Ի՞նչ է նշանակում «հին բարեկամ»: Դա նշանակում է ժամանակով ստուգված բարեկամ: Ռուսաստանի ու Հայաստանի վերաբերյալ դուք գիտեք իմ տեսակետը: Անկասկած, ես կարծում եմ, որ մեր հարաբերությունները կանխորոշված են: Ոչ միայն աշխարհագրությամբ, աշխարհաքաղաքականւթյամբ, այլև ընդհանուր անցյալով: Մշակույթի, քրիստոնեական քաղաքակրթության ընդհանրությամբ: Եվ այն առանձնահատուկ հանգամանքով, ինչպես ինձ թվում է, որ հարյուրավոր
տարիների պատմության ընթացքում նախ Ռուսական կայսրությունը, ապա նրան փոխարինած Խորհրդային Միությունը, կարելի է ասել, հովանավորել են հայ ժողովրդի պահպանությունն ու գոյությունը։ Այո, խորհրդային տարիներին Լենինի ազգային-մշակութային շինարարության ծրագրի շրջանակներում Ադրբեջանն ու Հայաստանը ստեղծվեցին որպես միութենական հանրապետություններ։ Բայց միևնույն ժամանակ մենք պատկերացնում ենք, որ այդ խորհրդային քվազիպետականությունն այնուհետև պատմական որոշակի հանգամանքներում թույլ տվեց Հայաստանին որպես պետություն անկախանալ։ Առաջին անգամ հարյուրավոր տարիների պատմության մեջ:
Այսինքն՝ Ռուսական կայսրության, Խորհրդային Միության մեջ հայ ժողովուրդը պահպանվեց: Եվ ավելին, կարողացավ վերադարձնել պետականությունը: Ահա թե ինչով է պայմանավորված, իմ կարծիքով, մեր հարաբերությունների կարևորությունը:
Հիմա այն մասին, ինչը վերաբերում է ներկայիս հանգամանքներին: Ես արդեն արտահայտվել եմ այդ կապակցությամբ: Ես, անկասկած, չեմ կարող վստահել Հայաստանի կառավարությանը՝ որպես Ռուսաստանի Դաշնության հետևողական դաշնակցի: Հայաստանը՝ Փաշինյանի ղեկավարությամբ, ժամանակի ընթացքում բավական թվով ժեստեր է արել, որպեսզի կասկած առաջացնի մեր մեջ, որ նոր բարեկամներ է փնտրում մեր թշնամիների ճամբարում: Բայց ես շատ լավ հասկանում եմ, թե ինչու պարոն Շվիդկոյը հայտնվեց Երևանում: Ինչու են հանդիպում նրա հետ: Ինչու է նա նման հայտարարություններ անում: Դե, որովհետև, կասկած չկա, նախ՝ բնավ ոչ բոլորն են Հայաստանում համաձայն այդ Փաշինյանի ուղղությանը:
Երկրորդ՝ որոշակիորեն այս պահին Փաշինյանի կառավարությունը շահագրգռված է առավելագույնս հարմարվել ու մանևրել: Մի կողմից՝ Ազգային ժողովով օրենք են ընդունում Եվրոպական միություն մտնելու մեկնարկի մասին, մյուս կողմից՝
ժեստեր, ուշադրությունը շեղող մանևրներ, ինչպես Շվիդկոյի ընդունելությունը կամ Հաղթանակի 80-ամյակին Մոսկվա կատարելիք այցը։ Այս ամենն արվում է այն պատճառով, որ խաղադրույքը, առանց հետ նայելու, Արևմուտքի աջակցության և Ռուսաստանից հեռանալու վրա, ըստ էության, բարդ է ստացվել։ Պարզվեց, դե ինչպես կարող եմ ավելի ճիշտ ասել, անհիմն է։
Ինչ վերաբերում է պարոն Շվիդկոյին: Ես շատ լավ եմ պատկերացնում, որ պարոն Շվիդկոյը բազմաշնորհ վարպետ է: Նա մեզանում երկարակյաց հասարակական գործիչ է՝ հայտնվելով տարբեր պաշտոններում: Եվ ուզում եմ ասել, որ երբ հարցը վերաբերում է Անդրկովկասին, երբեք չեմ ամաչել անձամբ բարեկամությունից Ադրբեջանի հետ, Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հետ ֆոնդեր ստեղծելուց, այնտեղ մեկնելուց, և այլն, և այլն:
Այն, որ այսօր հենց նա է հյուրընկալվում Երևանում, ուղղակի ցույց է տալիս այն փաստը, որ նա պատեհապաշտ է, և բոլորն էլ նրան այդպես են ընկալում։ Ե՛վ Հայաստանում, և՛ Ադրբեջանում։ Ուստի նա կարող է ասել այն, ինչ ասում է, և պատրաստ է ամեն ինչի, ես դրանում համոզված եմ։ Կասի այն, ինչ դուր է գալիս զրուցակցին։ Պարոն Շվիդկոյը հարց չի տա, թե ինչ է կատարվում Բաքվում Լեռնային Ղարաբաղի ղեկավարների դատավարության ժամանակ։ Պարոն Շվիդկոյը չի հարցնի շատ այլ բաների մասին, որոնք վերաբերում են Փաշինյանի վերաբերմունքին պատմությանը, մշակույթին, եկեղեցուն։ Շվիդկոյն այդ ամենը չի անի: Ուրեմն ինչո՞ւ չդիմավորել Մոսկվայից եկած այնպիսի դուրեկան պարոնի, որպիսին Շվիդկոյն է:
Ես ոչինչ չեմ լսել Հայաստանի պաշտպանունակության վերաբերյալ մեր դատապարտումների մասին: Ես նման բան չեմ լսել: Ես չեմ նկատել, որ Մոսկվան ինչ-որ կերպ քննադատել է դա կամ այդ առումով միացել է Ադրբեջանին։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին, այո, Ռուսաստանը զարգացնում է հարաբերությունները Ադրբեջանի հետ: Դա դժվար թե շատ դուր գա Հայաստանում, բայց դա կա: Սակայն Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգանում են ոչ միայն Ռուսաստանում, դրանք զարգանում են նաև Փաշինյանի կառավարությունում, որը, իմ կարծիքով, ներկա պահին Բաքվին ամենից ավելի ձեռնտու կառավարությունն է Երևանում: Եվ ոչ միայն Բաքվին, այլ նաև Անկարային:
Ինչ վերաբերում է այն ամենին, ինչ տեղի է ունեցել այս տարիներին՝ 2020-ին, 2023-ին, կապված Լեռնային Ղարաբաղի, զինված հակամարտության և մնացած ամեն ինչի հետ, դրա հետևանքների հետ, այո, ցավոք, դա այն իրողության արտացոլումն է, որ Ռուսաստանն ամենազոր չէ: Որ նա ստիպված է հարմարվել հանգամանքներին: Որ նա, փաստորեն, ներգրավված է Ուկրաինայում Արևմուտքի հետ շատ ավելի լուրջ և կարևոր առճակատման մեջ: Եվ եթե այդ առումով այժմ ինչ-որ փոփոխություններ տեղի ունենան, եթե Ռուսաստանը դուրս գա այդ հակամարտությունից այնպես, ինչպես հնարավոր է համարում, ես վստահ եմ, որ Ռուսաստանը կսկսի ամրապնդել իր դիրքերը, այդ թվում և Անդրկովկասում։
Ռուսաստանը հիմա էլ է դա անում: Բայց, այո, համաձայն եմ, վերջին տարիներին միշտ չէ, որ Կովկասում Ռուսաստանը գործել է այնպիսի վճռականությամբ, որպիսին սովոր էինք տեսնել նախորդ դեպքերում: Հետևաբար այստեղ խնդիր կա, տարբեր մոտեցումներ կան: Ես, թեկուզ ես, որ ինչպես գիտեք, իմ մուտքն արգելված է ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում,
ինչը, այսպես ասած, տեղի է ունեցել վաղուց, չեմ կարող իմ երկրի ղեկավարությունից պահանջել, որ վեճի մեջ մտնի հարևան Ադրբեջանի հետ։ Իհարկե, ես շատ կուզենայի, որ մեր հարաբերությունները սկզբունքային լինեին: Որ իրականում անկողմնակալ լինեին: Որ Ադրբեջանից չփորձեին մեզ պարտադրել դիտել Ադրբեջանին որպես Ռուսաստանի գլխավոր դաշնակցի տարածաշրջանում, ինչը փաստ չէ: Ադրբեջանը Թուրքիայի գլխավոր դաշնակիցն է այդ տարածաշրջանում: Այ այդ փաստը նա չի թաքցնում Թուրքիայի հետ հարաբերություններում, բայց միշտ փորձում է ինչ-որ կերպ քողարկել դա Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Այսինքն՝ նա իրեն պահում է երկդիմի, ոչ միանշանակ։ Բայց դա, ինչպես գիտենք, հաճախ է ուղեկցում յուրաքանչյուր արևելյան քաղաքականությանը։
Մենք շահագրգռված չենք, որ Հայաստանը թույլ լինի, որ չկարողանա պաշտպանել իրեն: Եվ դա է այնտեղ մեր բազայի մնալու պատճառը, որը պետք է այդ առումով աջակցի Հայաստանին: Մենք բացարձակապես, իմ կարծիքով, անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի կառավարություն է Հայաստանում, շահագրգռված ենք, որ Հայաստանը ուժեղ պետություն լինի: