2020-ի պատերազմում կրած ջախջախիչ պարտության և ադրբեջանական զորքերի կողմից ՀՀ տարածքի մի մասի օկուպացիայի պայմաններում փորձագիտական շրջանակներում ակտիվորեն քննարկվում էր հարցը, թե որքանով է նպատակահարմար Հայաստանի մասնակցությունը ԱՄՆ նախագահ հրավիրած ժողովրդավարության գագաթնաժողովին, միջոցառում, որը որոշակիորեն հակառուսական և հակաչինական ուղղվածություն ունի։
Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումների մեկնարկի մասին հայտարարել է դեռ 1991-ին, և չնայած տարաբնույթ ցնցումներին, վերջին երեսուն տարիների ընթացքում այս ուղղությամբ գրանցել է հաջողություններ։ Հասկանալի է, որ Հայաստանը չէր կարող մերժել մասնակցության հրավերը, սակայն այն չպետք է լիներ ինքնանպատակ։ Համաժողովին ելույթի հնարավորությունը Հայաստանը պետք է օգտագործեր ավելի քան հարյուր պետությունների ղեկավարներին կոնկրետ ուղերձներ հղելու համար։ Ցավոք, Հայաստանի վարչապետի ելույթում նման ուղերձները բացակայում էին։ Իսկ ելույթի հիմնական մեխը պետք է լիներ հետևյալ միտքը.
«1991-ին ձեռնամուխ լինելով ժողովրդավար պետության կառուցմանը՝ հայ ժողովուրդը, չնայած տարատեսակ դժվարություններին, էական առաջընթաց է արձանագրել այդ ճանապարհին։ Ցավոք, վերջին տասնչորս ամիսների ընթացքում հայ ժողովրդի հավատը ժողովրդավարության նկատմամբ սասանվել է։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երկու ավտորիտար պետություններ, որոնց ժողովրդավար նորմերից հեռու լինելը հաստատվել է նաև այս գագաթնաժողովին վերջիններիս բացակայությամբ, միջազգային և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների ուղեկցությամբ 2020-ի սեպտեմբերի վերջին լայնածավալ պատերազմ հայտարարեցին չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որը արևմտյան հեղինակավոր ոչ կառավարական կառույցների գնահատմամբ՝ ժողովրդավարության մակարդակով գերազանցում է նշված երկու պետություններին։ Ցավոք, ժողովրդավարական պետությունների համայնքը ո՛չ պատերազմի ընթացքում, ո՛չ էլ պատերազմի ավարտից հետո անցած տասներեք ամիսներին պատժամիջոցներ չի կիրառել այդ երկու պետությունների և նրանց ռազմաքաղաքական վերնախավի նկատմամբ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի փաստարկված խախտումների պայմաններում՝ չնայած առկա են պատժամիջոցների գործարկման համապատասխան մեխանիզմներ։ Այնուամենայնիվ, չնայած այս հիասթափությանը, հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը՝ դա դիտարկելով որպես կայուն զարգացում ապահովելու անհրաժեշտ միջոց»։
Մինչդեռ Հայաստանի վարչապետն իր ելույթում նորից նշեց Հայաստանում բաժանարար գծերի մասին՝ տարանջատելով 1991 – 2018 թթ. ընթացքը 2018 -2021 թթ. պատմությունից։ Անհասկանալի էր վարչապետի ակնարկը, որ Հայաստանում ժողովրդավարությունն ամրապնդելու ամենամեծ մարտահրավերը անվտանգությանը ռազմական բնույթի սպառնալիքներն են։ Անհասցե և կոնկրետությունից զուրկ այս արտահայտությունը կարող է ընկալվել որպես պնդում այն մասին, որ ժողովրդավարությունները բավարար չափով չեն ապահովում պետությունների անվտանգությունը։ Սա վտանգավոր դիրքորոշում է, որովհետև քննարկումը տեղափոխում է ժողովրդավարությունն ընդդեմ անվտանգության դիսկուրս՝ ակնարկելով, որ պետությունները պետք է կա՛մ լինեն ժողովրդավար, բայց չունենան բավարար անվտանգություն, կա՛մ լինեն անվտանգ, բայց ոչ ժողովրդավար։
Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ընդունելով ճիշտ որոշում և չմերժելով «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին մասնակցության հրավերը, Հայաստանը չկարողացավ այս հարթակն օգտագործել միջազգային հանրությանը իր շահերն առաջ մղող ուղերձներ հղելու համար։
Գագաթնաժողովի և նրա աշխարհաքաղաքական բաղադրիչի մասին
Դեկտեմբերի 9-ից 10-ը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց տեղի ունեցավ «Հանուն ժողովրդավարության» միջազգային առաջին համաժողովը։ Դրա անցկացումը լիովին տեղավորվում է Բայդենի առաջ քաշած «Ամերիկան վերադարձել է» և «ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները վերագտել են իրենց դերը որպես ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հիմնասյուներ» կարգախոսների տրամաբանության մեջ։ Համաժողովի պաշտոնական նպատակ էր հռչակվել միավորել ժողովրդավար պետություններին, ցույց տալ, որ ժողովրդավարություններն ի վիճակի են ապահովել մարդկության առջև ծառացած առավել սուր հիմնախնդիրների լուծումը և համատեղ պայքար մղել ավտորիտարիզմի դեմ։
Հասկանալի է, որ ինչպես ցանկացած միջազգային նախաձեռնություն, համաժողովի անցկացումը ևս ուներ աշխարհաքաղաքական էական ուղղվածություն։ Աշխարհը թեև դանդաղ, սակայն անխուսափելիորեն հրաժեշտ է տալիս 1991-ին ձևավորված միաբևեռ համակարգին և մուտք է գործում մեծ տերությունների մրցակցության դարաշրջան։ Այստեղ ԱՄՆ-ի հիմնական մրցակիցները Չինաստանն ու Ռուսաստանն են, և հասկանալի է, որ Վաշինգտոնն ամեն ինչ անելու է նրանց դեմ պայքարում հնարավորինս շատ պետություններ ներգրավելու համար, այդ թվում պայքարին գաղափարական հենք հաղորդելու միջոցով։ Աշխարհաքաղաքականության հետևանք էին նաև գագաթնաժողովին այնպիսի պետությունների մասնակցությունը, որոնք հենց արևմտյան կառույցների գնահատմամբ բավականաչափ հեռու են լիբերալ ժողովրդավարությունից։
Դեկտեմբերի 9-10-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց կայացած «Հանուն ժողովրդավարության» միջազգային առաջին համաժողովին ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ չհանդիսացող նախկին խորհրդային հանրապետություններից համաժողովին հրավիրվել էին Հայաստանը, Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան։ Վերջին երեք պետ
ԲԵՆԻԱՄԻՆ ՊՈՂՈՍՅԱՆ