Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հավանական է համարում այն տարբերակը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու օգտին հանդես եկող ՀՀԿ-ական պատգամավորների թիվը կարող է ավելանալ, և ՀՀԿ խմբակցության մեծ մասը կողմ կարտահայտվի այդ տարբերակին: Եվ դա դեկտեմբերին ընտրություններն անցկացնելու համար ճանապարհ կբացի: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ականները պետք է հասկանան, որ հեղափոխությունից հետո երկրում տրամադրությունները փոխվել են, մարդիկ ուզում են նոր Ազգային ժողով, նոր կառավարությունը պետք է խորհրդարանում մեծամասնություն ունենա:
«Ես համարում եմ դրական, որ ՀՀԿ-ական առանձին պատգամավորներ համաձայնություն են տալիս արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Բայց դա, ինչքան հասկանում եմ, դեռ բավարար չէ, լավ կլինի, եթե շարունակվի այդ պրոցեսը: Կարևոր է, որ պատգամավորների զգալի մասը հասկանան, որ արտահերթ ընտրությունները պետք են»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Ստեփան Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե հոկտեմբերի երկուսին Ազգային ժողովում տեղի ունեցած քվերակությունը ինչի հետ էր կապված և ինչու ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն միացան դրան:
«Իրենցից մենք այս հարցով սպառիչ պատասխան չենք ստացել, բայց, այնուամենայնիվ, հոկտեմբերի երկուսից հետո էլ ավելի պարզ դարձավ, որ հասարակությունն անզիջում է, հասարակությունը շատ հստակ սատարում է Նիկոլ Փաշինյանին ու կշարունակի սատարել: Եվ ես հուսով եմ, որ դա իր ազդեցությունը կունենա պատգամավորների վրա: Կարելի է ներքաղաքան պայքար տանել, պայքարել ընդդիմախոսի դեմ, բայց ժողովրդի դեմ պայքար տանելը ո՞րն է: Ես հուսով եմ, որ իրենք կհասկանան, որ հոկտեմբերի երկուսը վերջնականորեն իր տեղը դրեց ամեն ինչ»,- ասում է քաղաքագետը: Նրա խոսքով՝ հեղափոխության տրամաբանությունն էլ է հուշում, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են, սա պատգամավորները պետք է գիտակցեն:
Այն, որ ՀՀԿ-ական պատգամավորների մի մասն արդեն հայտարարել է, թե կողմ է դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացմանը, Ստեփան Գրիգորյանի խոսքով, նշանակում է, որ այդ կուսակցությունում տարաձայնություններ կան:
Քաղաքագետը նշում է, որ չի կարծում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պայմաններում պետք է առաջ տանի իր հրաժարականի հարցը: «Ես չեմ կարծում, որ հրաժարականի թեզը պետք է պահպանվի: Ինչո՞ւ, որովհետև երկրում լեգիտիմ ինստիտուտն այսօր կառավարությունն է ու վարչապետը: Ուստի ռիսկի դիմելը, այն պայմաններում, երբ դրսից ակնհայտ վտանգներ ունենք, սխալ է: Միակ լեգիտիմ մարմինը թուլացնելը սխալ կլինի: Իմ կարծիքով՝ Ազգային ժողովը պետք է արձակվի հետևյալ մեխանիզմով՝ բոլոր պատգամավորները պետք է վայր դնեն իրենց մանդատները»,- ասաց նա:
ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