Şimdi yükleniyor

Գարիկ Քերյան: Թրամփը փոխում է աշխարհակարգը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր գործողություններով հարցականի տակ է դնում «Արևմուտք» աշխարհաքաղաքական հասկացությունը: Մոտ մեկ դար հումանիտար և հատկապես քաղաքական գիտությունների տերմինաբանության մեջ այն ընկալվում էր, որպես Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի տնտեսական և ռազմաքաղաքական բևեռ: ԽՍՀՄ փլուզումից հետո կիրառության մեջ մտավ Հավաքական Արևմուտք հասկացությունը, որի տակ կրկին ընկալվում է ԱՄՆ-ԵՄ աշխարհաքաղաքական բևեռը, իհարկե Կանադան ևս այստեղ է: Այս բևեռը գաղտնիք չէ, որ Ռուսաստանը, Չինաստանը և նրանց ազդեցության գոտում գտնվող պետությունները դիտում է որպես արևմտյան շահերի և ազդեցության հիմնական հակառակորդ/մրցակից/խոչընդոտ կենտրոններ: Ներկայումս Թրամփի գործողությունները կարծես թե քանդում և խարխլում են այս ճարտարապետությունը: Վաշինգտոնն այլևս չի ցանկանում իր ուսերին կրել Եվրոպայի անվտանգության բեռը: Բանակցությունները Պուտինի հետ և ուկրաինական ճգնաժամում ԱՄՆ ռազմավարության վերանայումը դրա վառ ապացույցն են: Այս գործընթացում, Թրամփի իշխանության գալուց հետո մեկ տարվա ընթացքում, ԵՄ առաջատար եռյակի (ԳՖՀ-Ֆրանսիա-Իտալիա) և նրանց միացած Մեծ Բրիտանիայի փոխհարաբերություններն ԱՄՆ-ի հետ դրանք արդեն դաշնակցային ձևաչափից տեղափոխվում են դեպի մրցակցային հարթություն: Գրենլանդիայի շուրջ իրադարձությունները նույնիսկ սպառնում են ՆԱՏՕ-ի միասնությանը:

Yorum gönder