KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Rusya
  4. »
  5. Բենիամին Պողոսյան: Կասկածում եմ՝ Ռուսաստանը համաձայնի, որ Թուրքիան ստանձնի միջնորդի դերը

Բենիամին Պողոսյան: Կասկածում եմ՝ Ռուսաստանը համաձայնի, որ Թուրքիան ստանձնի միջնորդի դերը

Պարոն Պողոսյան, որքանո՞վ եք հավանական համարում նոր ռազմական գործողությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, և ո՞ր կողմն է շահագրգռված դրանով։

Kafkassam Editör Kafkassam Editör - - 8 dk okuma süresi
304 0

Վերջին շրջանում սրվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջեւ հարաբերությունները։ Հնարավոր է արդյոք նոր պատերազմի վտանգ, քանի որ երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են սադրանքի դիմելու մեջ, իսկ Ուկրաինան սահմանին կուտակել է ավելի քան 125․000 թվաքանակով զորք։
«Ա1+»-ի զրուցակիցը քաղաքագետ Բենիամին Պողոսյանն է։

Պարոն Պողոսյան, որքանո՞վ եք հավանական համարում նոր ռազմական գործողությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, և ո՞ր կողմն է շահագրգռված դրանով։
Ես որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է Ռուսաստանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսի Ուկրաինայի դեմ։Եթե Ռուսաստանը սկսի ռազմական գործողություններ, ապա իր համար 3 խնդիր կառաջանա․ առաջինը՝ Եվրոպական «ծանր քաշային» պետությունները հարկադրված են լինելու ամբողջությամբ անցնել ԱՄՆ-ի կողմը՝ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Երկրորդը՝ ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը հրաժեշտ է տալու Հյուսիսային հոսք 2 գազամուղին և գազամուղը չի աշխատի և երրորդ՝ Ռուսաստանի դեմ կկիրառվեն ավելի կոշտ սանկցիաներ։

Իսկ եթե Ուկրաինան սկսի ռազմական գործողություններ Ռուսաստանի դեմ, ապա դա կարվի ԱՄՆ-ի դրդմամբ, իսկ ԱՄՆ-ն որոշակի հիմքեր ունի, որովհետև նոր լայնածավալ էսկալյացիան հնարավորություն կտա չեղարկել Մինսկյան համաձայնագիրը, բացի այդ, դա հնարավորություն կտա փոխել բանակցությունների ձևաչափը, կձևավորվի Նորմանդյան նոր քառյակ և ԱՄՆ-ն կներգրավվի որպես բանակցային կողմ, իսկ Ռուսաստանը կդառնա հակամարտող կողմ։
Ըստ Մինսկյան համաձայնագրի՝ Ռուսաստանը հակամարտող կողմ չէ։
Հետևաբար, Ռուսաստանը պատճառ չունի ռազմական գործողություններ սկսելու, իսկ ԱՄՆ-ն ունի հիմքեր Ուկրաինային դրդելու գնալ էսկալյացիայի։
Եթե լինեն լայնածավալ ռազմական գործողություններ, Ուկրաինան կարո՞ղ է արևմուտքից ռազմական օգնություն ակնկալել, ոչ միայն զինատեսակների, այլև զորքի տեսքով։
Դժվար հարց է, բայց եթե սկսվեն ռազմական գործողություններ, պարզ է, որ ամերիկյան զորքերի թիվը ՆԱՏՕ-ի Արևելյան երկրներում կտրուկ կավելանա, այսինքն բավականաչափ մեծ թվով ամերիկյան զորքեր կտեղակայվեն Լեհաստանում և Ռումինիայում։
Ռազմական գործողությունների պայմաններում Ուկրաինայում զորքեր տեղակայելը նշանակում է, առնվազն տեսականորեն հնարավորություն Ռուսաստան-ՆԱՏՕ, կամ Ռուսաստան-ԱՄՆ ռազմական նոր բախման, որը շատ վտանգավոր է, որովհետև կարող է ընդհուպ հասնել միջուկային զենքի կիրառման։ Այնպես որ նման կանխատեսում անելը բարդ է, թե արդյոք ՆԱՏՕ-ի անդամ պետությունները զորքեր կարող են տեղակայվել Ուկրաինայում։
Իսկ պատերազմը կործանարար չի՞ լինի Ուկրաինայի համար։
Ամենայն հավանականությամբ, այո՝ կործանարար կլինի։ Ինչպես վերլուծաբաններն են նշում, եթե ԱՄՆ-ի դրդմամբ Ուկրաինան սկսի ռազմական գործողություններ, ապա դա Ռուսաստանի համար վտանգ չի լինի, դա վտանգ կլինի Ուկրաինայի պետականությանը։ Այսինքն, լուրջ հարվածներ կհասցվի Ուկրաինայի կենսական ենթակառուցվածքներին և ոչ միայն հարավ-արևելքում, այլև մայրաքաղաքում և նույնիսկ արևմտյան կամ հարավ արևմտյան շրջաններում։ Ենթակառուցվածքներ ասելով՝ նկատի ունեմ թե ռազմական, թե տնտեսական։ Այդ դեպքում Ուկրաինան տնտեսապես 30-40 տարի հետ կընկնի։

Կարծես թե ԱՄՆ-ն և Ռուսաստանը չեն ցանկանում ուղիղ առճակատման գնալ։ Հնարավո՞ր եք համարում դիվանագիտական ճնշման ներքո Ղրիմի հարցի լուծումը ի վնաս Ռուսաստանի շահերի, թե ելքը կարող է վճռվել միայն պատերազմի միջոցով։
Ղրիմի հարցը ոչ դիվանագիտական ճնշմամբ և ոչ էլ պատերազմով չի լուծվի ի վնաս Ռուսաստանի։ Բոլորն են հասկանում, որ Ղրիմը Ռուսաստանի մաս է և այն Ռուսաստանից պոկել կստացվի միայն Ռուսաստանի փլուզմամբ, այսինքն 1917 թվականի կրկնություն՝ հեղափոխություն, քաղաքացիական պատերազմ և այլն, որի հավանականությունը մոտ է զրոյի։ Կամ էլ Ռուսաստանի պետք է լինի ՌԴ-ի ռազմական պարտություն, իսկ այսպիսի պատերազմը կարող է հանգեցնել լայնածավալ միջուկային պատերազմի, որը կբերի երկրագնդի ոչնչացման, այսինքն չի լինի որ Ռուսաստան, ոչ Միացյալ Նահանգներ և ոչ էլ Եվրոպա։
Հետևաբար, Ղրիմի հարցը փակված է այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանում նոր քաղաքացիական պատերազմ, հեղաշրջում տեղի չի ունենա, որի հավանականությունը զրոյին մոտ է։
Ինչ վերաբերվում է Դոնեցկին և Լուգանսկին, ապա այստեղ երկու տարբերակ կա, կամ Ստատուս քվոն շարունակվում է, կամ էլ Ուկրաինայում տեղի է ունենում իշխանափոխություն և իշխանության են գալիս ոչ բացահայտ արևմտամետ և ամերիկամետ ուժեր, որոնք Ռուսաստանի նկատմամբ կունենան չեզոք դիրքորոշում։ Այդ դեպքում հնարավոր է, որ Դոնեցկը և Լուգանսկը հատուկ կարգավիճակով հետ վերադառնան Ուկրաինային՝ սակայն ունենալով բավականաչափ ինքնավարության մակարդակ։
Թուրքիան ևս ցանկանում է մտնել խաղի մեջ և միջնորդ հանդիսանալ Ռուսաստանի և Ուկրաինայի համար։ Ինչպե՞ս սա կազդի Ռուսաստանի վրա և ի՞նչ է ցանկանում շահել Թուրքիան։
Մի փոքր կասկածում եմ, որ Ռուսաստանը կհամաձայնի, որ ՆԱՏՕ-ի անդամ պետություն Թուրքիան, որը բացահայտ Ուկրաինայի դիրքորոշումն է պաշտպանում, ստանձնի միջնորդի դերը։
Ուկրաինայի հարցում Թուրքիայի դիրքորոշումը շատ հստակ է, իրենք հայտարարում են, որ Ղրիմը անեքսիայի է ենթարկվել Ռուսաստանի կողմից ապօրինի ձևով և Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային։ Այսինքն՝ նրանք Ուկրաինայի դիրքորոշումն են պաշտպանում։ Իմ դիտարկմամբ Ռուսաստանը դժվար թե համաձայնի Թուրքիային դիտարկել միջնորդ պետություն։ Բայց եթե ստացվի, ապա Թուրքիան միանշանակ կշահի, քանի որ նա միջնորդ կհանդիսանա ոչ միայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, այլև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, իսկ դա աշխարհաքաղաքական առումով մեծ առավելություններ է տալու Թուրքիային։
Եվ չշրջանցելով Թուրքիայի թեման, Էրդողանը ունի նաև ներքին բազմաթիվ խնդիրներ՝ սկսած լիրայի արժեզրկումից ու տնտեսական ճգնաժամից, մինչև իշխանության հեռացման պահանջ։ Կհաջողվի արդյոք Էրդողանին պահել իշխանությունը և ի՞նչ գնով։
Բարդ է գնահատական տալ, բայց ամեն դեպքում կարծում եմ որ Թուրքիայում արտահերթ ընտրությունների անցկացումը շատ քիչ հավանական է, վերջին հաշվով ընդամենը 1,5 տարի է մնացել մինչև հերթական նախագահական ընտրություններին։ Էրդողանը նաև հասկանում է, որ տնտեսական ծանր ճգնաժամի ընթացքում, եթե անցկացնի արտահերթ ընտրություններ, ապա կմեծանա իշխանությունից զրկվելու հավանականությունը։ Կարծում եմ, որ նրան կհաջողվի խուսափել արտահերթ ընտրություններից, իսկ թե ինչ արդյունք կգրանցվի հերթական ընտրությունների ժամանակ, դա շատ բարդ է գուշակել։ Կախված կլինի բազմաթիվ գործոններից, օրինակ, թե ովքեր կլինեն Էրդողանի քաղաքական հակառակորդները, կամ արդյոք ընդդիմությունը կկարողանա միավորվել և միասնական թեկնածուով հանդես գալ։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir