևս, ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ Աբովյանում տիրապետող է փոխհարաբերությունների կլանային սկզբունքը: Մեծ հաշվով, քաղաքն ու ընդհանրապես այդ շրջանը «բդեշխության» կարգավիճակ ունեն և դիտարկվում են որպես մեկ անհատի ազդեցության գոտի: Եթե Աբովյանի ընտրություններն արժևորելու և գնահատելու փորձը կատարվում է առանց այս համատեքստի, ապա գործ ունենք առնվազն քաղաքական ինքնախաբեության ու երեսպաշտության հետ:

Հենց այստեղ է թաքնված հիմնախնդրի ամենակարևոր հարցադրումը. արդյոք հնարավո՞ր է կլանային համակարգի և խոշոր կապիտալի վայրի էքսպանսիայի
պայմաններում իրականացնել ժողովրդավարական ընտրություններ: Պատասխանը միանշանակ է, այո՛, հնարավոր է, բայց միայն ձևով ու փաթեթավորմամբ:

Իսկ խորքային իմաստով, խոշոր կապիտալը, ժողովրդավարական մեխանիզմների ու կլանային համակարգի ներգործությամբ, մշտապես հայտնվելու է հաղթողի դիրքերում: Այսինքն՝ այս պարագայում ժողովրդավարությունը հանդես է գալիս ոչ թե բովանդակության, այլ ընդամենը պարզունակ գործիքի դիրքերից: Գործիք, որը իրավական հիմքեր է ստեղծում կլանային ու բդեշխային համակարգի կատարելագործման և նոր որակներով դրսևորման համար:

Սա համաշխարհային պատմության ընթացքում տարածված պրակտիկա է: Մեկ անգամ չէ, որ կենսունակ արժեքները օգտագործվել են որպես գործիք չարիքի ստեղծման համար: Նույն տրամաբանությամբ ժողովրդավարական արժեքների շահարկումն ու սխալ կիրառությունն էլ կարող է դառնալ նոր կլանային համակարգի հիմնասյունը:

Ցավոք սրտի, կառավարող ուժն ու դրա ներկայացուցիչները չեն կարողանում հասկանալ այս պարզ ճշմարտությունը, կամ էլ հասկանում են, բայց չգիտեն՝ ինչպես դիմագրավել այդ մարտահրավերին:

Իրականում խնդիրը չափազանց պարզ է ու հասկանալի: Ավելին՝ կլանային համակարգի դեմ պայքարի դեղատոմսը վաղուց արդեն հայտնի է՝ առնվազն 300 տարի: Բանն այն է, որ պետությունը չի կարող լինել միայն իրավական ու ժողովրդավարական: Վերոհիշյալ երկուսից զատ պետք է առաջնային պլան մղվի նաև պետության սոցիալական բնույթը կամ էլ դրա անհրաժեշտությունը: Պատահական չէ, որ զարգացած պետություններում իրավական, ժողովրդավարական և սոցիալական բաղադրիչները մշտապես շեշտադրվում են կողք կողքի, քանի որ սրանք անբաժան տարրեր են, և մեկի բացակայությամբ իմաստազրկվում են նաև մյուս երկուսը: Այս երեք կարևորագույն տարրերը ամրագրված են նաև ՀՀ Սահմանադրության մեջ, բայց, ցավոք սրտի, դրանց փոխգործակցությունն ու ներդաշնակ գոյությունը երևում է միայն թղթի վրա: Իրականում արդեն իսկ պարզ նշմարվում է, որ Փաշինյանն ու ՔՊ-ն փորձում են իրավական ու ժողովրդավարական պետություն ստեղծել՝ հաշվի չառնելով և նույնիսկ մի կողմ թողնելով սոցիալական բաղադրիչը: Ասվածը հիմնավորվում է կառավարության հարկային քաղաքականությամբ, ինչպես նաև պատգամավորների և պաշտոնյաների առանձին հայտարարություններով: Նրանց գործունեության հիմնական թիրախը խոշոր կապիտալն է: Կառավարող ուժը բիզնես միջավայրն ու ներդրումային քաղաքականությունը պատկերացնում է միայն խոշոր սեփականատերերի ներգործությամբ: Իսկ աղքատ ժողովուրդը պարզ չէ, թե ինչ կարգավիճակ ունի, նրան հորդորում են փոխել տնտեսական վարքագիծը, ոչխար պահել, չծուլանալ ու աշխատել, և այսպես շարունակ:

Կառավարության և խոշոր սեփականատերերի շահավետ փոխգործակցությունն ու աղքատ ժողովրդի անորոշ և պասիվ կարգավիճակը նպաստավոր պայմաններ են ստեղծում սոցիալական անարդարության խորացման համար: Իսկ կլանային համակարգի ու խոշոր կապիտալի վայրի տիրապետության ուղիղ հետևանքն է սոցիալական անարդարությունը: Այսինքն՝ կառավարող ուժը ոչինչ չի անում սոցիալական արդարության ձևավորման և, առհասարակ, սոցիալական պետություն ստեղծելու համար: Ընդհակառակը՝ նրանք առաջնային պլան են մղել իրավականությունն ու ժողովրդավարական փաթեթավորումները՝ առանց հասկանալու, որ սոցիալական արդարության բացակայության պայմաններում պաշտպանվելու են միայն խոշոր սեփականատերերի իրավունքները:

Հանրային բարիքի և ունեցվածքի անարդար բաշխվածության հետևանքով աղքատ ժողովուրդը մշտապես տնտեսական կախվածության մեջ է գտնվելու խոշոր սեփականատերերից՝ դառնալով որպես կույր գործիք, հարկ եղած դեպքում նաև քաղաքական: Սոցիալական անարդարության պայմաններում մարդիկ ի զորու չեն քաղաքական որոշում և ընտրություն կայացնել, քանի որ նախապատվության հիմքում միշտ էլ տիրապետող է լինելու տնտեսական կախվածության արատավոր հանգամանքը:

Փաստենք, որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես հեղափոխություն նախաձեռնած գործիչ, ուղիղ արտադրանքն է սոցիալական անարդարության: Այսինքն՝ քաղաքացիների միջավայրում նա դիտարկվել է որպես միջոց անարդարության դեմ պայքարելու համար: Բայց ճակատագրի հեգնանքով սոցիալական անարդարության հետևանքով հաղթանակած գործիչն այսօր անտեսում է այդ չափազանց կարևոր մարտահրավերի առկայությունը: Սա էլ երևի «իզմ»-երի բացակայության և կառավարող ուժի գաղափարազուրկ լինելու ուղիղ հետևանքն է:

Պետք է փաստենք, որ վարչապետի և նրա անգործունյա թիմի վարկանիշը օր օրի անկում է ապրում, իսկ հեղափոխության նվաճումներն էլ պարզապես մսխվում են:

Եթե Փաշինյանն ու ՔՊ-ն, ի վերջո, դասեր չքաղեն գործած սխալներից, ապա նրանք չափազանց ծանր պարտություն են կրելու և ոչ միայն առանձին քաղաքներում, այլ ամբողջ Հանրապետությունում: Սոցիալական անարդարության պայմաններում ապրող ժողովուրդը բոլոր ընտրություններում նախապատվությունը տալու է խոշոր կապիտալին ու կլանային համակարգին: Եվ սա ռացիոնալ ընտրություն է, քանի որ դեռևս չկայացած ու պետության ապագայի վերաբերյալ հստակ գաղափարներ չունեցող քաղաքական ուժը չի կարող մրցունակ լինել: Ի դեպ, ՔՊ-ի պարտությունը լինելու է ավելի քան իրավական ու ժողովրդավարական ճանապարհով, իսկ ժողովուրդն էլ շարունակելու է ապրել հակասոցիալական պայմաններում: Հայաստանի գյուղերում և քաղաքներում շրջում է մի ուրվական՝ սոցիալական բունտի ուրվականը, իսկ վարչապետի շնորհիվ պատգամավոր և մարզպետ դարձած ինքնավստահ երիտասարդները շարունակում են կարծել, թե Աբովյանի ընտրությունները ժողովրդավարական էին:
Կարպիս Փաշոյան

Yorumlar