KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Ուկրաինական պատերազմը մերժում են եվրոպական ընտրողները

Գարիկ Քեռյան: Ուկրաինական պատերազմը մերժում են եվրոպական ընտրողները

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
27 0

Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների մի զգալի հատվածում ակնհայտ երևում է արևմտամետ քարոզչական խոսույթը, որն անշուշտ համեմվում է հակառուսական հռետորաբանությամբ: Այն առավել ևս ցցուն դրսևորվում է ուկրաինական պատերազմի և դրան առնչվող թեմաներին նվիրված հրապարակումներում: Ներկայացվում է հետևյալ սցենարը. ագրեսոր Ռուսաստանը հարձակվել է, Ուկրաինան և նրա թիկունքում եվրոպական դեմոկրատական պետություններն ու ԱՄՆ-ն, հերոսական պայքար են մղում առաջադեմ մարդկության փրկության և ազատ ապագայի համար: Եվ այսպես շարունակ «հեռուստաաստղերի» հետ դարակազմիկ և փրկչական ոգով հարցազրույցներ: Կան նաև Ռուսաստանի մոտալուտ վախճանի մասին ռահվիրա «քաղաքագիտունների» ցնցող վերլուծություններ: Հակված չեմ արդարացնել պատերազմը որպես քաղաքական խնդիրների լուծման միջոց, պատերազմը հակամարդկային և հակաբնական երևույթ է և արդարացում չունի: Սակայն վերջին կես տարվա քաղաքական գործընթացները արևմտյան առաջատար երկրներում շատ հետաքրքիր իրողություններ են բացահայտում, ըստ որի այստեղի շարքային ընտրողներն ու հասարակության գերակշիռ հատվածը սկսել են ավելի սթափ գնահատել իրավիճակը և քննադատական – մերժողական վերաբերմունք են ցուցաբերում «հանուն ժողովրդավարության» ուկրաինական մսաղացը ֆինանսավորող իրենց քաղաքական ուժերի նկատմամբ: Եվ դա շատ հստակ երևում է վերջին ընտրությունների արդյունքներից և ներքաղաքական ճգնաժամերի ընթացքից: Խոսենք արդեն հայտնի փաստերով: Պատերազմի թիվ մեկ ֆինանսիստ Բայդենը ջախջախվեց Թրամփից, որն ամբողջ քարոզարշավը կառուցել էր հակապատերազմական նարատիվներով: ԱՄՆ-ից հետո պատերազմի երկրորդ դոնոր ԳՖՀ-ի կանցլեր Շոլցը կանգնած է իշխանազրկման շեմին կառավարող կոալւցիայի փլուզման հետևանքով և խեղճացած երեկ զանգահարել է Պուտինին, երևի ցանկանում է պառլամենտում վստահության քվե ստանալ, բայց արդեն ուշ է: Ֆրանսիայում ևս չգնահատվեց հանուն դեմոկրատիայի պատերազմը, Մակրոնի կուսակցություն պարտվեց խորհրդարանական ընտրություններում, հայտնվելով երրորդ տեղում: Լավ է, որ նախագահական ընտրություններին դեռ ժամանակ կա: Պատերազմի բազեները ևս՝ պահպանողական լիդերները ջախջախվեցին , բրիտանական հասարակությունը տվեց նրանց գնահատականը: Չարաբաստիկ դերակատարում ունեցած Բորիս Ջոնսոնի կուսակից Ռիշի Սունակը ևս իշխանազրկվեց: Սա վերջին տասնամյակների ընթացքում Պահպանողական կուսակցության նկատմամբ Լեյբորիստական կուսակցության ամենափառավոր հաղթանակն էր: Նոր վարչապետ Քիր Սթարմերը առավել զուսպ է և երևում է, որ շուտով կմիանա Թրամփի քաղաքական գծին: Ներքաղաքական ճգնաժամերը շրջանցում են այն երկրները, որոնց քաղաքական ղեկավարությունը կամ պասիվ է եղել այս կոնֆլիկտում, կամ էլ քննադատել է պատերազմի ֆինանսավորումը: Օրինակ Իսպանիան, Իտալիան, Սլովակիան: Ուկրաինական պատերազմում վարվող քաղաքականությունը մերժող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, շնորհիվ դրա ամրապնդել է իր դրքերը: Արդեն կարելի է ասել սկսվել է արևմտյան քաղաքական էլիտաների «օրբանացումը», նոր քաղաքագիտական հասկացություն է մտել շրջանառության մեջ: Ով ինչ շահեր ու հետին նպատակներ ունի պատերազմական խրամատների այս կամ այն կողմում, դա այլ հարց է, պատմությունը ապագայում շատ բան կբացահայտի, որ դեռ մենք չգիտենք, առաջնայինը մսաղացը կանգնեցնելն է և կյանքերի փրկությունը:

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir