«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱՊՐԻ Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը
– Պարո՛ն Պողոսյան, այսօր Հայաստանը երկար դադարից հետո ընդունեց Չինաստանի նորանշանակ դեսպանին, սակայն հավատարմագրերի հանձնման ձևաչափը քննադատությունների տեղիք տվեց։ Դեսպանին ընդունել է ոչ թե արտգործնախարարը, այլ նրա տեղակալը։ Հիմնավո՞ր են այդ քննադատությունները, թե՞ ոչ:
– Ես դիվանագիտական արարողակարգին ամբողջությամբ չեմ տիրապետում, բայց որքանով տեղյակ եմ, հստակ բան է, որ հավատարմագրերի պատճենը հանձնվում է փոխարտգործնախարարին, իսկ հավատարմագրերը, բնականաբար, ընդունում է նախագահը, ինչը, կարծում եմ, որ մոտակա ժամանակներում կլինի, այսինքն՝ այստեղ ոչ մի արտառոց ու խնդրահարույց բան չկա:
– Օրերս Ադրբեջանի նախագահն էր պետական այցով Չինաստանում, այդ այցն ինչպե՞ս եք գնահատում, ու հնարավոր ի՞նչ ազդեցություններ կարող են լինել տարածաշրջանի և Հայաստանի համար:
– Հարավային Կովկասը Չինաստանի համար, եթե հետաքրքրություն է ներկայացնում, ապա ներկայացնում է որպես հավելյալ տարանցիկ առևտրական ուղի, որը հնարավորություն կտա ևս մեկ երթուղի ստեղծել դեպի Եվրոպական միություն: Նկատի ունեմ Չինաստան, Կենտրոնական Ասիա, Կասպից ծով, Հարավային Կովկաս, Եվրոպա ուղղությունը, որը հայտնի է որպես Միջին միջանցք, ինչն արդեն գործում է՝ Չինաստան, Ղազախստան, Ադրբեջան, Վրաստան՝ Սև ծովով Եվրոպա կամ Չինաստան, Ղազախստան, Կասպից ծովով Ադրբեջան, հետո Բաքու – Թբիլիսի – Կարս երկաթգծով ու Թուրքիայով դեպի Եվրոպա:
Չեմ կարծում, թե Չինաստանը այս պահին շատ այլ հեաքրքրություններ ունի Հարավային Կովկասում, պատահական չէ, որ նրանք ակտիվորեն մասնակցում են Վրաստանում նոր՝ Անակլյա նավահանգստի շուրջ ընթացող քննարկումներին, ու անցած տարի նույնիսկ նախնական հուշագիր ստորագրվեց Վրաստանի ու Չինաստանի միջև, ու այդ նավահանգստի կառուցման մրցույթում հաղթող ճանաչվեց չինական ընկերության կողմից ղեկավարվող կոնսորցիում: Չնայած դա անցյալ տարի էր, վերջնական պայմանագիր սակայն դրանից հետո չի կնքվել, ուստի շատ դժվար է ասել, թե արդյունքում այդ ընկերությունը նավահանգիստ կկառուցի՞, թե՞ ոչ, բայց ունենք փաստ, որ անցած տարի չինական կոնսորցիումն է հաղթել այդ մրցույթում:
Չեմ կարծում, որ Չինաստանը Հարավային Կովկասում, բացի տնտեսական ու, նախևառաջ տնտեսական-տարանցիկ շահերից, այլ շահեր ունի: Հասկանալի է, որ քանի դեռ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չեն կարգավորվել, սահմանները փակ են, մի փոքր բարդ է պատկերացնել, որ Հայաստանը կարող է ընդգրկվել Չինաստանի պատկերացրած տարանցիկ ծրագրերում:
Եթե փակ է Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա սահմանը, ապա պարզ է, որ Հայաստանը չի կարող դառնալ Չինաստան-Հարավային Կովկաս, Չինաստան-Կենտրոնական Ասիա, Կասպից ծով, Եվրոպա ուղի, բայց որպեսզի Հարավային Կովկասն ընդհանրապես դառնա տարանցիկ խոշոր ծրագրերի մաս, տարածաշրջանում պետք է կայունություն լինի:
Եթե չկա աշխարհաքաղաքական կայունություն, ապա շատ բարդ է պատկերացնել, որ որևէ տարածաշրջան կարող է դառնալ տարանցման ակտիվ երթուղի: Սա նշանակում է, որ Չինաստանը, բնականաբար, շահագրգռված չէ Հարավային Կովկասում նոր ռազմական գործողություններով ու նոր ապակայունացմամբ, որովհետև դա, արդեն ասացի, էականորեն բացասական ազդեցություն է ունենալու Հարավայի Կովկասի տարանցիկության վրա:
Սա իհարկե համապատասխանում է մեր շահերին, հետևաբար այս միտքը պետք է թե՛ պետական, թե՛ փորձագիտական մակարդակներով անընդհատ Հայաստանից ուղարկվի Չինաստան: Այս գաղափարն անընդհատ պետք է փոխանցել մեր չինացի գործընկերներին, որպեսզի նրանք, ինչքան որ շփվում են Ադրբեջանի հետ, իսկ մենք տեսնում ենք, որ դրանք ակտիվանում են, անցյալ տարի ստորագրվեց ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր, իսկ երկու շաբաթ առաջ, երբ Ադրբեջանի նախագահը պետական այցով Չինաստանում էր, ստորագրվեց համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր, այսինքն՝ Չինաստան-Ադրբեջան հարաբերությունները խորանում են, ինչը նշանակում է, որ Չինաստանն ունի ինչ-ինչ գաղափարներ ադրբեջանցիներին փոխանցելու համապատասխան խողովակներ:
Հետևաբար մեր չինացի գործընկերներին պետք է ասել, որ Ադրբեջանին հստակ ուղերձ հղեն՝ զերծ մնալ Հայաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողություններից, որովհետև դա կբերի երկարաժամկետ պատերազմի, ինչը կհանգեցնի Հարավային Կովկասի տարանցիկ ներուժի փոշիացմանը, ինչը, արդեն ասացի, չի բխում Չինաստանի շահերից:
Չեմ կարծում, թե Չինաստանն ունի առանձին կա՛մ հայկական, կա՛մ ադրբեջանական քաղաքականություն կա՛մ Վրաստանի նկատմամբ, որովհետև, ինչպես ասացի, Չինաստանի քաղաքականությունը տեղավորվում է տնտեսական-տարանցիկ շահերի մեջ:
– Տարբեր կարծիքներ են հնչում, թե Հայաստանը բավարար նախաձեռնողականություն չի ցուցաբերում Չինաստանի, Հնդկաստանի ու Մերձավոր Արևելքի հետ հարաբերությունների խորացման մասով: Համաձա՞յն եք այս գնահատականներին ու եթե այո, ապա ինչո՞վ է բացատրվում հայկական կողմի պասիվությունը:
– Մերձավոր Արևելքի ու Հնդկաստանի մասով՝ դժվար թե գնահատականներ տամ, բայց պետք է ընդունել, որ պաշտպանական համագործակցությունը Հնդկաստանի հետ վերջին երկու տարիներին հսկայական տեմպով է աճել՝ Հնդկաստանն այսօր Հայաստան զենքի թիվ մեկ մատակարարն է, հետևաբար ասել, որ հարաբերությունները բավարար չեն, գոնե պաշտոնական փաստերն այդ մասին չեն:
Մերձավոր Արևելքի հետ կապված՝ մենք տեսնում ենք, որ 2023-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Սաուդյան Արաբիայի հետ, անցյալ տարի արտգործնախարարն այցելեց, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առևտուրը բավականին աճեց, չնայած կան նաև բացասական զարգացումներ՝ նույն «Ֆլայ Արնայի» հետ կապված խնդիրը ու արևային էլեկտրակայանի կառուցման խնդիրը արդեն չորս տարի: Այսինքն՝ երկու դեպքում էլ քայլեր արվում են, իհարկե, կան բացասական որոշակի զարգացումներ, որոնք կախված են մեր պետական կառավարման համակարգի կամ հանրային կառավարման ինստիտուտների ոչ բավարար կամ պակաս ունակություններից:
Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա պարզ է, որ քաղաքական հարթության մեջ Հայաստանը Հարավային Կովկասում Չինաստանի հետ ամենացածր մակարդակի հարաբերություններն ունի: Արդեն ասացի, թե Ադրբեջանի ու Վրաստանի հետ Չինաստանը ինչ կարգի փաստաթղթեր ունի ստորագրած, իսկ Հայաստանի հետ դրանք չկա:
Սա օբյեկտիվ իրականություն է, բայց արդյոք այս պահին նման փաստաթղթի ստորագրումը բխում է Հայաստանի շահերից՝ բարդ է պատասխանել, որովհետև մյուս կողմից մենք տեսնում ենք, թե ինչպես են գնալով սրվում Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները: Այս պայմաններում գուցե Չինաստանի հետ նույն տիպի հռչակագիր ստորագրելը, ինչ կարգի արել է Վրաստանը 2023-ին, դժվար է ասել՝ Հայաստանին օգուտ կբերի, թե ոչ, թերևս դա պետք էր անել մինչև Թրամփի ընտրվելը: Այս պահին թերևս ճիշտ է Չինաստանի հետ ունենալ այն, ինչ ունենք մենք:
– Պարո՛ն Պողոսյան, շատ են քննադատությունները օրվա իշխանության հասցեին առ այն, որ իրենք սեփական օրակարգ չեն կարողանում առաջարկել ու հետամուտ լինել դրա իրացմանը: Եթե կա այս բացը, ապա ի՞նչ հետևանքներ է այն ունենալու Հայաստանի համար:
– Որքանով ես եմ պատկերացնում՝ Հայաստանի այս պահի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը Ադրբեջանի կողմից նոր հարձակման կանխումն է: Չնայած բոլոր պնդումներին, թե խաղաղության գործընթացը շարունակվում է, հասկանալի է, որ մենք բավականաչափ հեռու ենք խաղաղության պայմանագրի ստորագրումից, այսինքն՝ գտնվում ենք ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակում: Հետևաբար անհրաժեշտ է արտաքին դերակատարների կողմից միջամտություն, որոնք ունեն շահեր Հարավային Կովկասում և ազդեցություն Ադրբեջանի վրա, որպեսզի զսպեն հնարավոր նոր լայնածավալ հարձակումը Հայաստանի վրա, շեշտում եմ՝ լայնածավալ, որովհետև լոկալ հարձակումները, վախենամ, ոչ մեկը չի կարող կանխել:
Իմ պատկերացմամբ՝ ՀՀ արտաքին քաղաքականության հիմքը դա է, ու կառավարությունը գտնում է, որ էսկալացիայի կանխման արդյունավետ ճանապարհը առաջին՝ ժամանակ առ ժամանակ Ադրբեջանի պահանջների ընդունումն է, երկրորդ՝ Թուրքիայի հետ շփումների շարունակությունը, հույսով, որ գոնե Թուրքիան մեսիջներ կուղարկի Ադրբեջանին, որ առայժմ զերծ մնա էսկալացիայից:
Իհարկե միայն այս երկու ուղղությունը չէ, կան Ռուսաստանի հետ հարաբերություններ, Իրանի հետ տեսանք համատեղ զորավարժությունները, որոնք ևս տեղավորվում են այս տրամաբանության մեջ, բայց մյուս երկուսը, կարծես թե, իշխանության համար ավելի կարևոր են: Սրանք են իմ գնահատմամբ օրվա իշխանության այս պահի առաջնահերթությունները, ու դրանց սպասարկման համար են արվում քայլերը:
Քրիստինե Աղաբեկյան