«Խնդիրը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է, որը ՀՀ-ում ձևավորված է որպես ժողովրդական պահանջ: Դա կառավարության ծրագրի մաս է, որին կողմ է քվեարկել խորհրդարանը: Պիտի ժամկետները քննարկենք և արագացնենք ընտրությունների անցկացումը»,- «Կամար» բիզնեսի կենտրոնի հանդիսավոր ներկայացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման առումով վարչապետը ժամկետներ չնշեց, բայց չբացառեց, որ դրանք կլինեն աշնանը: Նա նշեց, որ դա բխում է տնտեսական շահերից: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ միակ տարբերակը ընտրությունների անցկացման սահմանադրական փոփոխությունների տարբերակը չէ և հավաստիացրեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ ուղղակի չեն կարող տեղի չունենալ, դա ժողովրդի պահանջն է: Այնուհետև հայտարարեց. «Հուսով եմ՝ ոչ մեկ այդ գայթակղությանը չի տրվի, որ ժողովուրդն ամեն անգամ ստիպված լինի իր կամքը ցույց տալ»: Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ կլինի նաև փողոցային պայքար: Aravot.am-ը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, թե իր՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ տնտեսական փաստարկները ծիծաղաշարժ են համարում, օրինակ՝ Արմեն Աշոտյանը պնդում է, որ օտարերկրյա ներդրողները կասկածներ ունեն Հայաստանի ծայրահեղական ղեկավարության նկատմամբ, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ուրախ եմ, որ մեր գործունեությամբ բարձրացնում ենք ոչ միայն մեր կողմնակիցների, այլև մեր ընդդիմախոսների տրամադրությունը: Եթե որևէ բան ծիծաղաշարժ են համարում, թող լիաթոք ծիծաղեն: Ես ուրախ եմ և նրանց բարձր տրամադրություն եմ մաղթում»: Օտարերկրյա ներդրողների մասին հարցին ի պատասխան վարչապետն ասաց. «Արմեն Աշոտյանի և իր իշխանության ամենամեծ խնդիրն այն է եղել, որ ինքն ավելի շատ տեղեկացված է եղել այսպես ասած, օտարերկրյա ներդրողների կարծիքներից, քան սեփական ժողովրդի: Կարծում եմ՝ Աշոտյանն ու իր գործընկերները կարիք ունեն ավելի շատ շփվել սեփական ժողովրդի հետ, չնայած մտավախություն ունեմ, որ միշտ չէ, որ ժողովուրդը նման ցանկություն ունի»: Այն հիշեցմանը, թե ՀՀԿ-ականներն ասում են, որ հանրահավաք են անելու, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ կասկածներ ունի, որ ՀՀԿ-ն այդքան համախոհներ ունի: Դառնալով քաղաքական ուժերի այն հիշեցնումներին, թե իրենք են քվեարկել, որ Նիկոլ Փաշինյանը դարձել է վարչապետ, Նիկոլ Փաշինյանն ասաց. «ԱԺ-ում չի եղել այնպիսի ուժ, որն իմ օգտին քվեարկությամբ ինձ լավություն է արել, կամ որը տեսնում էր այլ հնարավորություն և չի օգտագործել: Եկեք ուրեմն իրերը կոչենք իրենց անուններով: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ազատ է իր գործունեության մեջ, ժողովրդի առաջ պատասխանատու է իր գործունեության համար: Հույս ունեմ՝ մեր քաղաքական ուժերը հետևություն արել են իրենց գործունեությունից, որ եկել է այդ վերը»: Հիշեցմանը՝ ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, թե ժողովրդով չեն կարող սպառնալ, ուստի Նիկոլ Փաշինյանը շարունակելո՞ւ է ժողովրդով ճնշում գործադրել, ՀՀ վարչապետն արձագանքեց. «Շատ սխալ ձևակերպում է ժողովրդով սպառնալը: Ժողովուրդը մեզնով կարող է սպառնալ, քանի որ ժողովուրդը ՀՀ-ում բարձրագույն ինքնիշխանության կրողն է: Որևէ մեկը չի կարող ժողովրդով որևէ մեկին սպառնալ: Մեր գործողությունների հիմքում ընկել է և ընկած է ժողովրդի կամքը»: Մեր այն հիշեցմանը, թե վարչապետի ընդդիմախոսները պնդում են, որ Լիդիանի, Վեոլիայի, Հարավկովկասյան երկաթգծի և այլ դեպքերի պատճառով ոչ միայն նոր ներդրումներ չեն կարողանում բերել, այլևս եղածներն են դրել հարցականի տակ, Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ նման մտահոգություն չկա ու հավելեց. «Փարիզում հանդիպել եմ Լիդիանի տնօրենների խորհրդի նախագահի հետ, Վեոլիա ջրի տարածաշրջանային տնօրենի հետ, Հարավկովկասյան երկաթուղում ստեղծված իրավիճակն էլ քննարկել եմ ՌԴ նախագահի հետ: Կարող եմ ասել, որ ՌԴ-ի պարագայում ՌԴ-ի իշխ լիարժեք աջակցում են հնարավոր չարաշահումների դեմ մեր պայքարին: Ակնհայտ է, որ սա զուտ իրավական գործընթաց է առանց որևէ քաղաքական ենթատեքստի»: Դառնալով Լիդիանի խնդրին՝ վարչապետն ասաց. «Երբ կհիմնավորվի, որ Ամուլսարի հանքի շահագործումը խնդիր չի ստեղծում Սևանի և Ջերմուկի ջրային համակարգի համար, մենք հնարավորություն կստեղծենք, որպեսզի այդ հանքը շահագործվի: Եթե կպարզվի, որ ստեղծում է, ես բացառում եմ այդ հանքի շահագործումը: Այս դիրքորոշումը հստակ է: Վեոլիա ջրի հետ կապված հարցեր կան, դրանց պատասխան պիտի ստանանք, որ համակարգն ավելի արդյունավետ կառավարենք: Սին են բոլոր այն փորձերը, որ եթե Հարավկովկասյան երկաթուղում խնդիր կա, ուրեմն ռուսական ներդրումների դեմ է, կամ մյուսը ամերիկյան, կամ եվրոպական: Շատ ընկերությունների չեմ մեղադրում, քանի որ նախկինում կոնյուկտուրան այլ է եղել, երբ այլ կանոններով են աշխատել: Հիմա կանոնները փոխվել են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
https://www.aravot.am/2018/09/30/984244/