Գարիկ Քերյան: Երրորդ համաշխարհային պատերազմը
« Երրորդ համաշխարհային» պատերազմը որպես կայացած իրողություն արդեն ընդունում են մասնագիտական լայն շրջանակներ: Ոմանք դեռ վիճարկում են այս, որովհետև այն և իր դրսևորումներով, և ընթացքով էականորեն տարբերվում է մարդկության երեք-չորս հազարամյա պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր պատերազմներից և նույնիսկ երկրորդ համաշխարհային պատերազմից: Այս պատերազմը դրոնների, հրթիռների, ավիացիայի, էլեկտրոնային բարդ սարքավորումների, տիեզերական հետախուզության, կենսական համակարգերի հեռահար ոչնչացման, պատժամիջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների պատերազմ է: Առանձնահատուկ է նաև այսպես կոչված «միջնորդավորված պատերազմ» եզրույթի մուտքը ռազմագիտական և քաղաքագիտական հանրության խոսույթի մեջ: Արևմուտք բևեռը՝ ( ԱՄՆ, ԵՄ, Իսրայել և նրանց դաշնակիցներ) պատերազմում են Ռուսաստանի և Իրանի դեմ: Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունները ընթանում են Ուկրաինայում, արևմտյան ոչ մի պետություն Ռուսաստանին պատերազմ չի հայտարարել, բայց նրանց մեծ մասը իր ռազմա-տնտեսական ռեսուրսը ներդրել է պատերազմի մեջ: Իրան-Իսրայել պատերազմը դրոնների և հրթիռների «վոլեյբոլ» է հիշեցնում, նրանք չունեն ցամաքային սահման և իրանական և իսրայելական բանակներն ու ցամաքային մարտական տեխնիկան մարտ չեն վարում: Մյուս առանձնահատկություններն էլ արդեն հետազոտվում են ռազմական մասնագետների կողմից: Եվ վերջին թարմ իրողությունն այն է, որ առավել մեծ թվով պետություններ են արտահայտում իրենց անհամաձայնությունը Արևմուտքին: Արաբական և մուսուլմանական 21 երկիր համատեղ հայտարարությամբ դատապարտել են Իսրայելի գործողություններն Իրանի նկատմամբ՝ որակելով դրանք որպես միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության խախտում, և կոչ արել անհապաղ դեէսկալացիայի և Իսրայելի գործողությունների դադարեցմանը:
Share this content:
Yorum gönder