Հայաստանի Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած միջադեպերը, ԱԺ փոխխոսնակ, հայ-թուրքական բանակցություններում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հիստերիկ վարքը, ընդդիմադիր պատգամավորների պահվածքը խափանեցին բովանդակային քննարկումն օրեր առաջ Մոսկվայում Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպման վերաբերյալ։ Որևէ մեկն այդպես էլ չհարցրեց, թե ինչ պայմանավորվածությունների են հանգել բանագնացները, ինչ են խոսել հարաբերությունների կարգավորման շուրջ, ինչ զարգացումներ կլինեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում։
Ռուբինյանն ավելի ուշ ՂԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում կասկածահարույց պնդումներ է արել, Ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ, անգամ բանը հասել է նախկիններին մեղադրանքներ հղելուն։ Հայտարարելով, թե Ցեղասպանության հարցի շուրջ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ խոսակցություն չի եղել, նա նշել է, թե Հայաստանը միշտ հայտարարել է, որ Ցեղասպանության հետ կապված նախապայման Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում չկա։ Ըստ Ռուբինյանի՝ այդպես է եղել միշտ՝ նախկին բոլոր իշխանությունների օրոք, և նման կարգ օրակարգ բերելով, ըստ նրա, օրակարգն ուղղակի կդադարի, և դա հասկանում է նաև թուրքական կողմը։ Փաշինյանի բանագնացը, նշենք, փնթի մանիպուլյացիա է փորձում անել։
Նախկին երեք նախագահներն էլ իրենց մոտեցումներն ունեին Հայոց ցեղասպանության հարցում, որոնք արմատապես տարբերվում են Փաշինյանի հետպատերազմյան վարքագծից։ Տեր-Պետրոսյանն, օրինակ, Ցեղասպանության հարցը քննարկման չէր դնում, Քոչարյանը միջազգային ճանաչումը արտաքին քաղաքական գերակայություն էր հռչակել, իսկ Սերժ Սարգսյանը ցյուրիխյան արձանագրություններով համաձայնություն տվեց պատմաբանների հանձնաժողովին։ Նախկին նախագահներից և ոչ ոք մտադիր կամ պարտադրված չէր հրաժարվելու Ցեղասպանության ճանաչումից, ինչպես փորձում է անել Փաշինյանի վարչախումբը։ Ռուբինյանը միևնույն ժամանակ շեշտել է՝ Հայաստանի Հանրապետությունը երբևիցե որևէ տարածքային պահանջ չի ներկայացրել Թուրքիային։ Ու թեպետ Ռուբինյանն ու այս իշխանության մյուս ներկայացուցիչները պնդում են, թե որևէ նախապայման չկա բանակցություններում, իրենց իսկ խոսքերի տողատակում բացառապես ՀՀ առջև դրված նախապայմաններ են։
Դանիել Մելիքյան