Trump’tan Hamaney ve 8 İranlı yetkiliye ağır yaptırım

ABD’de Kilise bombalama suçundan bir Suriyeli tutuklandı

Trump’ın İran yaptırımlarında ana hedef Hamaney

Georgian government offers concessions to end crisis

Էրդողանի արտաքին արկածախնդրությունների տնտեսական գինը

Gündem 1 Nisan 2019
33

Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ
Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա)
քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող

ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ

Արտաքին քաղաքական ոլորտում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի թույլ տված մի շարք սխալներ բավական թանկ են արժեցել Թուրքիայի տնտեսության վրա։
Էրդողանի արտաքին քաղաքական սխալներից տնտեսական պլանում տուժել են Թուրքիայի միլիոնավոր քաղաքացիներ։
Էրդողանի արտաքին քաղաքական սխալները վտանգի տակ են դնում Թուրքիայի՝ էներգետիկ հանգույց դառնալու հեռանկարները։
Տարածաշրջանային զարգացումները նույնպես իրենց բացասական կնիքն են թողնում Թուրքիայի տնտեսության վրա։
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Վերջին տարիներին Թուրքիայի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը և մասնավորապես դրանում տեղ գտած սխալները բացասաբար են ազդել Թուրքիայի տնտեսական ցուցանիշների վրա։ 2002թ. նոյեմբերին Թուրքիայում իշխանության եկավ «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), որը դրանից հետո անընդմեջ հաղթեց Թուրքիայում անցկացված բոլոր ընտրություններում, ինչպես նաև երեք անգամ հաջողությամբ անցկացրեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվե։ Այս ամենում իրենց ծանրակշիռ դերը խաղացին ԱԶԿ-ի ձեռք բերած տնտեսական նվաճումները. 2003-2018թթ. Թուրքիայի տնտեսական ցուցանիշները (ՀՆԱ, արտահանում, զբոսաշրջիկների հոսք, ներդրումներ և այլն) միջին հաշվով եռապատկվել են։ 2018թ. վերջին Էրդողանը, ամփոփելով տարվա տնտեսական արդյունքները, հայտարարեց, որ Թուրքիան տնտեսության ծավալով՝ հաշվարկված գնողունակության համարժեքությամբ, աշխարհում զբաղեցնում է 13-րդ տեղը։ Նա ընդգծեց, որ 2018թ. երկրի արտահանումը հասել է 168.1 մլրդ $-ի, իսկ առևտրային դեֆիցիտը կրճատվել է 55 մլրդ $-ով (2002թ. Թուրքիայից արտահանումը կազմել է 36 մլրդ $)։ Էրդողանի խոսքերով՝ վերջին 16 տարիներին Թուրքիայի տնտեսությունում կատարված օտար ուղիղ ներդրումները կազմել են 201 մլրդ $, մինչդեռ 1975-2002թթ. ցուցանիշը կազմել է ընդամենը 15 մլրդ $[1]։

Եվ չնայած տնտեսական այս տպավորիչ արդյունքներին՝ Թուրքիայի քաղաքացիներին ներկայումս ավելի շատ մտահոգում են հենց տնտեսական և ոչ թե ասենք ահաբեկչական խնդիրները։ Վերջերս Optimar հետազոտական ընկերության անցկացրած սոցհարցման արդյունքները (դրան մասնակցել է 2523 մարդ) վկայել են, որ Թուրքիայի քաղաքացիների 35.5%-ը կարծում է, որ տնտեսական իրավիճակի վատթարացումը Թուրքիայի ամենասուր խնդիրն է։ Այդ կարծիքին է հարցման մասնակից կանանց 38.8%-ը և տղամարդկանց՝ 32.2%-ը։ Հարցման մասնակիցների 25.7%-ը երկրի ամենալուրջ սպառնալիք է համարել գործազրկությունը (վերջին տվյալներով՝ գործազրկության մակարդակը կազմում է 11.6%), իսկ 14.7%-ի կարծիքով՝ երկրի հիմնական խնդիրն ահաբեկչությունն է։ Ընդ որում, 28.2%-ը դրական պատասխան է տվել հարցին, թե արդյոք բարձր գների ու տնտեսական վատ վիճակի պատճառով կմասնակցեին փողոցային ակցիաներին, ինչպես որ Ֆրանսիայում «Դեղին բաճկոնների» շարժումն է[2]։

Մեր նախորդ հոդվածներում արդեն նշել ենք, որ 2000-ականներին ԱԶԿ-ը վարում էր «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը, ինչը զգալիորեն բարելավեց Թուրքիայի տնտեսական ցուցանիշները[3]։ Նշել էինք նաև, որ «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության զգալի հաջողությունները մեծապես նպաստեցին, որպեսզի Թուրքիան անցում կատարի նեոօսմանյան քաղաքականության։ Եվ ահա 2010-ականներին՝ ընթացիկ տասնամյակում, Էրդողանն անցում կատարեց նեոօսմանյան քաղաքականության՝ միաժամանակ փորձելով դառնալ իսլամական աշխարհի առաջնորդ, ինչն էլ հանգեցրեց տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների վատթարացմանը, այդ թվում նաև՝ տնտեսական կտրվածքով։ Ընդգծել էինք, որ 2010-ականներին Թուրքիայի իշխանությունների արտաքին, ինչպես նաև ներքին քաղաքականության կոշտացումը կապված էր 2000-ականներին թե՛ արտաքին, թե՛ ներքաղաքական ոլորտներում Էրդողանի դիրքերի ամրապնդման հետ[4]։

Այդպիսով, մեր կարծիքով՝ ԱԶԿ կառավարման տարիներին Թուրքիայի տնտեսական նվաճումները, որոնց հիմքերը դրվել են նաև «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությամբ, կարող էին լինել շատ ավելի տպավորիչ, եթե չլինեին արտաքին քաղաքական, ինչպես նաև ներքաղաքական ոլորտում Էրդողանի բացթողումներն ու սխալները։ Թուրքիայի տնտեսական ցուցանիշների վրա բացասաբար ազդեցին նաև տարածաշրջանային զարգացումները և հատկապես «Արաբական գարունը»։

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Արաբական գարուն» (Լիբիա, Եգիպտոս, Սիրիա)

2018թ. դեկտեմբերին The Arab Weekly պարբերականում հրապարակվեց լրագրող Զուլֆիկար Դողանի «Էրդողանի արկածախնդրությունների բարձր գինը» խորագրով հոդվածը, որում նա նշում էր, որ Էրդողանի (արտաքին) արկածախնդրությունները Թուրքիայի համար ընդհանուր առմամբ արժեցել են 100 մլրդ $. «Էրդողանն ու ԱԶԿ կառավարությունը հարկադրված են եղել բարձր գին վճարել Լիբիայում, ինչպես նաև Իրաքում ու Սիրիայում «նեոօսմանյան» արտաքին քաղաքականության համար, ուր Անկարան աջակցում է իսլամիստական ուժերին։ Երբ Լիբիայում սկսվեց կոնֆլիկտը, Էրդողանի կառավարությունն ամենաշատ օգնությունը ցուցաբերեց իսլամիստ ապստամբներին։ Սակայն թուրք կապալառուների շինհրապարակները թալանվեցին, շինտեխնիկան հրկիզվեց, իսկ Թուրքիայի քաղաքացիները պատանդ վերցվեցին կամ արտաքսվեցին։ Թուրքական ավելի քան 600 ընկերություն, որոնք Լիբիայում ներդրել էին 28.8 մլրդ $, 7 տարի չկարողացան դուրս բերել իրենց գումարները՝ հետևելով նրան, թե ինչպես են փլուզվում իրենց նախագծերը։ Նրանք կորցրեցին միլիոնավոր դոլարների սարքավորումներ, ինչը նրանց դրեց ծանր դրության մեջ։ Թուրքիան իր արտաքին քաղաքականության պատճառով նույն կերպ սեփական բաժնեմասը կորցրեց իրաքյան շուկայում՝ աջակցելով այդ երկրում գործող սուննի քաղաքական խմբավորումներին։ Բաղդադը բեռնարգելք դրեց թուրքական ապրանքների վրա, թուրք կապալառուներին հեռացրեց միլիարդավոր դոլարների մրցույթներից ու նախագծերից, իսկ Թուրքիան զրկվեց երբեմնի արտահանման խոշորագույն շուկայից։ Այժմ նույնատիպ իրավիճակ է տիրում հարևան Սիրիայում։ Անկարան վերջին 7 տարում Սիրիայի հետ առևտրում կորցրեց 20 մլրդ $։ Միևնույն ժամանակ, ինչպես Արգենտինայում անցկացված G-20-ի գագաթնաժողովում հայտարարել է Էրդողանը, Թուրքիան սիրիացի փախստականների վրա արդեն իսկ ծախսել է 33 մլրդ $։ Եթե այս ամենին գումարենք արտահանումից, տրանսպորտից ու սահմանային առևտրից Թուրքիայի կորցրած եկամուտներն ու հավելյալ ծախսերը, ապա միայն Սիրիայի մասով Թուրքիայի կորուստները կազմում են 50 մլրդ $։ Միևնույն ժամանակ Սիրիական պատերազմում Անկարայի ծախսերն աճում են օրեցօր։

2013թ. Եգիպտոսում իրականացված ռազմական հեղաշրջումը, որն ավարտվեց իսլամիստ նախագահ Մուհամմեդ Մուրսիի գահընկեցությամբ, կտրուկ վատթարացրեց Թուրքիայի ու Եգիպտոսի փոխհարաբերությունները։ Դրանից հետո Եգիպտոսի իշխանությունները չեղարկեցին Մուրսիի կողմից Թուրքիային տրված Ալքեսանդրիայում բեռնման ու բեռնաթափման իրավունքը՝ Եգիպտոսի ու Աֆրիկայի հետ առևտուր իրականացնելու համար։ Դրանով փակվեց և չվերականգնվեց թուրքական արտահանման համար ևս մեկ կարևոր աղբյուր, ինչը վերջին 6 տարիներին Թուրքիայի համար արժեցավ 15 մլրդ $-ի վնաս։ Այդպիսով, «Արաբական գարնանը» հաջորդած 7 տարիներին Թուրքիայի արտաքին քաղաքական սխալների պատճառով Թուրքիայի տնտեսությանը պատճառված վնասը գերազանցել է 100 մլրդ $-ը»[5]։

Այստեղ կարող ենք մասնակի համաձայնել Զ. Դողանի այս պնդումների հետ, քանի որ թեև «Արաբական գարնան» ժամանակաշրջանում Էրդողանն իսկապես թույլ է տվել որոշակի սխալներ, այնուամենայնիվ, նկատենք, որ «Արաբական գարունը», ինչպես նաև դրանից բխած, միմյանց արագորեն հաջորդած զարգացումները բավական դժվար դրության մեջ էին դրել Թուրքիայի իշխանություններին, որոնք պարզապես կանգնել են երկընտրանքի առջև։ Տարածաշրջանային գերտերության հավակնող կամ կարգավիճակ ունեցող Թուրքիան չէր կարող պարզապես լուռ մնալ «Արաբական գարնան» ժամանակ և դիրքորոշում չհայտնել Հյուսիսային Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի երկրներում կատարվող հայտնի իրադարձությունների ժամանակ։ Իսկ դիրքորոշում հայտնելով (անկախ նրանից, թե ինչպիսի դիրքորոշում է դա)՝ Թուրքիան ռիսկի էր դիմում հայտնվելու անբարենպաստ իրավիճակում։ Դրա համար էլ թուրքական իշխանություններն «Արաբական գարնան» ժամանակ հիմնականում որդեգրել էին հետևյալ մարտավարությունը՝ սկզբնական շրջանում (առաջին օրերին) որոշակի լռություն պահպանել և հետևել իրադարձությունների զարգացմանը, այդ թվում նաև նրան, թե ինչպիսի դիրքորոշում է որդեգրում Արևմուտքը (ԱՄՆ)։ Ապա տեսնելով, որ ուժերի նժարն աստիճանաբար փոխվում է ընդդիմության կողմը (Լիբիա, Եգիպտոս), Թուրքիան սկսում էր մեծապես աջակցել ընդդիմությանը, և դա նաև այն դեպքում, երբ Էրդողանը շատ լավ հարաբերությունների մեջ էր տվյալ երկրի առաջնորդի հետ։ Օրինակ, «Արաբական գարնան» մեկնարկից առաջ Էրդողանը սերտ հարաբերությունների մեջ էր Լիբիայի առաջնորդ Մ. Քադաֆիի հետ և 2010թ. նոյեմբերին նրանից ստացավ նաև «Մարդու իրավունքների համար պայքարի» մրցանակ, սակայն այդ ամենը չխանգարեց, որպեսզի Էրդողանն ամիսներ անց աջակցի լիբիական ընդդիմությանը և այդպիսով նաև՝ Քադաֆիի տապալմանը։ Լիբիայի հետ կապված՝ թուրք հոդվածագիր Ռըզա Զելյութը գրել է. «Թուրքիայի սկզբնական քաղաքականությունը հօգուտ Քադաֆիի էր։ Վարչապետ Էրդողանը նախ Գերմանիայում հայտարարեց, թե «ՆԱՏՕ-ն ինչ գործ ունի Լիբիայում», ապա Ջիդդայում ընդգծեց, որ «ՆԱՏՕ-ն չպետք է ռազմական միջամտություն իրականացնի Լիբիայում»։ Սակայն արդյունքում Լիբիայում ՆԱՏՕ-ի ուժերի ռազմական միջամտության համար որպես շտաբ ընտրվեց Իզմիրը՝ չնայած նրան, որ Իտալիան ու Հունաստանը Թուրքիայի համեմատ շատ ավելի մոտ են գտնվում Լիբիային։ Այդպիսով, Լիբիայի դեմ ՆԱՏՕ-ի «խաչակրաց արշավանքը» մեկնարկելու էր նրա միակ մուսուլմանական անդամ երկրի տարածքից, մինչդեռ Իտալիան ու Հունաստանը չցանկացան դառնալ ՆԱՏՕ-ի ուժերի այդ հարձակման կենտրոն»[6]։ Հավելենք, որ Քադաֆիին չփրկեց նաև այն, որ նա TRT Türk-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, թե իրենք բոլորն էլ օսմանցիներ են[7]։

2011թ. սեպտեմբերին Էրդողանն այցելեց Լիբիա, որի Ազգային անցումային խորհրդի առաջնորդ Մուսթաֆա Աբդուլջելիլը պատմական իրադարձություն որակեց այդ այցը` ընդգծելով, որ Էրդողանն ու թուրք ժողովուրդն իսլամական աշխարհի առաջնորդներն են[8]։ Հատկանշական է, որ 2011թ. սեպտեմբերի 2-ին Թուրքիան դարձավ Տրիպոլիում դեսպան նշանակած առաջին երկիրը (ապստամբները Տրիպոլին գրավել էին օգոստոսի 21-ին)։ Ստացվում է, որ Լիբիական ճգնաժամի ընթացքում Էրդողանը ժամանակին կողմնորոշվեց և տեսնելով, որ Քադաֆին չունի ապագա՝ սկսեց ջերմեռանդորեն աջակցել լիբիական ընդդիմությանն ու Արևմուտքի (ՆԱՏՕ) գործողություններին։ Թուրքական կողմի հաշվարկն այն էր, որ թե՛ լիբիական ընդդիմությունը, թե՛ Արևմուտքը հաշվի կառնեն այդ ամենը և արդյունքում Լիբիայում է՛լ ավելի կամրապնդվեն Թուրքիայի դիրքերը, իսկ Արևմուտքից էլ հնարավոր կլինի զիջումներ ստանալ Լիբիայի հարցում նրան աջակցելու դիմաց։ Թուրքիայի դիրքերը նման ձևով է՛լ ավելի ամրագրվեցին «Արաբական գարուն» վերապրած մյուս երկրում՝ Եգիպտոսում: 2011թ. սեպտեմբերին (Եգիպտոսի բազմամյա առաջնորդ Հոսնի Մուբարաքի տապալումից հետո) Էրդողանն իր հյուսիսաֆրիկյան քառօրյա շրջագայության ժամանակ նախևառաջ ժամանեց Եգիպտոս, ուր կնքեց շահավետ մի շարք պայմանագրեր։ Եգիպտոսում նա արժանացավ մեծ ընդունելության. «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության և իսլամական այլ խմբավորումների ներկայացուցիչները նրան դիմավորեցին «Իսլամի փրկիչ, Ալլահի սիրելի Էրդողան», «Հերոս Էրդողան», «Թուրքիան ու Եգիպտոսն ապագայի համար ձեռք ձեռքի տված» և նման կարգախոսներով[9]։ Մինչդեռ չպետք է մոռանալ, որ Հ. Մուբարաքն ամենևին չէր սիրում Թուրքիան` նրան դիտարկելով որպես մրցակից իսլամական աշխարհում:

Այսպիսով, մեր կարծիքով՝ ակնառու էին «Արաբական գարուն» վերապրած Եգիպտոսում ու Լիբիայում Թուրքիայի գրանցած հաջողությունները. այդ երկրների նոր իշխանությունները գնահատեցին «Արաբական գարնան» ժամանակ Թուրքիայից ստացած աջակցությունը և ընդհանրապես իսլամի հարցում Էրդողանի դիրքորոշումը։ Իսկ այն, որ դրանից հետո՝ մինչ օրս, Թուրքիան խնդիրներ ունի Լիբիայի ու Եգիպտոսի հետ, Էրդողանի մեղավորությունը մասնակի է՝ կապված հյուսիսաֆրիկյան այդ երկրների հայտնի իրադարձությունների հետ։ Քադաֆիից հետո Լիբիան չունեցավ միակենտրոն կառավարում, մասնատվեց 2-3 մասի, իսկ թուրքական կողմը շարունակ զենք է մատակարում տեղի իսլամիստ ծայրահեղականներին՝ շեշտը դնելով նրանց վրա։ Թուրքիայից Լիբիա զենքի մատակարարման դեպքերն այնքան հաճախակիացան, որ 2019թ. հունվարին Լիբիայի խորհրդարանը որոշեց հետաքննություն սկսել այդ ամենի դեմ[10], իսկ փետրվարին Լիբիական Ազգային բանակը դիմեց ՄԱԿ ԱԽ-ին՝ խնդրելով միջազգային պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ Լիբիայում գործող ծայրահեղական խմբավորումներին աջակցելու համար[11]։ Ընդ որում, Թուրքիայից զենքով լի նավերն ուղևորվում էին դեպի Միսուրատա, որը Լիբիայի երրորդ խոշոր քաղաքն էր Տրիպոլիից ու Բենղազիից հետո, և որտեղ շարունակում էր գործել Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը (Տրիպոլիում Թուրքիայի դեսպանատունը և Բենղազիում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը փակվել էին 2014թ.)[12]։

Եգիպտոսում էլ 2013թ. տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում, որը հանգեցրեց իսլամիստ նախագահ Մուհամմեդ Մուրսիի տապալմանը։ Թուրքիան խստապես դատապարտեց դա, արդյունքում երկու երկրների հարաբերությունները վատթարացան, ինչը շարունակվում է ցայսօր, քանի որ Էրդողանը հրաժարվում է ճանաչել ռազմական հեղաշրջման կազմակերպիչ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիին։ Կարծում ենք, որ Էրդողանը Եգիպտոսի հարցում լուրջ սխալ թույլ տվեց։ Ճիշտ է՝ նրա համար, բնականաբար, ձեռնտու էր իսլամիստ Մ. Մուրսիի նախագահությունը, որը շատ լավ հարաբերությունների մեջ էր Թուրքիայի հետ, սակայն Էրդողանը պետք է հասկանար, որ Մուրսիի տապալումը և Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» ահաբեկչական հռչակվելն ու արգելվելն անորոշ ժամկետով հետաձգում են իսլամիստների կողմից իշխանության գալու հավանականությունը, և որ Թուրքիան հարկադրված էր լինելու հարաբերվել ալ-Սիսիի Եգիպտոսի հետ։ Կարծում ենք, որ 2014թ. (նաև 2018թ.) Էրդողանին հրաշալի հնարավորություն ընձեռվեց կարգավորելու համար Եգիպտոսի հետ հարաբերությունները։ Եգիպտոսի նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով նախագահ դարձավ ալ-Սիսին, Էրդողանը կարող էր հայտարարել, որ հարգում է Եգիպտոսի ժողովրդի ընտրությունը։ Սակայն նա չգնաց այդ քայլին, կառչած մնած իր դիրքորոշումից և արդյունքում ցայսօր երկկողմ հարաբերությունները շարունակում են մնալ վատթար վիճակում։ Ավելին, Էրդողանը սկսեց հրաժարվել մասնակցել միջազգային այն հանդիպումներին, որոնց մասնակցում էր ալ-Սիսին և անգամ մեկ սեղանի շուրջ նստել նրա հետ միջազգային ճաշկերույթների ժամանակ՝ ընդգծելով, որ ալ-Սիսին ռազմական հեղաշրջման միջոցով տապալել է օրինականորեն ընտրված իշխանություններին։ Այստեղ ուշագրավ է, որ Էրդողանը շարունակ սերտ հարաբերությունների մեջ է Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրի հետ, ով, ի դեպ, ալ-Սիսիի նման նախ (1989թ.) ռազմական հեղաշրջում է իրականացրել, ապա (1996թ.) հաղթել է նախագահական ընտրություններում։ Չմոռանանք նաև, որ Մ. Քադաֆին, որի հետ Էրդողանը ջերմ հարաբերությունների մեջ էր մինչև «Արաբական գարնան» մեկնարկը, իր ժամանակին (1969թ.) նույնպես իշխանության է եկել ռազմական հեղաշրջման արդյունքում։ Եվ վերջապես, 2018-2019թթ. Վենեսուելայում ծագած ներքաղաքական ճգնաժամի ժամանակ Էրդողանն իր աջակցությունը հայտնեց այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և դատապարտեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ժամանակավոր նախագահ ճանաչելու որոշումը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը պետք է հարգի Վենեսուելայի ընտրությունների արդյունքները, այլապես դա ժողովրդավարություն չէ։ Այստեղ հարց է առաջանում, թե ինչու Էրդողանը չի հարգում ասենք Եգիպտոսի ընտրությունների արդյունքները։ Նույնը կարելի է ասել 2017թ. Սիրիայի նախագահական ընտրությունների համար. Էրդողանը չհայտարարեց, որ հարգում է Սիրիայի ժողովրդի կատարած ընտրությունը և այդպիսով կորցրեց նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը։ Թվում է, թե այդ ժամանակ նա պետք է գիտակցեր, որ Բ. Ասադը շարունակելու է մնալ իշխանության ղեկին, և որ Թուրքիայի շահերից չի բխում Սիրիայի հետ հարաբերությունների վատթար վիճակի պահպանումը կամ խորացումը («Արաբական գարնան» մեկնարկին Սիրիայի հանդեպ Թուրքիայի քաղաքականությանն անդրադարձել ենք առանձին հոդվածով[13])։ Այժմ ներկայացնենք վերջին տարիներին Լիբիայի, Սիրիայի ու Եգիպտոսի հետ Թուրքիայի ապրանքաշրջանառության ցուցանիշները։

* դեկտեմբերի տվյալները ներառված չեն։

Աղյուսակն առաջին հերթին վկայում է երկու բանի մասին. ա) ԱԶԿ-ի գործադրած ջանքերի շնորհիվ աճել են այդ երկրների հետ Թուրքիայի առևտրային ցուցանիշները, բ) «Արաբական գարունը», ինչպես նաև դրան հաջորդած զարգացումները հիմնականում բացասաբար են ազդել Թուրքիայի առևտրային ցուցանիշների վրա։ Էրդողանի արտաքին քաղաքական սխալների ազդեցությունը երկրի տնտեսական ցուցանիշների վրա շատ ավելի ակնառու է դառնում ՌԴ-ի պարագայում, քանի որ նրա հետ Թուրքիայի արտաքին առևտրային շրջանառությունն ու զբոսաշրջության հոսքը չես համեմատի «Արաբական գարնան» շոշափած երկրների հետ Թուրքիայի ցուցանիշների հետ։

Ռուսաստանի Դաշնություն

ԱԶԿ կառավարման տարիներին մեծ զարգացում ապրեցին Թուրքիա-ՌԴ տնտեսական կապերը, որոնց դինամիկան կցուցադրվի ստորև ներկայացվող աղյուսակում։ Սակայն դրանց մեծ հարված հասցրեցին 2015թ. նոյեմբերի 24-ին Թուրքիայի օդուժի կողմից Սիրիայի հետ սահմանին ռուսական Su-24M ռմբակոծիչի ոչնչացումից հետո ՌԴ սահմանած տնտեսական պատժամիջոցները (ՌԴ թուրքական գյուղմթերքի ներկրման արգելք, ՌԴ-ից Թուրքիա զբոսաշրջային ուղեգրերի վաճառքի արգելք, ՌԴ-ի կողմից Թուրքիայի քաղաքացիների համար ոչ վիզային ռեժիմի վերացում և այլն)։

Հատկանշական է «ինքնաթիռային ճգնաժամի» մասին թուրք հոդվածագիր Հաքան Աքսայի հոդվածը, որում նա ափսոսանք է հայտնում, որ վերջին 25-30 տարում մեծ դժվարությամբ, քայլ առ քայլ ամրապնդված ռուս-թուրքական հարաբերությունները մեկ օրում (մեկ հարվածով) կորստյան մատնվեցին[14]։ Մեր նախկին հոդվածներից մեկում[15] մանրակրկիտ անդրադարձել ենք Թուրքիայի կողմից ռուսական մարտական ինքնաթիռի ոչնչացման շարժառիթներին, ուստի այստեղ միայն նշենք, որ դա Էրդողանի հերթական արկածախնդրություններից մեկն էր՝ պայմանավորված նաև սեփական իմիջը բարձր պահելու մղմամբ։ ՌԴ-ի սահմանած տնտեսական պատժամիջոցներին ու դրանց հետևանքներին նույնպես հանգամանալից անդրադարձել ենք[16], ուստի այստեղ կնշենք մի շարք այլ տվյալներ։ «Ինքնաթիռային միջադեպից» երկու ամիս անց՝ 2016թ. հունվարի վերջին, Թուրքիայի Սոցիալ-տնտեսական և քաղաքական հետազոտությունների կենտրոնը (TÜSES) զեկույց հրապարակեց ՌԴ պատժամիջոցների պատճառով Թուրքիայի կրելիք վնասների մասին։ Զեկույցի համաձայն՝ «ինքնաթիռային ճգնաժամը» Թուրքիայի տնտեսությանը կարող է պատճառել տարեկան ավելի քան 11 մլրդ $-ի վնաս, որից 3.5 մլրդ $-ը բաժին է ընկնում շինարարական ոլորտին, իսկ 2.3 մլրդ $-ը՝ զբոսաշրջային ոլորտին[17]։ Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունն (ԺՀԿ) էլ հայտնեց 20 մլրդ $ հնարավոր կորստի մասին, որից 6 մլրդ $-ը՝ արտահանման, 7 մլրդ $-ը՝ զբոսաշրջության և 6 մլրդ $-ը՝ ճամպրուկային առևտրի ոլորտներում[18]։ Թուրքիայի զբոսաշրջային ոլորտը և հատկապես նրա «զբոսաշրջային մայրաքաղաք» Անթալիան մեծապես տուժեց ՌԴ պատժամիջոցներից (2016թ. հունիսի սկզբին թուրքական մամուլը գրեց, որ Անթալիայում ռուս զբոսաշրջիկների թիվը հունվար-մայիս ամիսներին նվազել է միանգամից 96%-ով[19])։ Ընդ որում՝ Թուրքիայում 1300 հյուրանոց հանվել էր վաճառքի, ծովափնյա ու ոչ ծովափնյա հյուրանոցների գները մոտեցել էին միմյանց[20]։ Ներկայացնենք ԱԶԿ կառավարման տարիներին ՌԴ-Թուրքիա առևտրային հարաբերությունների ու ՌԴ-ից Թուրքիա զբոսաշրջիկների հոսքի դինամիկան։

Առևտրի ոլորտում դեկտեմբեր ամսվա տվյալները հաշվառված չեն։

Այդպիսով, Էրդողանի այդ մեկ սխալից Թուրքիայում տուժեցին հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր մարդիկ՝ ֆերմերներ, հյուրանոցատերեր և ընդհանրապես զբոսաշրջային ոլորտի հետ կապված անձինք, բեռնատարների վարորդներ և այլոք։ Ճիշտ է՝ հետագայում Էրդողանը ՌԴ-ից անհասցե կամ մասնակի ներողությունով որոշակիորեն շտկեց իրավիճակը, և ռուս-թուրքական նաև տնտեսական հարաբերությունները սկսեցին մեծ զարգացում ապրել (2018թ. Թուրքիա ամենաշատ զբոսաշրջիկներ «գործուղել» է հենց ՌԴ-ը), այնուամենայնիվ, «ինքնաթիռային ճգնաժամը» զգալի հարված հասցրեց ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառությունը 100 մլրդ $-ի հասցնելու Էրդողանի պլանին։ Ավելին, ՌԴ-ի ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը դեռ չի հասել 2014թ. մակարդակին։

Ահաբեկչություններ

2016թ. Թուրքիայի զբոսաշրջային ոլորտում գրանցվեց ամենամեծ անկումը, որում, ինչպես արդեն նշվեց, զգալի դեր ունեին ՌԴ-ի սահմանած պատժամիջոցները։ Սակայն դա ամենը չէ. զբոսաշրջիկների հոսքի նվազեցման մեջ իրենց ուրույն դերն ունեին նաև 2016թ. Թուրքիայում գրանցված բազում ահաբեկչությունները։ Ընդհանրապես 2016թ. Թուրքիայում կարելի է որակել որպես «ահաբեկչությունների տարի»։ Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ 2016թ. Թուրքիայում (նաև Ստամբուլում ու Անկարայում) գրանցվել է 26 ահաբեկչական խոշոր հարձակում, որից 18-ը բաժին է ընկել ՔԱԿ-ին, իսկ 6-ը՝ ԻՊ-ին (որոշ տեղեկություններով՝ խնդիրներ էին ծագել Թուրքիայի իշխանությունների ու ԻՊ-ի ղեկավարության միջև)[21]։ Մենք կասկածներ ունենք, որ մասնավորապես 2016թ. հունիսի 28-ին Ստամբուլում Աթաթուրքի անվան օդանավակայանում կատարված ահաբեկչությունը, որին զոհ գնաց 45 և վիրավորվեց 239 մարդ և որը վերագրվեց ԻՊ-ին, հեղինակել են թուրքական հատուկ ծառայությունները՝ ՌԴ-ից Էրդողանի մասնակի ներողությունից Թուրքիայի քաղաքացիների ուշադրությունը շեղելու համար։ Ի դեպ, այդ ահաբեկչությունից հետո թուրքական ԶԼՄ-ները հայտնեցին, որ վերջին 1.5 տարում Թուրքիայում իրականացվել է 32 ռմբային-ահաբեկչական հարձակում, ինչի հետևանքով զոհվել է 460 մարդ (որոնցից 363-ը քաղաքացիական անձինք), և վիրավորվել է ավելի քան 2000 մարդ[22]։

Այստեղ նույնպես կասկածներ կան, որ 2015թ. մի շարք պայթյուններ և մասնավորապես քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) նախընտրական հանդիպումների ժամանակ հնչած պայթյունները վերստին հեղինակել են թուրքական հատուկ ծառայությունները, որպեսզի 2015թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԱԶԿ-ին միակուսակցական կառավարություն ձևավորելու հնարավորությունից (առաջին անգամ) զրկած ԺԴԿ-ը չկարողանար նոյեմբերի 1-ի կրկնական ընտրությունների համար անցկացնել լավ ընտրարշավ, չհաղթահարեր 10%-անոց ընտրաշեմը և ներկայացված չլիներ խորհրդարանում։ Եվ վերջապես, չմոռանանք, որ 2015թ. կեսերին Էրդողանը, ելնելով ընտրական նույն նկատառումներից (նոյեմբերի 1-ի ընտրություններում ԱԶԿ ցուցանիշները բարելավելու համար), խախտեց 2013թ. զինադադարը, վերսկսեց ՔԱԿ-ի հետ պատերազմը, որը շարունակվեց նաև 2016թ. և բացասաբար ազդեց Թուրքիայի զբոսաշրջային ոլորտի վրա։ Այժմ ներկայացնենք ԱԶԿ կառավարման տարիներին Թուրքիայի զբոսաշրջային ցուցանիշները։

Աղյուսակը վկայում է, որ 2016թ. զբոսաշրջիկների հոսքն ամենացածր մակարդակի վրա է՝ սկսած 2009թ.-ից, իսկ զբոսաշրջությունից ստացված եկամուտն ամենափոքրն է՝ սկսած 2008թ.-ից։ Ընդ որում՝ 2016թ. զբոսաշրջիկների ներհոսքը կրճատվել է ոչ միայն ՌԴ-ից, այլև՝ ԵՄ երկրներից, որոնց ղեկավարությունը, անվտանգային նկատառումներից ելնելով, իրենց քաղաքացիներին կոչ է արել չայցելել Թուրքիա։ Դա հատկապես վերաբերում է Գերմանիային, որն ամենաշատ զբոսաշրջիկներն էր «գործուղում» Թուրքիա (նրանց մեջ զգալի թիվ են կազմում գերմանաբնակ թուրքերը)։ Նշենք նաև, որ 2016թ. սրվեցին Գերմանիայի ու Թուրքիայի հարաբերությունները՝ կապված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դրան հաջորդած Ինջիրլիքի ճգնաժամի հետ։ Եթե 2015թ. Գերմանիայից Թուրքիա այցելել է 5.580.792 զբոսաշրջիկ, ապա 2016թ.՝ 3.890.074 զբոսաշրջիկ (գրեթե 1.7 մլն պակաս)։ Եվ թեև 2018թ. Գերմանիայից Թուրքիա զբոսաշրջիկների հոսքը հասել է 4.512.360-ի, 2017թ.-ից սկսած՝ Գերմանիան զբոսաշրջային ոլորտի առաջատարի դերը զիջել է ՌԴ-ին (2017թ. Գերմանիայից Թուրքիա այցելել է 3.584.653 զբոսաշրջիկ)[23]։ Այդպիսով, Էրդողանի արտաքին քաղաքական, ինչպես նաև ներքաղաքական սխալները բացասական լուրջ ազդեցություն ունեցան երկրի զբոսաշրջային ոլորտի վրա։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Ընթացիկ տասնամյակում ԱՄՆ-ի ու Թուրքիայի փոխհարաբերություններն ընթանում են վայրիվերումներով, որոնք իրենց բացասական կնիքն են թողնում Թուրքիայի տնտեսական ցուցանիշների վրա։ Նշենք, որ վերջին շրջանում Էրդողանը փորձում էր ԱՄՆ-ի (ինչպես նաև Գերմանիայի, Հունաստանի և այլ երկրների) նկատմամբ իրականացնել «պատանդային քաղաքականություն»՝ կալանքի տակ վերցնելով տվյալ երկրի քաղաքացիներին և փորձելով նրանց փոխանակել ԱՄՆ-ում գտնվող և իր համար մեծ կարևորություն ներկայացնող անձանց հետ։ Մասնավորապես, 2016թ. նոյեմբերին Թուրքիայում կալանքի տակ վերցվեց հոգևորական Էնդրյու Բրանսոնը, իսկ 2017թ. աշնանը կալանավորվեց Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզը։ Ըստ ամենայնի, Էրդողանը մտադիր էր նրանց «փոխանակել» ԱՄՆ-ում գտնվող հոգևորական Ֆեթհուլլահ Գյուլենի, ով վերջին տարիներին վերածվել է նրա թիվ մեկ ներքին թշնամու և գործարար Ռեզա Զարաբի հետ, ով քաջատեղյակ է Էրդողանի կոռուպցիոն սխեմաների մասին և աչքի է ընկել թուրք նախարարներին խոշորածավալ կաշառք տալով։ Սակայն Էրդողանի ծրագրած «հոգևորականների փոխանակման» (Գյուլեն-Բրանսոն) գործարքը տեղի չունեցավ, քանի որ խոսքը տարբեր տրամաչափի ֆիգուրների մասին էր (Գյուլենը որոշակի լծակ է Էրդողանի նկատմամբ)։ Եվ, այնուամենայնիվ, այստեղ առաջին քայլն արեց ԱՄՆ, երբ Դ. Թրամփի խնդրանքով 2018թ. հուլիսի վերջին Իսրայելն ազատ արձակեց Թուրքիայի քաղաքացու՝ Էբրու Օզքանին, ով մեղադրվում էր ՀԱՄԱՍ-ի հետ կապեր ունենալու համար։ Եվ երբ դրանից հետո Թուրքիայում ազատ չարձակեցին Բրանսոնին, ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Բրանսոնի ձերբակալման ու կալանավորման մեջ էական դեր խաղացած Թուրքիայի ՆԳՆ ու արդարադատության նախարարների հանդեպ։ Բացի այդ, Թրամփի հրահանգով Թուրքիայից ԱՄՆ պողպատի ներկրման մաքսատուրքը բարձրացվեց 50%-ով, իսկ ալյումինի ներկրման մաքսատուրքը՝ 20%-ով[24]։ Էրդողանն իր հերթին նախ «պատժամիջոցներ» սահմանեց ԱՄՆ ՆԳՆ ու արդարադատության նախարարների նկատմամբ՝ հայտարարելով, որ կսառեցվի Թուրքիայում նրանց հնարավոր ակտիվները[25] (դժվար է պատկերացնել, որ ամերիկացի նախարարները հաշիվներ կունենան թուրքական բանկերում)։ Բացի այդ, Էրդողանն ԱՄՆ-ից մարդատար ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքը բարձրացրեց 120%-ով, ալկոհոլային արտադրանքը՝ 140%-ով, ծխախոտը՝ 60%-ով, կոսմետիկան՝ 60%-ով, բրինձը՝ 50%-ով, մրգերը՝ 20%-ով (բարձրացվեցին նաև ամերիկյան այլ ապրանքատեսակների ներկրման մաքսատուրքերը)։ Այստեղ նկատելի է, որ Էրդողանն ընտրել է այնպիսի ոլորտներ, որ Թուրքիան մեծ վնասներ չկրի իր իսկ պատժամիջոցներից՝ էլ չխոսած այն մասին, որ ալկոհոլային արտադրանքի ու ծխախոտի ներկրման մաքսատուրքերի բարձրացումը տեղավորվում է երկրում ծխելու և խմելու դեմ թուրքական իշխանությունների մղած պայքարի շրջանակում։ Էրդողանը Թուրքիայի քաղաքացիներին նաև կոչ արեց հրաժարվել ամերիկյան էլեկտրոնիկայից և մասնավորապես iPhone հեռախոսներից՝ հիշեցնելով Samsung-ի, ինչպես նաև տեղական արտադրության Venus Vestel հեռախոսների մասին[26]։ Ամերիկյան պատժամիջոցների արդյունքում 2018թ. օգոստոսին թուրքական լիրան մեկ շաբաթվա ընթացքում արժեզրկվեց 25%-ով, իսկ տարեսկզբից՝ 45%-ով, ֆոնդային շուկան նվազեց 2009թ. ճգնաժամային տարուց հետո աննախադեպ ցածր մակարդակի, գների տարեկան աճն անմիջապես հասավ 16%-ի և շարունակեց աճել, ինչն աննախադեպ էր վերջին 15 տարվա համար (որոշ ապրանքատեսակներ թանկացան բազմակի), բաժնետոմսերը նվազեցին կրկնակի, ինֆլյացիան հասավ գրեթե 20%-ի, առաջացավ լայնամասշտաբ ֆինանսական ճգնաժամի վտանգ[27]։ Արդյունքում Էրդողանը հարկադրված էր տեղի տալ. 2018թ. հոկտեմբերին Բրանսոնն ազատ արձակվեց։ Եվ թեև այդ ամենը տևեց մի քանի ամիս, այնուամենայնիվ, ԱՄՆ-ի հետ ճգնաժամից (Էրդողանի սխալից) Թուրքիայում տուժեցին միլիոնավոր մարդիկ։ Դրա համար էլ Էրդողանն այդուհետ պատրանքներ չի տածում ԱՄՆ տնտեսական հնարավորությունների, ներուժի, տնտեսական հարված հասցնելու ունակության հարցում։ Դա հատկապես զգացվեց 2019թ. հունվարի կեսին, երբ Դ. Թրամփը սպառնաց ավերել Թուրքիայի տնտեսությունը, եթե վերջինս հարձակվի Սիրիայի քրդական ուժերի վրա[28]։ Կարելի է ասել, որ Թրամփի այդ հայտարարությունը «սառը ցնցուղի» ազդեցություն ունեցավ Էրդողանի վրա, ով Եփրատի արևելյան հատվածում Սիրիայի քրդերի վրա հարձակվելու համար, ըստ ամենայնի, արդեն սկսել էր «շփել ձեռքերը»՝ նկատի ունենալով առաջիկայում Սիրիայից ամերիկյան զորախմբի դուրս բերման մասին օրեր առաջ նույն Թրամփի արած հայտարարությունը։ Մյուս կողմից էլ Թրամփը համաձայնել է Եփրատի արևելյան հատվածում 20 մղոն (32 կմ) խորությամբ բուֆերային գոտի ձևավորելուն, ինչը կարող է բավարարել Էրդողանի ախորժակը նաև այն պատճառով, որ ստեղծվելիք այդ գոտին սեպի դեր կխաղա Թուրքիայի ու Սիրիայի քրդերի միջև։ Ելնելով այս ամենից՝ չենք բացառում, որ մոտ ապագայում Թրամփը վերստին կարող է Թուրքիայի նկատմամբ կիրառել տնտեսական սպառնալիքը, եթե Էրդողանը չհրաժարվի ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու մտադրությունից։ Այնպես որ տնտեսական սպառնալիքը շարունակում է մնալ Թրամփի զինանոցում։

Արևելյան Միջերկրածով

Վերջին շրջանում շատ է խոսվում Թուրքիայի՝ գազային հանգույցի վերածվելու հեռանկարների մասին, որ մի շարք երկրների գազը կարող է նրա տարածքով ուղարկվել դեպի Եվրոպա։ Դա վերաբերում է նաև Արևելյան Միջերկրածովի տարածաշրջանին, որի դերը գնալով աճում է՝ կապված նրա հետ, որ վերջին տարիներին Կիպրոսը, Իսրայելն ու Եգիպտոսը խոշոր գազահանքեր («Աֆրոդիտա», «Լևիաֆան», «Թամար», «Զոհր» և այլն) են հայտնաբերել նրանում։ Եվ պատահական չէր, որ 2019թ. հունվարի կեսին Կահիրեում ձևավորվեց Արևելյան Միջերկրածովի Գազային ֆորումը (EMGF), որի մեջ մտավ 7 երկիր՝ Կիպրոս, Հունաստան, Իսրայել, Իտալիա, Հորդանան, Պաղեստին ու Եգիպտոս (EMGF-ի շտաբ-բնակարանը գտնվում է Կահիրեում)[29]։ Նկատելի է, որ EMGF-ի կազմից դուրս է մնացել Միջերկրական ծովում ամենաերկար ափագիծն ունեցող երկրներից մեկը՝ Թուրքիան, որը նաև ռազմական ներկայություն ունի Արևելյան Միջերկրածովի տարածաշրջանում։ Դրա պատճառն այն է, որ Թուրքիան Էրդողանի քաղաքականության պատճառով, ըստ ամենայնի, դուրս մնաց Արևելյան Միջերկրածովի գազային պաշարներն իր տարածքով Եվրոպա տարանցելու գործընթացից։ Ընթացիկ տասնամյակում Իսրայելի ու Թուրքիայի (և հատկապես ՌԴ-Թուրքիա) հարաբերությունների վատթարացման պայմաններում երկու երկրները բանակցում էին Միջերկրական ծովով գազատար կառուցելու շուրջ։ Ակնկալվում էր, որ «Իսրայել-Թուրքիա» 500-550 կմ երկարությամբ և 2.5-3 մլրդ $ արժողությամբ այդ գազատարն Իսրայելին հնարավորություն կտար սեփական գազը Թուրքիայի տարածքով արագորեն հասցնել ԵՄ[30]։ Ավելի վաղ Իսրայելը նպատակադրվել էր Միջերկրական ծովում հայտնաբերած գազը վաճառել Եգիպտոսին, որը պետք է դառնար նրա գազի թիվ մեկ գնորդը տարածաշրջանում։ Սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց 2015թ. կեսերին, երբ իտալական Eni ընկերությունը Միջերկրական ծովում Եգիպտոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) հայտնաբերեց «Զոհր» գազային հանքավայրը, որը խոշորագույնն է Արևելյան Միջերկրածովի տարածաշրջանում (նրա պաշարները գնահատվում են 850 մլրդ մ3՝ ավելի քան 100 մլրդ $)։ Դրանից հետո Իսրայելի հայացքը բևեռվեց Եվրոպայի վրա, և իսրայելական գազը Եվրոպա հասցնելու ամենակարճ ճանապարհն անցնում էր Թուրքիայով։ Ի դեպ, ակնկալվում էր, որ «Իսրայել-Թուրքիա» ստորջրյա գազատարի կառուցման դեպքում հնարավոր կլիներ դրանով Եվրոպա ուղղել նաև կիպրական գազը, որի համար թուրքական երթուղին նույնպես ամենակարճ ճանապարհն է։ Թուրքիային իսրայելական (նաև կիպրական) գազն անհրաժեշտ էր մի շարք պատճառներով։ Թուրքիան գազի խոշոր ներկրող է, նա երկրում սպառվող գազի 98%-ը ներկրում է արտերկրից և ցանկանում էր դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները։ Թուրքիայում մտահոգ էին գազի ներկրման ոլորտում ՌԴ-ից ունեցած մեծ կախվածությունից (ՌԴ-ն ապահովում է Թուրքիայի գազային կարիքների մոտ 55%-ը), և ակնկալվում էր, որ իսրայելական գազը կդառնա ռուսական գազի որոշակի այլընտրանք («Իսրայել-Թուրքիա» գազատարի տարեկան թողունակությունը պետք է կազմեր 30 մլրդ մ3, որից 10 մլրդ մ3-ը պետք է նախատեսված լիներ Թուրքիայի, իսկ մնացյալ 20 մլրդ մ3-ը՝ Եվրոպայի համար)։ Եվ բացի այդ, կանխատեսվում էր, որ իսրայելական գազի գինը կլինի ավելի էժան՝ համեմատած ռուսական գազի գնի հետ։ Եվ վերջապես, Թուրքիայի տարածքով դեպի ԵՄ իսրայելական գազի տարանցումը տնտեսական մեծ օգուտներ կտար Թուրքիային, կնպաստեր գազային հանգույցի վերածվելուն, կբարձրացներ ԵՄ-ում ու տարածաշրջանում նրա պահանջարկը, կշիռը[31]։

