KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Գործարկվում է Թուրքական հոսքը. ինչ կստանան Ռուսաստանն ու Թուրքիան և մյուսները

Գործարկվում է Թուրքական հոսքը. ինչ կստանան Ռուսաստանն ու Թուրքիան և մյուսները

Kafkassam Editör Kafkassam Editör - - 7 dk okuma süresi
421 0

Հունվարի 8-ին Թուրքիայում տեղի կունենա Սև ծովի հատակով անցնող և Ռուսաստանն ու Թուրքիան կապող ավելի քան 900 կմ երկարություն ունեցող Թուրքական հոսք գազատարի բացման արարողությունը, որին կմասնակցի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պւոտինը։ 2003 թ. գործարկված Կապույտ հոսքից հետո սա Սև ծովի հատակով Ռուսաստանից Թուրքիա բնական գազի մատակարարումներ իրականացնող երկրորդ գազատարն է։ Երկու խողովակաշարից բաղկացած Թուրքական հոսքն ունի ընդհանուր առմամբ տարեկան 31,5 մլրդ խմ թողունակություն։ Նախատեսված ծավալի կեսը՝ 15,75 մլրդ խմ, սպառվելու է Թուրքիայում, իսկ մնացածը նախատեսվում է արտահանել Բուլղարիա, Սերբիա, Հունգարիա և Ավստրիա։

Այս նպատակով նախատեսվում է Բուլղարիայի տարածքով կառուցել Բալկանյան հոսք գազատարը, որը ռուսական բնական գազը թուրք-բուլղարական սահմանից կհասցնի մինչև բուլղարա-սերբական սահման։ Սերբիայի իշխանություններն արդեն հայտարարել են Սերբիայի տարածքում ռուսական գազի տարանցման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման մասին։

Ռուս-բուլղարական բանակցությունները նախատեսում էին գազատարի շինարարությունն ավարտել 2020թ. հունվարի վերջին, սակայն Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի՝ 2019թ. նոյեմբերի 25-ին ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո գազատարի կառուցման խնդրում մի շարք խոչնդոտներ են առաջացել։ Բուլղարիայի դիրքորոշման փոփոխության առնչությամբ դժգոհություն է արտահայտել նաև Ռուսաստանի նախագահը։ Նա 2019թ. դեկտեմբերի սկզբին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Եվրամիության ճնշման ներքո 2014թ. Հարավային հոսք խողովակաշարի կառուցումը ձախողելուց հետո Բուլղարիան այժմ խոչընդոտներ է ստեղծում Թուրքական հոսքի համար, և որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կգտնի Բուլղարիան շրջանցող ուղիներ ռուսական գազը Սերբիա, Հունգարիա և Ավստրիա հասցնելու համար։ Բուլղարիայի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները՝ պնդելով, որ Բալկանյան հոսք գազատարի շինարարության մեկնարկի հետաձգումը պայմանավորված է շինարարությանը ներկայացվող Եվրամիության պահանջները կատարելու հետ և շեշտում, որ գազատարն ամբողջությամբ պատրաստ կլինի 2020թ. ավարտին։

2020թ. ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեում պատժամիջոցներ են նախատեսված ինչպես Հյուսիսային հոսք 2, այնպես էլ Թուրքական հոսք գազատարերի կառուցման համար, սակայն ի տարբերություն Հյուսիսային հոսք 2-ի, Թուրքական հոսքի կառուցման վրա ամերիկյան պատժամիջոցները իրական ազդեցություն չեն ունենա, քանի որ նախքան պատժամիջոցների ուժի մեջ մտնելը գազատարն արդեն կառուցված է։ Տեսականորեն ամերիկյան պատժամիջոցները կարող են կիրառվել նաև Բալկանյան հոսքի նկատմամբ՝ որպես Թուրքական հոսքի շարունակություն, սակայն ներկայում պատժամիջոցների կիրառման վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա։

Թուրքական հոսքը՝ այլընտրանք ուկրաինական ճանապարհին

Ռուսաստանի համար Թուրքական հոսքի կառուցումը կարևոր նշանակություն ունի Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման ծավալները հնարավորինս նվազեցնելու առումով։ Մինչև այժմ հարավային Եվրոպայի որոշ պետություններ և Թուրքիան ռուսական գազ էին ստանում Ուկրաինայի, Ռումինիայի և Բուլղարիայի տարածքով Թուրքիա մտնող Տրանսբալկանյան գազատարով։ Նշված գազատարով ռուսական գազ են ստանում Բուլղարիան, Հունաստանը, Հյուսիսային Մակեդոնիան և Թուրքիան։

Հաշվի առնելով Բուլղարիայի տարածքով Բալկանյան հոսք գազատարի կառուցման հարցում ստեղծված բարդությունները՝ Ռուսաստանը առնվազն 2020թ. կշարունակի օգտվել Տրանսբալկանյան գազատարից, սակայն արդեն 2021թ. կարող է լիովին հրաժարվել դրանից, ինչը որոշակիորեն կնվազեցնի գազի տարանցման խնդրում Ուկրաինայից ունեցած Ռուսաստանի կախվածությունը։

Չնայած ամերիկյան պատժամիջոցներին՝ ամենայն հավանականությամբ մինչև 2020թ. ավարտը Ռուսաստանին կհաջողվի ավարտին հասցնել նաև Հյուսիսային հոսք-2 գազատարը։

Այս համատեքստում ավելի հասկանալի են դառնում 2019թ. դեկտեմբերի վերջին ստորագրված ռուս-ուկրաինական՝ գազի տարանցման հնգամյա պայմանագրի պայմանները։ Նոր համաձայնագրով 2020 թ. Ուկրաինայի տարածքով իրականացվելու է 65 մլրդ խմ ռուսական գազի տարանցում, իսկ սկսած 2021-ից՝ միջինը տարեկան 40 մլրդ խմ։ 2019թ. Ուկրաինայի տարածքով իրականացվել է շուրջ 90 մլրդ խմ ռուսական գազի տարանցում։

Թուրքական հոսքի գործարկումը բավականաչափ շահավետ է նաև Թուրքիայի համար։ Անկարան գործնականում ազատվում է սեփական կարիքների համար Տրանսբալկանյան գազատարով Ռուսաստանից Ուկրաինայի, Ռումինիայի և Բուլղարիայի տարածքով գազ ներմուծելու անհրաժեշտությունից՝ այն փոխարինելով Ռուսաստանից գազի ուղղակի ներկրմամբ, ինչը միանշանակ բարձրացնում է Թուրքիայի էներգետիկ անվտանգության մակարդակը։ Բացի այդ, 2014թ. դեկտեմբերին Թուրքական հոսքի կառուցման վերաբերյալ հուշագրի ստորագրումից հետո 2015թ. մարտին Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվեցին Թուրքիային ռուսական գազի վաճառքի համար 10,25 տոկոս զեղչ տրամադրելու շուրջ։

2015թ. նոյեմբերին Թուրքիայի կողմից ռուսական ռազմական օդանավի խոցումից հետո այս պայմանավորվածությունը սառեցվեց, սակայն 2018թ. գարնանը Ռուսաստանը համաձայնեց վերահաշվարկ կատարել և Թուրքիային որոշակի գումար փոխանցել 2015 և 2016 թթ. մատակարարված գազի դիմաց։

Թուրքիան՝ գազի տարանցման առանցք

Անկարայի համար Թուրքական հոսքի գործարկումը էական նշանակություն ունի նաև Թուրքիան գազային առանցքի վերածելու իր ռազմավարության համատեքստում։ 2019թ. նոյեմբերի 30-ին Թուրքիայում տեղի ունեցավ թուրք-վրացական սահմանից մինչև թուրք-հունական սահմանը ձգվող Տրանսանատոլիական գազատարի (TANAP) շինարարության ավարտն ազդարարող արարողությունը։ Գազատարը թուրք-հունական սահմանին միանում է Տրանսադրիատիկ գազատարին, որն ադրբեջանական գազը Հունաստանի, Ալբանիայի տարածքով և Ադրիատիկ ծովի հատակով հասցնելու է Իտալիա։ Տրանսադրիատիկ գազատարի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2020թ.։

Տրանսանատոլիական, Տրանսադրիատիկ և Թուրքական հոսք գազատարերի գործարկմամբ Թուրքիան հնարավորություն է ստանում 2020-ականների կեսերին սեփական տարածքով Եվրոպա արտահանել տարեկան մինչև 36 մլրդ խմ գազ, որից 20 մլրդ-ը Տրանսադրիատիկ, իսկ մոտ 16 մլրդ-ը՝ Թուրքական հոսք գազատարերով։

Այսպիսով, Թուրքական հոսք գազատարի գործարկումը լիովին համապատասխանում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերին և ևս մեկ քայլ է ռուս-թուրքական պրագմատիկ գործակցության շրջանակում։

Բենիամին Պողոսյան, Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir