ABD Uzay Komutanlığı resmen kuruldu

Ermenistan-Azerbaycan Çatışmasında İran Faktörü

Ruhaninin qələbəsi gözlənilən idi

“Azadlıq” dan Türkiyə hökumətinə çağırış

Գազային շանտաժի բուն իմաստը

Ermenistan 6 Ocak 2019
34

Մեքենայի միջից արված հերթական տեսահոլովակում Փաշինյանը հայտնեց գազային նոր պատմությունների մասին, առ այն, որ գազը կթանկանա սահմանին, բայց չի թանկանա գազօջախին։ Եվ որ նոր պայմանավորվածությունները չեն հանգեցնի նախորդ՝ գույք պարտքի դիմաց ավանդական ռուս-հայ ախպերական ավերիչ փոխհատուցումների։

Մեր մտքում պահենք այս խոստումները և փորձենք պարզ-կենցաղային հայերենով հասկանալ, թե ինչ է կատարվում Փաշինյանի ու Հայաստանի շուրջ։

Նախ հիշենք, որ Պուտինը չի շնորհավորել Փաշինյանին պառլամենտական ընտրութունների հետ կապված։ Վարչապետության հետ կապված հենց նույն օրն էր շնորհավորել, բայց հիմա “խռովել է”։ Եվ ոչ միայն խռովել է, այլև ակտիվորեն հակաքայլեր է անում Փաշինյանի դեմ։

ՀԱՊԿ-ի նախագահության հարցում պետք է որ կոնֆլիկտային խնդիրներ առհասարակ չառաջանային, քանի որ այդ դիրքը ռոտացիոն իրավունքով էր Հայաստանին տրված, և այն Հայաստանին էլ պետք է մնար անկախ Խաչատուրովի քրեական հետապնդման կարգավիճակից։ Ենթադրենք, թե Խաչատուրովը հիվանդանում էր։ Այդ դեպքում ե՞ւս պետք է Հայաստանից փորձեին խլել այդ իրավունքը։

Հասկանալի է, որ հարցը Լուկաշենկոն թեժացրել էր Ալիեւի պատվերով, Նազարբաեւն էլ` իր նախնիների արյան կանչով։ Բայց ինչու էր ու է Պուտինը կողմնակալ լռության մեջ։ Հետևաբար, այս աղաղակող հակահայկական-հակափաշինյանական կոլեկտիվ սանձարձակությունը շատ ավելի խորը հիմքեր ունի, քան դաշնակցային իբր ֆորմալիզմն է։

Փորձենք հասկանալ, թե ինչը կարող է նման ագրեսիայի հիմք լինել, որը միավորել է երեք նախագահներին։

Իմ կարծիքով, առաջին և դեռևս իրենց համար ուժեղացող գրգռիչը փաշինյանական հեղափոխությունն է ու հենց ինքը՝ Փաշինյանը։ Նրանք երեքն էլ վախենում են, որ իրենց դեմ էլ իրենց ընդդիմությունը փաշինյանական ոճով կսկսի փողոց փակել ու կամք պարտադրել։ Եվ որպեսզի նման բան չկատարվի, ամեն կերպ պետք է Փաշինյանին նսեմացնել, վարկաբեկել ու ցույց տալ, որ ինքը անարժան մարդ է, որ իր արածը պատահականություն է և կրկնօրինակաման արժանի չէ, որովհետև հետո գալու է պարտությունների փուլը։

Եվ այդ երեքն էլ նույնն են անում՝ փորձում են Փաշինյանին հնարավորինս պարտության մատնել թե միջազգային ու թե ներքին մասշտաբներում, որպեսզի իրենց ժողովուրդներին ասեն՝ տեսա՞ք, թե ով է Փաշինյանը մեր համեմատ, չհամարձակվեք մեր դեմ նույնն անել։

Սա հակափաշինյանական կեցվածքի խորքային առանցքն է։ Եվ դրա դեմն առնելու այլ մեխանիզմ չկա, քան այս թեզերը գոնե փորձագիտական մակարդակում բարձրաձայնելը։ Իսկ եթե դա չբավարարեց, ապա Փաշինյանն ինքը կարող է ձեռ առնելով դրանց, հենց նույնն ասել, թե չհասկացա, Խաչատուրովն էստեղ ինչ կապ ունի, դուք իմ պատճառով Հայաստանին եք ուզում ֆուկ անե՞լ:

Դրանց միավորող հաջորդ, իրապես լուրջ գործոնը Լուկաշենկոյի ու Պուտինի “ադրբեջանամետությունն” է՝ զենքի վաճառքի հետ կապված, ու Նազարբաեւի էթնիկ պատկանելությունն ու թուրանիզմի ակտիվ ջատագով լինելն է, որն ավտոմատ հակահայություն է ենթադրում։

Ասվածից բացի, առկա է նաև Լուկաշենկոյի՝ ներքին խոսակցությունների մանրամասներով Ալիեւին հաշվետու լինելը, որը մարդկային ցածր որակների լուրջ տարրեր ունի իր մեջ։

Թվում էր, թե հակառակ Լուկաշենկո-Նազարբաեւ տանդեմի, Պուտինը պետք է կարողանար հավասարակշիռ լինել ու Փաշինյանի բարեկամությանը ձգտել, որովհետև եռյակի ներսում էլ Լուկաշենկոն եւ Նազարբաեւն են իր դեմ բազմաթիվ առումներով։ Եվ այդ եռանկյունում Փաշինյանի բարյացակամությունը շահելը Պուտինի համար պետք է որ առավել հեռանկարային լիներ։

Բայց, ոնց տեսնում ենք, ինքը այլ հաշվարկներ ունի։ Եվ մենք էլ, դա ընդունելով, այնպիսի քայլերի պետք է գնանք, որ հայկական շահերը չվնասվեն, ու մի բան էլ վեր դասվեն։

Այս երկու գործոններից զատ, նաև Պուտինը փորձում է ծանր վիճակի մեջ դնել Փաշինյանին, որպեսզի լծակներ ունենա աստիճանաբար նրան «հաճախորդ» սարքելու, ոնց նախորդների հանդեպ է եղել։

Սակայն, մյուս կողմից էլ, այդ երեքի ագրեսիան նախաձեռնվել է բացարձակ դատարկ տեղը՝ կեղծ հարցի ու օրակարգի շուրջ, որը հուշում է, որ առաջնային զգացական մղիչը հայկական հեղափոխությունից վախն է, որը գեներացրել է մնացած դրսևորումները։

Այն, որ Լուկաշենկոն կոնֆլիկտից անց դեռ շարունակում էր լրագրողների մոտ հոխորտալը, ցույց է տալիս, որ Նիկոլը կարգին հակադարձել է և լավ է արել՝ ապրի ինքը։

Այն, որ Փաշինյանը չի ենթարկվել Պուտինին ևս, դրա վկայությունն էլ գազի թանկացման հետ կապված “բազարներն” են, որոնք պետք է որ այս պահին ու այս սրությամբ չծագեին։ Ի՞նչ է հետապնդում Պուտինը գազի հարցը սրելով։

1. Փաշինյանին դնում է երկընտրանքի առջև. կամ ենթարկվիր ինչ-ինչ հարցերում ու դարձիր խամաճիկ, ու ես հարցը կհանեմ օրակարգից, կամ քեզ կդնեմ այն վիճակի մեջ, որ ժողովրդիդ մոտ կկորցնես քո հեղինակությունը։

2. Սահմանին գազի գնի բարձրացումն ակնհայտորեն, առնվազն 4 հետևանքների կարող է հանգեցնել.

Ա. Եթե համապատասխանաբար բարձրացվեն ներքին վաճառքի գները, ապա ամբողջ ժողովուրդն է բողոքելու վիճակից ու Փաշինյանից։

Բ. Եթե ներքին գները չթանկանան, ապա ռուսական ընկերությունը ստիպված է լինելու գնալ հաստիքային կրճատումների, հազարավոր մարդիկ են կորցնելու աշխատանքը ու դառնալու են Փաշինյանի թշնամի։ Գումարած, որ նաև սպասարկման որակն է ընկնելու:

Գ. Եթե ներքին գները չփոխվեն, բայց տարբերությունը կուտակվի որպես պետական պարտք, ապա նորից՝ աստիճանաբար դա է բացահայտնվելու ու ժողովուրդն է թշնամանալու Փաշինյանին՝ երկիրը նախորդների պես վաճառելու մեղադրանքով։

Ե. Սահմանին գնի բարձրանալու և բաժանորդներին նույն գնով վաճառելու դեպքում խիստ կնվազեն ներքին ցանցի շահույթները՝ հետևաբար նաև պետությանը վճարվող հարկերը, որը ևս ծանր կանդրադառնա Փաշինյանի կառավարություն վրա։

Այսինքն Պուտինը ներկա պահին իրեն դրսևորում է որպես Փաշինյանի, Հայաստանի ու հայ ժողովրդի բացարձակ թշնամի, որովհետև ձմեռվա կեսին նման, իր կարծիքով անկասելի հարց օրակարգ բերելը առնվազն սրիկայություն է։ Եվ նման սրիկայության գնալու համար հոգեբանորեն ներքին շատ մեծ թշնամություն է պետք ունենալ։

Նշված սցենարները եռյակի այս պահի խաղաքարտերն էին Հայաստանի դեմ։ Եթե ամենածայրահեղ կասկածներով շարժվելու լինենք, ապա այլ վտանգներ էլ են հնարավոր, ասենք Հայաստանի դեմ ադրբեջանական պատերազմ հրահրելը։ Բայց կարծում եմ, որ դրանցից ոչ մեկն էլ այդ աստիճակի դեգեներացիայի դեռ չի հասել, և Հայաստանի հիմնական խոսելիքը Պուտինի դեմ է։

Եվ սա թե Փաշինյանի ու թե Հայաստանի ապագայի հարց է։ Սա այն ասպարեզն է, որում եթե Փաշինյանը մեկ միլիմետր զիջեց, ապա ինքը մտնելու է խամաճիկացման նախորդների արահետ ու դրանից դուրս ելնելու ոչ մի շանսը չի լինելու։

Հայաստանի համար այս ծանր հեռանկարներից անցնենք վարդագույն հնարավորութուններին, հիշելով ու հաշվի առնելով, որ ջուրն ընկածն անձրևից չի վախենում։

Նախ տեսնենք, թե որոնք են Փաշինյանական-հայկական խաղաքարտերը, որոնք կան և որոնք անկասելի են առնվազն Պուտինի դեմ։

1. Հայաստանը Ռուսաստանի միակ աշխարհքաղաքական դաշնակիցն է, որի կորուստը Ռուսաստանի համար կնշանակի նույնիսկ ռեգիոնալ գերուժի կարգավիճակի կորուստ։ Որովհետև դա նախ և առաջ ֆիզիկական հեռացում է միջին արևելքից։

2. Հայաստանից հեռանալը կնշանակի նաև ռազմաքաղաքական այս կարևորագույն տարածքը փաստացի Թուրքիային զիջելը։

Մինչև “Կալիբր” հրթիռների հայտնվելը Ռուսաստանը գտնվում էր թելադրվող-ենթարկվող՝ կամազուրկ երկրի կարգավիճակում։ Բայց սիրիական պատերազմում Ասադին ֆիզիկապես փրկելուց և ռեգիոնի լիակատար իսլամացումը կանխելուց հետո, արդեն սկզբունքորեն փոխվել է իրավիճակը, և Ռուսաստանն այդքան հեշտ չպետք է զիջի իր դիրքերը, որոնց թվում նաև ռազմաքաղաքական ներկայությունը Հայաստանում։ Եթե առաջներում Հայաստանից ինքնակամ հեռանալու նախանշաններ կային, և ենթադրվում էր, որ հայկական ենթակառուցվածքները կարող են նաև Թուրքիային վաճառվել, ապա հիմա Ռուսաստանը դեռ կփորձի դրանք չկորցնել և դրանցով վերահսկել Հայաստանը ևս։

Ուժերի նոր հարաբերակցության պայմաններում Ռուսաստանի ներկա իրական հակառակորդներ են դառնում Թուրքիան, Ադրբեջանն ու Միջինասիական թուրքալեզու երկրները՝ ի դեմքս հեռանկարային կերտվելիք Թուրանի։

Եթե հիմա, Ռուսաստանի համար միջազգայնորեն այս ծանրագույն ժամանակներին եթե վերացավ Թուրանի դեմ հայկական աշխարհքաղաքական պատնեշը, ապա Ռուսաստանը հայտնվելու է երրորդական երկրների շարքում և հեռանկարում էլ Սիբիրը կորցնելու վտանգի առջև։ Արևմուտքում ունենալով Ուկրաինայի հետ օր-օրի արյունալի դարձող կոնֆլիկտը, Չինաստանի հետ արդեն բացահայտ անտագոնիստական դարձող հարաբերությունները, Էրդողանի՝ արդեն ձեռառնոցիի հասնող անհարգալից վերաբերմունքը գրեթե ամեն հնարավոր հարցում, Ռուսաստանը անկյուն քշված գազանի է նմանվում։

Եվ նույնիսկ այդ վիճակում, Ռուսաստանը փաստացի ծառայում է թուրքական շահերին, սկսած իր հաշվին դեպի Թուրքիա գազի խողովակաշար կառուցելուց, Թուրքիային ռուսական գազով եվրոպայի գազի մատակակար դարձնելու հեռանակարից, վերջացրած Թուրքիայում, նորից իր հաշվին, ատոմակայանի կառուցումը։ Ու դա այն ֆոնին, որ Սիրիայում թուրքերը փաստացի պատերազմի մեջ են Ռուսաստանի դեմ։

Միգուցե նման աբսուրդային՝ թշնամա-բարեկամական հարաբերություններն անձնապես Պուտինի ետին մտքերում եղած ինչ որ սատանայական սցենարներ են։ Բայց կարծում եմ, որ դեռ պետք է որ ողջ լինի ռուսական զինվորականությունը, որն այս տարրականը հասկանում է ու թույլ չի տա Պուտինին Ռուսաստանի դեմ նման ավերածությունների գնալու։

3. Շուտով աշխատանքներն է սկսելու հայկական փաշինյանական-ցուցակային պառլամենտը։ Եվ այդ պառլամենտը կարող է մի քանի օրենքներ մտցնել կյանք՝ կապված նախորդ իշխանությունների միջազգային պայմանագրերի հետաքննման հետ։

Օրինակ, պառլամենտը կարող է օրենք ընդունել, որ պառլամենտին կից ստեղծվում է արտակարգ հանձնաժողով՝ հետանկախական կառավարական բոլոր միջազգային պարտավորությունների, օտարումների, պետական ունեցվածքի վաճառքների, պետական պարտքերի գոյացման ու տարատեսակ այլ պայմանագրերի օրինականությունը հետազոտելու հարցով։ Եվ օրենքով էլ սահմանի այդ ստուգումների հերթականությունը և կոնկրետ ժամկետները ևս։

4. Զուգահեռ օրենքով հայտարարի պետական ունեցվածքի հանդեպ անօրինականությունների հետ կապված հանցանքների մասով քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։ Մասնավորապես սահմանի, որ գույքի թերագնահատման, կամ հանցավոր այլ ձևերով օտարման, ինչպես նաև պետական պարտքերի գոյացման համար հետադարձ ուժով պատիժ է մտցվում, ընդհուպ մինչև ցմահ բանտարկությունը։

5. Մտցնի օրենք՝ անօրինականությամբ կնքված միջազգային բոլոր պայմանագրերը չեղարկելու մասին, ինչպես նաև անօրեն օտարված ունեցվածքը պետականացնելու մասին։ Բազմաքայլ կոմբինացիաներով օտարված գույքի դեպքում պատասխանատվություն նախատեսի բոլոր օղակների մասնակիցների համար։

6. Առանձին օրենք ընդունի երկրում որևէ մոնոպոլացում արգելելու մասին, և որպես հետևանք, հենց օրենքով արգելի որևէ սահմանափակումը դեպի Հայաստան որևէ ապրանքի ներկրման իրավունքի ու ծավալների մասով՝ ներառյալ գազն ու այլ էներգակիրները։

7. Հենվելով այն փաստի վրա, որ ներկայում արևային էներգիան արդեն իսկ կրկնակի-եռակի էժան է գազից ստացվող էներգիայից, օրենքով հարկերից ազատի ալտերնատիվ էներգիայի հետ կապված սարքավորումերի ու միջոցների ներկրումը։

8. Օրենք ընդունի Մաքսային Միության հետ անմիջական ընդհանուր սահման չունենալու հետ կապված, այդ միության ներսում առանձին ռեժիմի անցնելու մասին։

9. Օրենք ընդունի օտարերկրա սեփականություն դարձած մեծ տնտեսական միավորների վերաբերյալ շահույթի նորմայի մասին, որը չպետք է գերազանցի Հայաստանի հարևան երկրներում գրանցվող համանման արտադրությունների նորմաների միջին մակարդակները։

Երևի այլ առաջնահերթ օրենքներ էլ են անհրաժեշտ, բայց սրանք անհապաղ են պետք, որպեսզի Պուտինը չհասցնի Փաշինյանին ու Հայաստանը գազային շանտաժի ենթարկելով վերադարձնի խամաճիկության անդունդը։

Ինչպես նախկինում բազմիցս կրկնել եմ, ներկայում Հայաստանի գոյության և հարատևման միակ երաշխիքը Իսրայելի և Շվեյցարիայի օրինակով անհապաղ, ողջ մեծահասակ բնակչության զինումն է ավտոմատներով։ Այդ նպատակով տեղին է նույնիսկ համազգային փողահավաքը:

Պուտինի էներգետիկ ու ռազմաբազայի հետ կապված շանտաժներն ու մյուսների քամահրանքը Փաշինյանի ու Հայաստանի հանդեպ ազգային անվտանգության առաջնահերթ հարցեր են։ Եվ դրանք պետք է լուծվեն ոչ թե այլ արտաքին հզոր հովանավորների փնտրտուքով ու երկրի սուբյեկտությունը մսխելով, այլ ինքնուրույն՝ զինվելով։

Մենք արդեն խիստ ուշացած ենք և ռեսուրսը չունենք բանակը ժամանակակից և մինչև ատամները զինված հարևաններին համարժեք զենքով զինելու հարցում։ Բայց դեռ ուշ չէ հայաստանցիների համատարած զինումը ավտոմատներով։

Հայաստանը պետք է զինվի որպես ազգ-բանակ-վրիժառու պարտիզան։ Նման երկրի վրա ոչ մի ոսոխ չի հանդգնի հարձակվել, և այնժամ մեզ ըստ պատշաճի կվերաբերվեն թե թշնամիները և թե “բարեկամները”:
ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Yorumlar