Արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ Մեդիա կենտրոնում անցկացվել է քննարկում գիտության խնդիրների եւ դրանց լուծման համար անհրաժեշտ քայլերի շուրջ, որոնք պետք է անի Հայաստանի իշխանությունը ստանձնելու պայքարում հայտ ներկայացրած ուժը՝ հաղթելուց հետո։
ԵՊՀ դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արսեն Թավադյանը քննարկման ժամանակ ներկայացրել է այն հիմնաքարային 4 խնդիրները, որոնք պետք է լուծել Հայաստանում գիտության կառավարումը ճիշտ ուղու վրա դնելու եւ զարգացում ակնկալելու համար։
Խնդիր №1
Գիտությունը, ինչպես ցանկացած մարդկային հարաբերություն, համակարգ է ենթադրում, ուստի Հայաստանում գիտության խնդիրները թվարկելիս՝ Արսեն Թավադյանը նախ մատնանշում է համակարգային կառավարման բացակայությունը։ Գիտության կառավարման նպատակներից մեկը փոքր ռեսուրսներով արդյունքը մաքսիմալիզացնելն է, այսինքն՝ բարձրացնել արդյունավետությունը, քչացնել ծախսը։ Մեզ մոտ, ըստ Արսեն Թավադյանի, չկա համակարգ, որը կանի դա։
«Աշխարհում գիտության կառավարման համակարգերը տարբեր են, բայց, ըստ էության, ամեն ինչ հանգում է երկու մոդելի՝ կա կենտրոնացված կառավարման մարմին, եւ առանձին ինստիտուտներ, որոնք իրականացնում են իրենց կառավարումը։ Մեզ մոտ խորհրդային տարիներին ձեւավորված համակարգը ԳԱԱ-ն է, որը իրականում զուտ խորհրդային համակարգ չէ, ամբողջ աշխարհում գործում է, բայց, ցավոք, մենք այդպես էլ չհասկացանք, թե ինչպես ակադեմիան ներառել գիտության համակարգի մեջ եւ կառավարել»,- ասել է նա։
Խնդիր №2
Երկրորդ խնդիրն այն է, որ Հայաստանում չենք պատկերացնում, որ գիտությունը չի կառավարվում տնտեսական կանոնով։
«ՀՀ բոլոր իշխանությունները, ցավոք, գիտությանը մոտեցել են տնտեսական մեթոդաբանությամբ, այն է՝ եթե դու ներդնում ես գումար, պետք է ստանաս արդյունք»,- ասել է Արսեն Թավադյանը։
Եթե, գոնե, բնական գիտությունների պարագայում հնարավոր է ակնկալել որոշակի իրական արդյունք, թեկուզ ինչ-որ ժամանակաշրջան անց, հասարակական գիտությունների պարագայում արդյունք ակնկալել անհնար է, ասել է նա։
«Այնինչ, մեզ մոտ հասարակագիտական գիտությունների բարձիթողի վիճակի հետեւանքով՝ ունենք կառավարման ճգնաժամ»,- ասել է իրավաբանը։
Խնդիր №3
Արսեն Թավադյանի բնորոշմամբ՝ Հայաստանում խզված է կապը հանրակրթության, բարձրագույն կրթության եւ հետբուհական կամ գիտական գործունեության միջեւ։
«Մեզ մոտ կրթությունը գնում է էլիտարիզմի ուղով։ Այսօր կրթությունը ոչ ներառական է դարձել: Ցավոք, որեւէ կուսակցության գաղափարախոսության մեջ չեմ տեսնում կրթությունն ավելի ներառական դարձնելու գործուն քայլեր: Արդյունքում ստացվում է, որ այն անձանց, ովքեր ֆինանսական ռեսուրսներ չունեն, կտրում ենք կրթությունից, գիտությունից, դա իր հերթին բերում է մրցակցության նվազմանը»։
Խնդիր №4
Հայաստանում գիտությունը պետք է ունենա բազային ֆինանսավորում՝ գիտնականի բավարար մշտական վարձատրությամբ։
«Պետք է լինի նաեւ ծրագրային ֆինանսավորում, բայց չի կարելի գիտնականին ասել, «Դու 50 հազար դրամ ես վարձրատրվում, ես քեզ 150 հազար դրամ կվճարեմ, եթե բիզնես պլան գրես»։ Սա աբսուրդ է։ Գիտնականն իրենով չի կարող բիզնես պլանին համարժեք ծրագիր գրել, դրա համար վերադառնում ենք առաջին խնդրին՝ պետք է լինի համակարգ, որը կանի այդ աշխատանքները, իսկ գիտնականը կզբաղվի միայն գիտությամբ»,- ասել է Արսեն Թավադյանը։
