«ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ․ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ» ԵՎ «ՌԵՖԼԵՔՍԻԱՆԵՐ ԸՍՏ ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ» ԿՐԹԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԱՐՎԵՍՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ՝ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ։
Մի քանի ամիս շարունակ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ նվիրված Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին, իրականացվեցին «ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ․ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ» ԵՎ «ՌԵՖԼԵՔՍԻԱՆԵՐ ԸՍՏ ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ» կրթական, մշակութային, արվեստային նախագծերը, որոնցում ընդգրկված էին Երևանի, Գյումրիի, Սպիտակի, Օձունի, Քանաքեռավանի, Ստեփանավանի, Աբովյանի հիմնական և ավագ դպրոցների, արվեստային հաստատությունների մի քանի հարյուր դպրոցականներ, ծնողներ, ուսուցիչներ և որը նպատակ ուներ մեր դպրոցականներին հաղորդակից դարձնել Երվանդ Քոչար հանճարեղ արվեստագետի անպարագիծ արվեստին, ծանոթացնել Երվանդ Քոչարի ստեղծագործություններին, մասնակից դարձնել արվեստագետների ու արվեստաբանների դասախոսությունների, վարպետության դասերի, ֆրագմենտալ նկարչության աշխատրանների՝ բաց տարածքներում աշխատելով ժամանակակից արվեստի միջազգային ճանաչում ունեցող մասնագետների հետ, ստեղծելու համար իրենց փոխակերպումային ինստալիացիաները, իրենց ռեֆլեքսիաների ազդեցության ստեղծագործությունները՝ սկզբունք ունենալով Քոչարի «Նկարչություն տարածության մեջ հայեցակարգը»։
Եվ ստեղծեցին։ Ստեղծեցին ստեղծագործություններ իրենց գույներով, իրենց ձևերով ու ֆիգուրատիվությամբ, իրենց ֆորմաներով ու գծերով, որպես իրենց ստեղծածի ավարտական ակտ՝ լուսավորեցին Սասունցի Դավթի քանդակով զարդարված կայարանամերձ հրապարակը, այն դարձնելով ժամանակակից արվեստի բացօթյա ցուցահանդեսային հարթակ, որպես բաց ինստալիացիոն ցուցասրահ, որտեղ մարդիկ կարողացան անմիջապես հայտնվել ինստալացիայի մեջ՝ անցնելով մետաղական ինստալացիոն ֆիգուրների միջով, իրականություն դարձրեցին ժամանակակից արվեստի առաջին ցուցահանդեսը Հայաստանում դպրոցականների մասնակցությամբ, իրականություն դարձրեցին «օփըն էյր» (open air) մեծ արվեստանոց-աշխատարանը Վարդան Մամիկոնյանի արձանի շուրջ:
Նրանց ստեղծագործություններում ամեն ինչ հիշեցնում էր Մեծն Երվանդ Քոչարի մեծ արվետը, բայց միայն հիշեցնում էր, քանի որ փոխակերպումային արվեստի իմաստն ու նպատակը, ռեֆլեքսիաների ազդեցությամբ ստեղծված արվեստի իմաստն ու նպատակը սեփական մտքի, սեփական երևակայության ու սեփական հորիզոնների ուրվագծերով սեփական արվեստի ստեղծումն է՝ ոգեշնչված տվյալ պարագայում Երվանդ Քոչարի անհորիզոն արվեստով։
Ստեղծագործել ժամանակակից արվեստի տիրույթում, ամբարել գիտելիքներ, տեղեկատվություն, յուրացնել մշակութային ժառանգություն։ Ահա նպատակը և արդյունքը։
Եվ ահա նրանց ստեղծագործությունները, որ ամիսների աշխատանքի արդյունք էին, մանրամասն բացատրություններով, նախագծերի նկարագրություններով ցուցադրվում են «ԶՎԱՐԹՆՈՑ» միջազգային օդանավակայանի սրահներում՝ «ArtAm Gallery»-ի «Аrtspace»-ում՝ Հայաստան ժամանողներին ու Հայաստանից մեկնողներին ներկայացնելով ժամանակակից արվեստում հայ դպրոցականների մտքի ու ստեղծարարության արդյունքը։
Այս հանգրվանը հնարավոր դարձավ «ArtAm Gallery»-ի հիմնադիր, նկարչուհի ԱՐՄԻՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ, ԱԿՆ կրթամշակութային հասարակակական կազմակերպության, ՀՆԱՐ արվեստի աշխատարանի, արվեստագետներ Սարգիս Հովհաննիսյանի, Նարեկ Հայրապետյանի համագործակցության շնորհիվ։