Եվ չնայած իսրայելական ու կիպրական գազի՝ դեպի Եվրոպա մատակարարման ամենակարճ երթուղին անցնում էր Թուրքիայով: 2018թ. նոյեմբերի վերջին Իսրայելը, Կիպրոսը, Հունաստանն ու Իտալիան ԵՄ-ի աջակցությամբ համաձայնագիր ստորագրեցին Միջերկրական ծովի արևելյան հատվածից դեպի Հարավային Եվրոպա EastMed ստորջրյա գազատարը կառուցելու մասին։ Աշխարհի ամենաերկար ստորջրյա այս գազատարի երկարությունը կազմելու է 2000-2100 կմ, նրա կառուցումը գնահատվում է 6-7 մլրդ €, այն պետք է շահագործման հանձնվի 2025թ. և տարեկան Եվրոպա փոխադրի 20 մլրդ մ3 գազ։ Գազատարը ծովային ճանապարհով Իսրայելից հասցվելու է Կիպրոսի հարավ, որտեղից Կրետե կղզուց հարավ ընկած հատվածով դեպի Հունաստանի արևմտյան հատված, իսկ այնտեղից էլ՝ Իտալիայի հարավ[32]։ Համեմատելով «Իսրայել-Թուրքիա» և EastMed գազատարների տարեկան թողունակությունը՝ տեսնում ենք, որ երկու դեպքում էլ Եվրոպան այդ խողովակաշարերով պետք է ստանա(ր) տարեկան 20 մլրդ մ3, բայց եթե «Իսրայել-Թուրքիա» գազատարի կառուցման դեպքում Թուրքիան կստանար տարեկան 10 մլրդ մ3 գազ, ապա նույնը չի կարելի ասել EastMed-ի դեպքում։ Իսկ ինչո՞ւ Իսրայելն ու Կիպրոսը որոշեցին սեփական գազը Եվրոպայի հարավ հասցնել EastMed-ով, որը «Իսրայել-Թուրքիա» գազատարի հետ համեմատ մոտ 4 անգամ ավելի երկար է, կրկնակի թանկարժեք նախագիծ է։ Բացի այդ, EastMed-ն անցնելու է մոտ 3000 մ խորության վրա, ինչպես նաև սեյսմիկ ակտիվ գոտով։ Ստացվում է, որ «Իսրայել-Թուրքիա» գազատարը EastMed-ի հետ համեմատ ուներ մի շարք կարևոր առավելություններ և չնայած դրան՝ նախապատվությունը տրվեց հենց EastMed-ին։ Պատճառն Էրդողանի ագրեսիվ քաղաքականությունն է, Իսրայելի ու Կիպրոսի հարցում նրա դիրքորոշումը։ Մոտ 10 տարի առաջ Էրդողանը որոշեց առճակատման գնալ Իսրայելի հետ՝ հուսալով, որ այդ կերպ կշահի իսլամական (արաբական) աշխարհի համակրանքը, իրեն կդիտարկեն իսլամական աշխարհի առաջնորդ։ Եվ թեև Էրդողանն այդ ուղղությամբ ունեցավ որոշակի հաջողություններ, սակայն կարելի է ասել, որ նա տապալվեց իսլամական աշխարհի առաջնորդ դառնալու իր փորձերում. այսօր Թուրքիան բավական լուրջ խնդիրներ ունի արաբական (սուննի) աշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Սաուդյան Արաբիայի ու Եգիպտոսի հետ, որոնք ձգտում են կասեցնել Թուրքիայի հավակնությունները և նվազեցնել Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում։ Ինչ վերաբերում է Կիպրոսին, ապա թուրքական կողմը չի ընդունում, թե գոյություն ունի Կիպրոսի Հանրապետություն՝ ընդգծելով, թե «կա Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ) ու Հարավային Կիպրոս»։ Բացի այդ, Թուրքիան իր ռազմանավերով խոչընդոտում է Կիպրոսի ԲՏԳ-ում էներգակիրների որոնմանը և ինքն է սկսել նման աշխատանքներ իրականացնել ինքնահռչակ «ՀԿԹՀ-ի ԲՏԳ-ում», ինչը նշանակում է, որ Թուրքիան, ըստ էության, թալանում է ԵՄ-ի անդամ երկրին։ Նշենք նաև, որ Թուրքիան կիպրական խնդրի, Էգեյան հակամարտության և մի շարք այլ հարցերի շուրջ լուրջ խնդիրներ ունի Հունաստանի հետ (թուրքական մարտական ինքնաթիռներն ու ռազմանավերն ամեն տարի տասնյակ հազարավոր անգամ խախտում են Էգեյան ծովում Հունաստանի օդային ու ծովային սահմանները)։

Ընդգծենք, որ Թուրքիան նույն դրդապատճառներով դուրս մնաց նաև EMGF-ից (Եգիպտոսի հանդեպ Էրդողանի դիրքորոշման մասին արդեն նշվել է)։ Էրդողանի այս ագրեսիվ քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Թուրքիան չի հանձնում գազային հանգույց դառնալու քննություններից մեկը, քանի որ եթե Թուրքիան հիրավի մտադիր է գազ արտադրողների ու գազ սպառողների համար դառնալ գազային հանգույց, ապա նա պետք է լավ հարաբերություններ պահպանի տվյալ երկրների հետ, ինչը, սակայն, տեսանելի չէ Թուրքիայի պարագայում։ Արդյունքում, Թուրքիան դուրս է մնում տարածաշրջանային նախագծերից և զրկվում մեծ օգուտներ ստանալուց։

ԱՄՓՈՓՈՒՄ

Էրդողանի արտաքին քաղաքական սխալների պատճառով Թուրքիայում տուժել են միլիոնավոր մարդիկ, Թուրքիայի տնտեսությունը կորցրել և կորցնելու է տասնյակ միլիարդավոր դոլարներ։ 2018թ. հունվարին Էրդողանը հայտարարեց, թե 2023թ. (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) Թուրքիան տնտեսության ծավալով տեղ է զբաղեցնելու աշխարհի առաջատար տասնյակում[33]։ Սակայն դրան հասնելու համար Թուրքիան, մեր կարծիքով, չպետք է վարի նմանատիպ ագրեսիվ քաղաքականություն՝ հարվածի տակ չդնելու համար բազում երկրների հետ իր առևտրային-տնտեսական հարաբերությունները (փորձագետների կարծիքով՝ գլխավոր պատճառներից մեկը հենց դա է, որ Գերմանիան վարում է թույլ կամ իր կշռին անհամապատասխան քաղաքականություն)։ Էրդողանի պոռթկուն (ՌԴ), նեղացկոտ (ԱՄՆ), որոշ դեպքերում բավական համառ, սակայն ոչ ճկուն (Սիրիա, Եգիպտոս), իր կշռին անհամապատասխան (Իսրայել (արաբական աշխարհի առաջնորդի մոլուցք), ԱՄՆ, ՌԴ) քաղաքականությունը բավական թանկ է նստել Թուրքիայի տնտեսական ցուցանիշների վրա։ Ինչպես արդեն նշվել է, թեև ԱԶԿ տարիներին Թուրքիան գրանցել է տնտեսական լուրջ արդյունքներ, սակայն դրանք կարող էին լինել ավելի մեծ, եթե չլինեին Էրդողանի արտաքին քաղաքական (ինչպես նաև ներքաղաքական) արկածախնդրությունները, որոնց ցանկը բնականաբար շատ ավելի երկար է։ Ընդ որում՝ Էրդողանի արտաքին քաղաքական սխալները բացասաբար են ազդել նաև Թուրքիայի զինված ուժերի սպառազինման ու Թուրքիայի ռազմարդյունաբերության զարգացման վրա (Իսրայել, ԱՄՆ, Գերմանիա), թեև տվյալ ուղղություններով էլ ԱԶԿ-ը լուրջ հաջողություններ է գրանցել։ Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ չնայած առկա էական ցուցանիշներին՝ Թուրքիայի տնտեսությունն իրականում որքան փխրուն և խոցելի վիճակում է։ Ակնառու է, որ ներքաղաքական դիրքերի ամրապնդմանը զուգահեռ` սուպերնախագահ Էրդողանը կոշտացնում է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը, և այդ համատեքստում ակնկալում ենք, որ Էրդողանը շարունակելու է իր ագրեսիվ պահվածքը, ինչը Թուրքիային բերելու է տնտեսական նորանոր ցնցումներ՝ դրանից բխող հետևանքներով (միգուցե նաև Թուրքիայի ներսում տնտեսական բնույթի ժողովրդական հուզումներով, ինչից իրականում մեծապես վախենում է Էրդողանը)։ Հերթական տնտեսական ցնցումը պարզապես ժամանակի հարց է։

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

————————————————-

[1] Cumhurbaşkanı Erdoğan: 170 milyar dolara geldik, Yeni Şafak, 23.12.2018.

[2] Abdulkadir Selvi, Anketten hangi çarpıcı sonuçlar çıktı?, Hürriyet, 15.01.2019.

[3] Հայկ Գաբրիելյան, Թուրքիայի արտաքին քաղաքականության միտումները վերջին 15 տարում. Մաս 1, ՄԱՀՀԻ, 16.01.2018.

[4] Հայկ Գաբրիելյան, Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականությունը և խնդրահարույց հարևան դառնալը. Մաս 2, ՄԱՀՀԻ, 25.01.2018.

[5] Zulfikar Dogan, The high cost of Erdogan’s adventures, The Arab Weekly, 16.12.2018.

[6] Rıza Zelyut, Türkiye, Libya’da kötü adam oldu, Güneş, 07.04.2011.

[7] Kaddafi:Hepimiz Osmanlıyız tarihimiz bir, Euronews, 09.03.2011.

[8] Erdoğan Libya’da konuştu, Sabah, 16.09.2011.

[9] Erdoğan Mısır’da sevinç gösterileriyle karşılandı, BBC News Türkçe, 13.09.2011.

[10] Libya parlamentosu, Türkiye’ye karşı tedbir alacak, Sputnik Türkiye, 15.01.2019.

[11] Libyan National Army ask UN to impose sanctions on Turkey, Ahval, 08.02.2019.

[12] Габриелян Айк, О поставках оружия Турцией в зоны конфликтов, Институт Ближнего Востока, 19.01.2018.

[13] Հայկ Գաբրիելյան, Թուրքիայի սիրիական քաղաքականությունը 2011-2017թթ., Փոփոխվող աշխարհ, «Թիվ 3 (10), «ՌԱՀՀԿ», 27.10.2017.

[14] Hakan Aksay, 10 soruda Türk-Rus krizi ve atalet içindeki iş dünyası, dernekler, aydınlar…, T24, 29.01.2016.

[15] Հայկ Գաբրիելյան, Ռուս-թուրքական հարաբերություններ. 1-ամյա վթար՝ հաշտեցման ելքով, ՄԱՀՀԻ, 24.11.2016.

[16] Հայկ Գաբրիելյան, Ռուս-թուրքական հարաբերություններ. վատթարացումից մինչև հաշտեցում և կարգավորում, ՄԱՀՀԻ, 07.12.2016.

[17] 11 milyar dolar, Diken, 25.01.2016.

[18] Türkiye’nin Rusya krizinden zararı 20 milyar dolar, Mehr, 03.12.2015.

[19] Rus turist sayısı ‘sıfıra yaklaştı’: Antalya’da yüzde 96 düşüş var, Diken, 06.06.2016.

[20] Turizm çöküyor… 1.300 otel satılığa çıkarıldı, Cumhuriyet, 01.02.2016.

[21] 2016 yılında Türkiye’de 26 terör saldırısı oldu, Indigo Dergisi, 13.12.2016.

[22] En Az 460 Canımız Gitti: Son Bir Buçuk Yılda Türkiye’de Gerçekleşen 32 Terör Saldırısı, Onedio, 29.06.2016.

[23] 2018 yılının birincisi Rus turistler, Sputnik Türkiye, 31.01.2019.

[24] Trump doubles metal tariffs on Turkey as lira falls by 20%, BBC News, 10.08.2018.

[25] Başkan Erdoğan açıkladı! ABD’li 2 bakana yaptırım kararı! , Ahaber, 04.08.2018.

[26] Alkollü içkiden kabuklu meyveye… ABD ürünlerine yüzde 100 ek vergi, Evrensel.net, 15.08.2018

[27] Турецкий кризис: причины и последствия падения лиры, BBC News Русская служба, 14.08.2018.

[28] Donald Trump warns Turkey of economic devastation if Kurdish forces attacked, The Telegraph, 14.01.2019.

[29] East Med Gas Forum created in Cairo, Newsbase, 21.01.2019.

[30] İlk İsrail gazı ne zaman gelecek?, Haber Türk, 19.12.2015.

[31] Габриелян Айк, O перспективе строительства газопровода Израиль-Турция, Институт Ближнего Востока, 19.07.2017.

[32] Israel, Greece, Italy & Cyprus To Build World’s Longest Gas Pipeline, The Media Line, 25.11.2018.

[33] Cumhurbaşkanı Erdoğan: 2023’te dünyanın ilk 10 ekonomisi arasına gireceğiz, Takvim, 05.01.2018.

Yorumlar