Ցածր ֆինանսավորման պարագայում, ըստ նրա, գիտության մեջ ունենում ենք 20 տոկոս էնտուզիաստներ, որոնք աշխատում են զուտ ֆանատիզմի հիման վրա եւ 80 տոկոս անձինք, որոնք չեն կարող գտնել իրենց այլ ոլորտում։ Ինչ վերաբերում է բյուջեի ծախսերին, նա կարծում է, որ մեզ մոտ բյուջեի ծախսման արդյունավետությունը շատ ցածր է։
Արսեն Թավադյանը նկատել է, որ եթե խորհրդային տարիներին Հայաստանում գիտությամբ զբաղվում էր հասարակության 1 տոկոսը, ապա այժմ 0,1 տոկոսը:
«Երբ հասարակության 1 տոկոսը գիտությամբ է զբաղվում, դու որակապես այլ հասարակություն ունես», – շեշտել է նա:
Գիտության ֆինանսավորման ավելացման, բուհերի ինքնավար տնտեսավարման հնարավորության ստեղծման եւ վերը նշված խնդիրների լուծման պարագայում, ըստ Արսեն Թավադյանի, մենք բոլորովին այլ համակարգ կունենանք, որը թույլ կտա ավելացնել գիտնականների թիվը, ինչը «անուղղակի տնտեսական էֆեկտ միանշանակ կապահովի»։։
Խնդիրները՝ Գիտուժի տեսանկյունից
Գիտուժ նախաձեռնության անդամ,«Robomart» ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Տիգրան Շահվերդյանն ասել է, որ գլխավոր խնդիրն այն է, որ երիտասարդների համար գիտնականի կարիերան Հայաստանում գրավիչ չէ, ինչի հետեւանքով ունենք գիտնականների քանակի ահռելի անկում։
«Կիրառական հետազոտությամբ զբաղվող գիտնականներ Հայաստանում գրեթե չեն մնացել: Եկել ենք մի վիճակի, որ նորմալ մարդկային կապիտալ եւ ենթակառուցվածք չունենք պատվերները կատարելու համար։ Հայաստանում մնացել են հիմնականում հիմնարար հետազոտությամբ զբաղվող գիտնականներ, որոնք կարող են ինչ-որ պատվեր կատարել, բայց միեւնույնն է, իրենց հիմնական գործունեությունը հիմնարար հետազոտություններն են»,- ասել է նա։
Հայաստանում կա նաեւ բազային սարքավորումների հնամաշության խնդիր, չկա խրախուսման համակարգ, թե ինչպես ենք գիտության եւ մասնավորի կամ գիտության եւ պետության կապն ապահովում։
Այս խնդիրների լուծման համար, ըստ Տիգրան Շահվերդյանի, ենթակառուցվածք եւ մարդկային, գիտական կապիտալ ստեղծելու առաջամարտիկը պետությունն է միշտ, հետագայում արդեն այդ ստեղծված կապիտալը սկսում է ծառայել թե պետական, թե մասնավոր պատվերների կատարմանը։
Գիտուժ նախաձեռնության անդամ, Earlyone-ի եւ Limetech-ի հիմնադիր Գեւորգ Սաֆարյանն էլ մատնանշել է մեծ նպատակների բացակայության խնդիրը։
«Եթե ուզում ենք հզոր Հայաստան, պետք է ունենանք հզոր գիտություն, որը գիտելիքով է սնում բոլոր ոլորտները եւ մեր տնտեսական, ռազմական եւ ընդհանրապես զարգացման հենասյունն է»,- ասել է նա։
Գիտուժ նախաձեռնության եւ ԱՏՁՄ վարչության անդամ Խաչիկ Նազարյանը, լրացնելով գործընկերներին, ասել է, որ պետք է ապահովել երկարաժամկետ եւ անընդհատ աճով ֆինանսավորումը, երիտասարդների հոսքը դեպի գիտություն, Սփյուռքի ներուժի օգտագործման հնարավորությունների ստեղծումը, ոչ միայն բնական, այլեւ հասարակագիտական եւ հումանիտար գիրություններին ուշադրության հատկացումը։
Մարի Թարյան