.
Որքան խորանում է պատերազմը, այնքան հանրության նյարդերը տեղի են տալիս՝ սպասելով արտաքին ուժերի միջամտության, ճնշումների գործադրման, որ ադրբեջանաթուրքական տանդեմը դադարեցնի հարձակումը Արցախի վրա:
Մարդկանց հիմնական հարցերից մեկն այս է. «Ինչո՞ւ են լռում ռուսները…»:
Հակամարտությունների տրամաբանությունն այնպիսին է, որ գերտերությունների կշեռքի նժարը միշտ թեքվում է դեպի ուժեղի կողմը: Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը, մյուս մեծ պետությունները հայտարարություններից անդին չեն անցնի այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմի դաշտում բեկում չի եղել: Գերտերությունները գործուն քայլ կանեն 2 դեպքում.
1. (Անիրատեսական տարբերակ) Եթե ադրբեջանաթուրքական ահաբեկչական խմբերը հաջողության հասնեն և խորանան Արցախի տարածք:
☝️ Այդ դեպքում որոշ կետի վրա նրանց կկանգնեցնեն, օրինակ, ՌԴ խաղաղապահ ուժերն իրենց ռազմաբազայով:
2. (Իրատեսական տարբերակ) Եթե հայկական բանակը կոտրի ադրբեջանաթուրքական ահաբեկչական խմբերի ողնաշարը և սկսի պաշտպանությունից անցնել ընդհանուր հարձակման, ռազմական գործողությունները ամբողջությամբ տեղափոխել Ադրբեջանի տարածք:
☝️ Այդ դեպքում մի քանի օր անց, երբ հայ զինվորները մի քանի կիլոմետր առաջ գնացած կլինեն՝ վերցնելով նոր բնագծեր՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները գործուն միջոցներ կձեռնարկեն՝ դադարեցնելու պատերազմը: Գերտերություններից յուրաքանչյուրն այդ ժամանակ իր բաժինը կպոկի Ադրբեջանից՝ այդ երկիրը ցնցումներից ու կապիտուլյացիայից զերծ պահելու դիմաց: Այդպիսի օրինակ ունենք 1995-ին:
Տրամաբանական հարց կհնչի՝ բա Թուրքիա՞ն: Թուրքիան այնպիսի հմտությամբ մենակ կթողնի Ադրբեջանին իր ներմուծած ու չմաքսազերծված ահաբեկիչների հետ, որ մարդիկ չեն հասկանա, թե ինչպես սրբի ու խաղաղասերի կերպար ընդունեց Էրդողանը: Համաշխարհային քաղաքականությունն է այդպիսին: Ցավոք: Դաշնակիցները և թշնամիները որոշվում են ըստ քաղաքական շահերի:
Այնպես որ, յուրաքանչյուր երկրի միակ դաշնակիցը իր բանակն ու ժողովուրդի միասնականությունն են: Որքան հաջողության հասավ բանակը, այնքան հաջողակ կլինի դիվանագիտությունը: