Գարիկ Քերյան: Իշխանության և եկեղեցու հակամարտությունը
Եկեղեցի-իշխանություն հարաբերությունների շուրջ ծավալվող քաղաքական գործընթացները բավականին դժվար է վերլուծել և քաղաքագիտական գնահատականներ տալ: Թերևս մի իրողություն կա, որն ակնհայտ երևում է և հանրության համար սա լրիվ հասկանալի է: Արցախյան երկրորդ պատերազմից հետո մի շարք կենտրոններից և նաև Էջմիածնից հնչեց վարչապետի հրաժարականի պահանջը: Եվ, երբ գործող իշխանությունը գնաց 2021թ. արտահերթ ընտրություններին և բավականին շատ սուր և համառ պայքարում կարողացավ վերարտադրվել, իր առջև ընդդիմությանը սատարող ուժ տեսնում էր նաև հոգևորականությանը: Փաստացիորեն դրանից հետո թաքնահարույց սառը պատերազմը միշտ ուղեկցել է իշխանություն- եկեղեցի հարաբերություններին, որոնք չեն կարգավորվել և սառույցը չի հալվել: Տաուշի և Շիրակի հոգևոր թեմերի առաջնորդների ձերբակալումը ևս այդ մասին են վկայում: Այս առումով թերևս հասկանալի է ներկայիս առճակատումը հոգևոր և աշխարհիկ իշխանությունների միջև, որովհետև 2026 թ. ընտրություններից առաջ բարձրաստիճան հոգևորականության քաղաքական ակտիվ մասնակցությունը խիստ անցանկալի է կառավարող ուժերի համար: Դեռևս պարզ չէ, թե ներկա առճակատումը որքանով կարող է ընդլայնել իշխանության և ընդդիմության ընտրազանգվածը: Այստեղ կան և պլյուսներ և մինուսներ: Պարզ է, որ իշխանությունը կորցնում է այն հավատացյալ ընտրողների ձայները որոնց համար անընդունելի է կաթողիկոսի դեմ գործողությունները: Միաժամանակ Էջմիածնի կաթողիկոսությունը ռուսական ազդեցության գործակալ ներկայացնելու թեզը շատ գոհունակությամբ է ընդունվում ինքնիշխանության ջատագով և հակառուսական տրամադրություններով տարված քաղաքացիների կողմից: Վերջիններիս բավականին ակտիվ են բոլոր հարթակներում, Արցախի կորստի մեջ Ռուսաստանին հղվող մեղադրանքները չեն իջնում հանրային քննարկումներից, դրան են նպաստում նաև զանգվածային լրատվամիջոցներում անընդհատ հայտնվող արևմտամետ քարոզիչները: Հանրության մեջ կա նաև առավել սթափ մտածող և ընդդիմություն-իշխանություն ձևաչափից դուրս մի մեծ հատված: Ի դեպ իմ կարծւքով այս հատվածը կարող է առավել մեծ լինել: Այս հատվածում այն քաղաքացիներն են, որոնց կարծիքով նախընտրական տարում և իշխանությունը, և ընդդիմությունը պետք է հանդես գան հաշվետվությամբ և ապագա գործունեության ծրագրերով: Նրանց համար կրոնական թեմաներով այս քաշքշոցը ազգի և նրա ապագայի, զարգացման և անվտանգության առումով տարօրինակ են և անհասկանալի: Խորհրդային ժամանակներում աթեիստական գաղափարներով դաստիարակված քաղաքացիները ևս մեր հասարակության մասն են կազմում: Վերջում կցանկանայի նշել, որ երբեմն ընտրություններին շատ մոտ կարող են ներքին արտաքին քաղաքական անսպասելի տեղաշարժեր լինել և ներկայիս իրադարձությունների վրա կառուցվող սպասելիքները կարող են և արագ փլուզվել: Հիշենք, որ վճռորոշ կոմպրոմատները հրապարակվում են մեկ ամիս առաջ:


Yorum gönder