Şimdi yükleniyor

Գարիկ Քեռյան: Նոր աշխարհակարգի մասին

Շանհայան համագործակցության կազմակերպության Աստանայի գագաթնաժողովը կարևոր էր նոր աշխարհակարգը պատկերացնելու իմաստով: Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո էլ, երեք տասնամյակ ձգվող միջազգային հարաբերությունների վերադասավորումները դեռ հնարավորություն չեն տալիս ակադեմիական քաղաքագիտական կենտրոններում վերջնական եզրահանգումներ անել: 1990-ական թթ. կիրառվող միաբևեռ կամ հետսառըպատերազմյան հասկացությունները դուրս եկան շրջանառությունից, ՌԴ և Չինաստանի գլոբալ նոր դերակատարումների փոփոխության պատճառով: Վ. Պուտինի վարչակարգը սկսած 2000- թվականների սկզբներից նորից սկսեց Արևմուտքի դեմ հակազդելու քաղաքականությունը, չնդունելով գունավոր հեղափոխություններով հակառուսական ռեժիմների հաստատման և հետխորհրդային տարածքում ծավալվելու Բրյուսել-Վաշինգտոն առանցքի ռազմավարությունը: Չինաստանի նման հսկան պարզ է, որ նույնպես չէր կարող հանդուրժել միաբևեռայնությունը: Դրանից հետո որոշ մասնագետներ շրջանառության մեջ դրեցին Բազմաբևեռ աշխարհակարգ միաբևեռայնությամբ թեզը, որի նպատակը ամեն դեպքում ԱՄՆ, որպես միակ գերտերության կարգավիճակի ամրագրումն է: Սակայն պատերազմը Ուկրաինայում, Շանհայան կազմակերպության և ԲՐԻԿՍ միավորման ընդլայնումը հուշում են, որ միջազգային կարգը կրկին ստանում է երկբևեռայնության երանգներ, որի արտահայտությունն էր Աստանայի գագաթնաժողովը: Առայժմս երևում է մի բևեռում հավաքական Արևմուտքը/ՆԱՏՕ-ն և նրանց ազդեցության ոլորտում գտնվող երկրները (Ճապոնիա, Հարավային Կորեա և այլն), մյուս բևեռում ՌԴ, Չինաստան, Իրան, ԿԺԴՀ, Հետխորհրդային կենտրոնասիական պետություններ և նրանց հետ համագործակցային ձևաչափով Հնդկաստան: Ինչպես երևում է երկու բևեռներն էլ բազմահարկ են և իրենց ներսում նույնպես ունեն ուժային բաղադրիչներ, իրենց առանձնահատուկ գլոբալ և ռեգիոնալ շահերով և պահանջներով, որոնք հաճախ չեն համընկնում: Չեմ կարող ասել այս միջազգային կարգը կլինի երկարակյաց, թե նորից կենթարկվի նոր փոփոխությունների «երրորդ աշխարհամարտի» ավարտից հետո, բայց համաշխարհային ուժային կենտրոնների ներկա իրավիճակը բնութագրելու համար առաջարկում եմ «բազմակողմ երկբևեռայնությամբ աշխարհակարգ» եզրույթը:

Share this content:

Yorum gönder