Şimdi yükleniyor

Գարիկ Քերյան: Թրամփի և Պուտինի քաղաքականության ընդհանրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ ցավագին է արձագանքել Կանադայի և Չինաստանի միջև կնքված առևտրատնտեսական պայմանագրին, որը բարենպաստ պայմաններ է ստեղծում չինական տնտեսական ներթափանցման համար: Թրամփը սպառնացել է 100% մաքսատուրք մտցնել կանադական ապրանքների ներմուծման վրա: Այս իրադարձության շուրջ իմ մտորումները ինձ հիշեցրին պրոֆ. Սաքսի և պրոֆ. Միրշայմերի, մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած քննարկումը, միջազգային հարաբերությունների զարգացման նոր միտումների մասին: Երկու պատվարժան քաղաքագետները միանշանակ համակարծիք էին այն հարցում, որ նոր ձևավորվող աշխարհակարգի հիմքում դրվելու է տերությունների կողմից ազդեցության և շահերի գոտիների նոր վերաբաժանումը: Անշուշտ նրանք իրավացի են: Ինչն ընդհանրություն ունեն Պուտինն ու Թրամփը: Նրանք հստակ և ուղղակի, առանց ձևականությունների նշում են ԱՄՆ և ՌԴ ազդեցության և շահերի գոտիները: Արևմտյան կիսագունդը, երկու Ամերիկաները ԱՄՆ ազդեցության գոտին են, այստեղ մրցակից Վաշինգտոնը չի հանդուրժելու: Հետխորհրդային տարածքը ՌԴ-ն հայտարարում է ի գերակա շահերի գոտի: Միջազգային բոլոր հակամարտությունները, միջպետական բախումներն ու ճգնաժամերը, պատերազմների ծագումն ու ընթացքը պետք է դիտարկել այս տեսանկյունից: Այս համատեքստում են տեղավորվում նաև մնացած բոլոր պայմանագրերը, դաշինքները, մաքսատուրքերը, էներգետիկ և տրանսպորտային նոր ուղիների շուրջ ծրագրերը: Շուտով կհստակեցվեն նաև Չինաստանի ազդեցության գոտիները, չնայած որ մասնագետներն արդեն կանխատեսումներ են անում, նշելով ասիական տարածաշրջանները: Դժվար է կանխատեսել ԵՄ-ի դերակատարումը նոր աշխարհակարգում որի կազմից արդեն դուրս է եկել Մեծ Բրիտանիան: Այն նորից կմտնի՞ ամերիկյան հովանոցի տակ, թե կկարողանա հաստատվել որպես ինքնուրույն ուժային կենտրոն: Ի դեպ ՆԱՏՕ-իգլխավոր քարտուղար Ռյուտեն երեկ ազնվորեն խոստովանեց, որ Եվրոպան ի վիճակի չէ լուծել իր անվտանգային խնդիրները, առանց ԱՄՆ-ի: Եվ վերջում: Եթե Պուտինին հաջողվեց հասնել հետխորհրդային տարածքում գերիշխանության հաստատմանը, ինչպես է գործարկվելու զանգեզուրյան կապուղին, որի հանդեպ վերջնական դիրքորոշում չեն հայտնել ոչ Մոսկվան, ոչ էլ Իրանը:

Yorum gönder